Բեռլինում տասներորդ անգամ մեկնարկեցին գերմանահայկական մշակութային օրերը

  • 07.05.2025
  • 0
  • 623 Views

Մայիսի 2–ին՝ Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանն, արդեն տասներորդ անգամ հանդիսավորությամբ մեկնարկեցին ամենամյա գերմանահայկական մշակութային օրերը։ Այն կազմակերպում է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ–ն։ Ավանդաբար մշակութային օրերն սկսվում են ցուցահանդեսի բացմամբ, որն այս տարի ամփոփում էր անցած տաս տարիները և կրում «Հայերի վիզուալ արվեստը Գերմանիայում՝ անհատական նախաձեռնությունների բյուրեղացում, հետահայաց և կապակցում» խորագիրը։ Նախորդ ինը տարիներից ներկայացված էին 25 հայ արվեստագետների 37 աշխատանքներ՝ այդ թվում գեղանկարներ, քանդակներ, լուսանկարներ, կոլաժներ։ Իսկ այս տարի հրավիրյալ արվեստագետն էր դր․, պրոֆ․ տիկին Անուշ Եղիազարյանն՝ իր 5 գոբելեն աշխատանքներով։

Մշակութային օրերի տասնամյակի կապակցությամբ կազմակերպիչները համատեղ ուժերով լույս են ընծայել նաև անցած ինը տարիներն ամփոփող պատկերագիրք։ Դրանում կարելի է մանրամասնորեն ծանոթանալ նախորդ տարիների մշակութային օրերի ողջ ընթացքին։

Ողջույնի խոսքով նախ ելույթ ունեցավ ՀԵՄԱ ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը։ Նա կարճառոտ հիշեց անցած ինը տարիները․ հիշատակեց բեռլինաբնակ հասարակական, քաղաքական գործիչ, լուսահոգի տիկին Ալինա Պետցոլդ–Մարտիրոսյանին, երբ տասը տարի առաջ միասին էին մտորում գերմանահայկական մշակութային օրեր նախաձեռնելու մասին։ Վերհիշելով ու պատմելով այս բոլոր տարիների բեղմնավոր անցուդարձը՝ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել միջոցառումներին կամ դրանց կայացմանը և իբրև երախտիք մի շարք պաշտոնյաների և անհատների նվիրեց պատկերագրքից (թաղապետ պարոն Մարտին Շեֆերին, Կարլսհորստ մշակույթի տան տնօրեն տիկին Կատրին Քրյուգերին, ՀՀ դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանին և այլոց)։

Հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրեց տիկին Սրբուհի Մարտիրոսյանի «Արթնացե՛ք մարդիկ, մարդիկ աշխարհի» նոր երգը, որն այսուհետ մշակութային օրերին ամեն անգամ կներկայացվի։

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետ պարոն  Մարտին Շեֆերն իր ելույթի խոսքում նշեց, որ իրենք միշտ սիրով են հայկական մշակութային օրերին այո ասում։  «Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ՝ գերմանահայկական մշակութային օրերի տասնամյակին պատիվ ունեմ խոսելու։ Տաս տարին բավականին մեծ ժամանակ է՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մշակույթը հայտնի պատճառներով տուժել է, հետնահանջ է ապրել։ Մշակույթը պահելը կարևոր է։ Եվ, բնականաբար, մեր մշակույթները տարբեր են, այդպես էլ պետք է լինի, այլապես բազմազանություն չէր լինի։ Սա մեզ բոլորիս հարկավոր է առաջ քայլելու համար։ Կարծում եմ՝ այս տասը տարիների ընթացքում մեզ հաջողվեց միասին փոխշահավետ աշխատել, իրար վստահել։ Համոզմունք ունեմ, որ մեր ընկերությունն ամուր է և հարկավոր է շարունակել։ Ի դեպ, մենք մտադրություն ունենք Բեռլինի Լիխտենբերգ թաղամասը կապել Երևանի Կենտրոն թաղամասի հետ»,– նշեց պարոն Շեֆերը։

Իսկ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց մշակութային օրերի կազմակերպիչներին տաս ամյակի կապակցությամբ և հայկական համայնքին շնորհակալոթյուն հայտնեց՝ նշելով, որ կարևոր դերակատարում ունեն երկու երկրների հարաբերությունների կառուցման մեջ և մասնավորապես մեր երկրից մշակութային բազմազանություն են բերում Գերմանիա։

Ցուցահանդեսի համադրող  Արչի Կալենցը (Գալենց) ներկայացրեց պատկերաշարը, խոսեց ընտրված կտավների ու լուսանկարների, արվեստագետների մասին, ամփոփեց տասը տարիների ձեռքբերումները, ապա խոսքը փոխանցվեց այս տարվա հյուրին՝ գոբելենագործ տիկին Անուշ Եղիազարյանին։

Նա, ներկայացնելով առահասարակ գոբելենն իբրև արվեստի առանձին ճյուղ, նրա առանձնահատկություններն ու ակունքները,  հանդիսատեսին ցուցադրեց մի շարք գոբելենագործ աշխատանքներ՝ իր և հայրիկի ստեղծագործություններից։

