ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:
Հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նշում է, որ անցյալ տարի նմանօրինակ հայտարարության տարածումից հետո որոշ հայեր եւ նույնիսկ Զորյան ինստիտուտը Լեմկինի Ինստիտուտին պիտակավորել են որպես «Դաշնակցական» կազմակերպություն, մեղադրել ռուսական փողեր վերցնելու և «կեղծ լուրեր» տարածելու մեջ: Ավելին, Զորյան ինստիտուտը անցյալ տարի պահանջել է նաեւ, «որ մենք ներողություն խնդրենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»։
Հայտարարության մեջ մասնավրապես ասվում է .
«Նրա (ՀՀ վարչապետի-խմբ.) անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։
Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», – նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։
orer.eu



