«ԱՆԻՎ» հիմնադրամը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Ժառանգություն և Առաջընթաց» հիմնադրամը հրատարակել են Գառնիկ Բանյանի (1910-1989) «Հուշեր մանկության և որբության մասին. ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» հուշերի ռուսերեն թարգմանությունը։
Գրքում փոքր երեխայի աչքերով ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Պատումն սկսվում է Բանյան ընտանիքի հաշտ և ստեղծարար կյանքի նկարագրմամբ Արևմտահայաստանի հայրենի գյուղում։ Իրադարձությունների հանդարտ ընթացքն ընդհատվում է Առաջին համաշխարհային պատերազմով, որի սկսվելուց հետո Գառնիկի հայրը զորակոչվում է օսմանյան բանակ (և, հավանաբար, զոհվում է), իսկ որոշ ժամանակ անց ընտանիքի մնացած մասն իշխանությունների հարկադրմամբ ստիպված է լինում հեռանալ հայրենի եզերքից։
Հուշերում մանրամասն նկարագրված են արտաքսման սարսափները, սիրիական անապատում Բանյան ընտանիքի անդամների մեծ մասի, այդ թվում Գառնիկի մոր, եղբոր և քրոջ մահը քաղցից և հիվանդություններից։
Հուշերի հեղինակն ինքը հայտնվում է Լիբանանի տարածքում, Անտուրի օսմանյան որբանոցում, որտեղ ընդհանուր առմամբ անցկացնում է չորս տարի։ Գրքում նկարագրված է հայ երեխաների հանդեպ նպատակաուղղված ծաղրուծանակը որբանոցում, որի նպատակն էր պարտադրված թրքացումը և այն, որ նրանք կորցնեն հայ ազգային ինքնության (ընդհուպ մինչև անունները) ցանկացած նշան։ Հեղինակն առանձնապես ընդգծում է հայ երեխաների ոգու ամրությունը, որոնք օսմանյան ուսումնական (փաստացի՝ պատժիչ) հաստատության ծանր պայմաններում դիմակայում էին բռնի ուծացմանը, պահպանում հայերենն ու հավատարմությունը հայկական մշակույթին։
Հուշերի վերջում նկարագրվում են Գառնիկ Բանյանի և մյուս որբերի ազատագրումն Անտուրի որբանոցից, նրանց հայտնվելը Այնթափի, Ջեբեյլի և Բեյրութի որբախնամ հաստատություններում 1919-1920թթ.։
Գիրքը գիտական հրատարակություն է, այն ունի նախաբան և տեքստի մեկնաբանություններ։ Գիրքն ունի նաև անվանացանկ և աշխարհագրական տեղանվանացանկ։ Գրքի հավելվածում տեղ են գտել «Օգնություն Մերձավոր Արևելքին» (Near East Relief) բարեգործական կազմակերպության աշխատակից Սթիվեն Թրոուբրիջի գրառումը, որն անձամբ է դիտարկել Արևմտյան Հայաստանից հայ ընտանիքների արտաքսման հետևանքները և հայ երեխաների և պատանիների բռնի թրքացումը, հոդվածներ Գառնիկ Բանյանի հուշերի առանձնահատկությունների (Եվգենի Գուրինով) և ցեղասպանության տարիներին հայ որբերի հանդեպ օսմանյան կառավարության քաղաքականության մասին (Նարինե Մարգարյան), թեմատիկ լուսանկարներ։
Գառնիկ Բանյանի հուշերը նախատեսված են ինչպես մասնագետների, այնպես էլ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրվողների համար։
Հայաստանում եւ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները գիրքը կարող են պատվիրել հետեւյալ կայքէջում՝ https://www.wildberries.by/catalog/379326631/detail.aspx
orer.eu