«Սիրելի՛ ներկաներ, ինձ համար այստեղ Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է։ Դեկորատիվ կիրառական արվեսի ու մասնավորապես գոբելենագործության մասին խոսելով, սիրով կուզեի հիշատակել գերմանացի ուսումնասիրող, արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնին, ով ապացուցել է, որ աշխարհում ամենահին գորգը հայերն են գործել։ Գոբելեն առաջին անգամ Եվրոպա է եկել տասներկուերորդ դարում խաչակրաց արշավանքների միջոցով։ Եվ այժմ Եվրոպայի ամենահին գոբելենագործը գտնվում է Գերմանիայի Հալբերշտադտի եկեղեցում։ Հայրս՝ Կարապետ Եղիազարյանը, երկար՝ մոտ յոթ դար, ընդմիջումից հետո նորից վերստեղծեց այս արվեստը Հայաստանում։ Ցավոք, մեծ, ծավալային աշխատանքները, որ շքեղ գործեր են, տոննաներ են կշռում և հնարավոր չէր բերել ցուցադրության»,– իր ելույթի խոսքում պատմեց տիկին Եղիազարյանը և ավարտին հոր աշխատանքների մասին սեփական աշխատությունը նվիրեց թաղապետ պարոն Մարտին Շեֆերին։ 

Ինչպես զրուցակիցս՝ տիկին Եղիազարյանը ներկայացրեց, գոբելենը շատ երկար զարգացում է ապրել։ Համարվել է շքեղություն և թագավորներին հասանելի արվեստի տեսակ, որովհետև գոբելեն ստեղծելը եղել և մնում է շատ աշխատատար գործ։ Յուրաքանչյուր ստեղծագործության վրա ամիսներ, տարի կամ տարիներ են ծախսվում։ Գոբելեններով ներկայանալի ցուցահանդես անելու համար առնվազն տասը տարի է հարկավոր։ Եվ չնայած այս դժվարություններին տիկին Եղիազարյանը շարունակում է միայն այս արվեստի ճյուղը ներկայացնել։

«Կարելի է ասել՝ ես թելերի մեջ եմ ծնվել։ Ես շարունակում  եմ իմ հայրիկի գործը, շատ եմ սիրում։ Հիմա իմ պարտքն եմ համարում գոբելենի արվեստը հաջորդ սերնդին սովորեցնելով փոխանցելը։ Տաղանդավոր երեխեք ունենք։ Հայրենիքի սիրուց ելնելով, կրթում եմ նրանց, որ մնան ու զարգացնեն այս արվեստը Հայաստանում»,– նշեց տիկին Եղիազարյանը։

Ցուցահանդեսի համադրող, գեղանկարիչ Արչի Կալենցի համոզմամբ արվել է ամեն հնարավորը՝ ներկայանալի դառնալու համար, սակայն ընդհանուր առմամբ սա շատ քիչ է հայկականը պատշաճ ներկայացնելու համար։

«Մենք ի՞նչ ունենք՝ մի Արչի Գալենցի արվեստանոց, որը 2008 թվականից պայքարում է, որ հայկական մշակույթը ինստիտուցիոնալ բնույթ ստանա ու սա՝ գերմանահայկական մշակութային օրերն անցկացվող այս տարածքը, ուր կարողանում ենք միայն հարցադրումներ անել։ Բայց իրականում ցուցահանդեսն ուսումնասիրություն անելու համար եղանակ ու գիտություն է։ Այո, գերմանացի արվեստասեր հանդիսատեսն զգում է, որ սրան լրջություն է տրված, վերաբերմունք կա արվեստի նկատմամբ, որ սա միայն ապրանք չէ, որ բերել են քեզ վաճառելու, այլ սա իրոք մշակույթ է՝ իր ազգին բնորոշ, իր խնդիրները գծող։ Հարցեր լուծելու համար մենք պիտի հասկանանք, որ վերաբերմունքն է արվեստը արվեստ դարձնում։ Այն, որ սա մնայուն արժեք է և այն, որ ազգն էլ մշակութասեր է ու դրան այդպես է վերաբերվում։ Մեզ այստեղ ամեն ինչ է պետք՝ առնվազն մեկ մշակութային կենտրոն, ամսագիր, կայք և այլն, և այլն։ Հատկապես, երբ նկատի ունենանք, որ մեր հարևան երկրներն այստեղ կենտրոնական փողոցների վրա մշակութային տներ ունեն, չինական մշակույթի տնից գրեթե չի տարբերվում, կամ Մեքսիկայի դեսպանատունն ավելի համեստ չափերի է»,– մեզ հետ զրույցում հավելեց պարոն Կալենցը։

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 1–ը։ Իսկ մինչ այդ՝ մայիսի 9–ին, հանդիսատեսը հնարավորություն ունի մասնակցելու ինտերակտիվ միջոցառման, ուր կկարողանա ծանաթանալ հայկական արվեստի այլ տեսակների։ Վարպետության դաս–մրցույթներ կանցկացնեն մի շարք մասնագետներ՝ տիկին Գայանե Կուհնը (հայերեն), պարոն Էրիկ Բարսեղյանը ( հայկական պար), պարոն Արտակ Համբարձումյանը  (խաչքարագործություն) և պարոն Արեգ Առուստամյանը (երգեցողություն)։

Ապա՝ մայիսի  17–ին տեղի ունենալիք համերգին հանդիսատեսը կունկնդրի «Նաիրյան» վոկալ անսամբլին։ Այն հիմնադրվել է տասը տարի առաջ և կատարում է առավելապես ազգային, դասական և հոգևոր երգեր՝ հաճախ նաև թարգմանելով այն ժեստերի լեզվով։

Հունիսի 1–ին՝ երեխաների պաշտպանության միջազգաին օրը, պատանի հանդիսատեսի համար թատերական ներկայացմամբ ելույթ կունենան ՀԵՄԱ ՀԿ դպրոցին կից հայկական կիրակնօրյա դպրոցի սաները։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում