Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:
Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Վրաստանի Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին: Ուրախ եմ կրկին հյուրընկալել ընկերոջս՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և եղբայրական Վրաստանի մեր գործընկերներին:
Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար:
Հատկապես կարևոր եմ համարում, որ այս հանձնաժողովի աշխատանքի շրջանակում քննարկվել և քննարկվում են կոնկրետ անելիքներ, կայացվում են հստակ որոշումներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրների փոխհարաբերությունների ու մեր հասարակությունների բարեկեցության, նրանց միջև փոխհարաբերությունների ամրապնդման վրա: Հանձնաժողովի նախորդ նիստի շրջանակներում՝ 2024թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ եմ համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից: Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական առումով արտացոլում է մեր երկրների համագործակցության բարձր մակարդակը, այլև առավել լայն գործնական հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ոլորտներում առկա փոխգործակցությունն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:
Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ, որոնց սպասարկելու և հարստացնելու պատվաբեր պարտականությունը մեր կառավարություններն իրականացնում են նաև այս հանձնաժողովի շրջանակում: Մեր համատեղ աշխատանքը խարսխված է Հայաստանի և Վրաստանի փոխադարձ շահերի, հետաքրքրությունների և հարգանքի վրա, որի անհրաժեշտության վերաբերյալ վաղուց արդեն ձևավորվել է ընդհանուր ընկալում:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար:
Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խորը ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ։
Արդեն իսկ կառուցվածի վրա նորն ավելացնելու մտայնությամբ մենք ամփոփել ենք 2024 թվականը, որն արդյունավետ տարի ենք համարում Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից: Այդուհանդերձ, մեր ջերմ հարաբերությունների բնույթը պահանջում է երբեք չբավարարվել ձեռք բերածով և համատեղ բացահայտել ու հաղթահարել նոր հորիզոններ:
Ահա այդ հրամայականով պայմանավորված՝ համոզված եմ, որ 2025թ. ընթացքում բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ ձգտելու ենք կյանքի կոչել նոր ու հավակնոտ ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտից մինչև կապ և հաղորդակցություն, էներգետիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև անվտանգություն, զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից մինչև շրջակա միջավայրի պահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակութային համագործակցություն և մարդկանց միջև շփումների ակտիվացում:
Չբավարարվելով ձեռք բերածով՝ անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ, որը թույլ կտա ավելի մեծացնել երկու երկրների միջև իրականացվող փոխադրումների ծավալը։ Էական է, որ մեր պետությունների կառավարությունները աշխատեն առկա իրավապայմանգրային բազան առավել ներդաշնակեցնելու և բիզնեսի շփումների և համագործակցության համար առկա դաշտը առավել դյուրացնելու ուղղությամբ։
Անդրադառնալով տնտեսական համագործակցության կարևոր ցուցիչներից մեկը համարվող երկկողմ առևտրաշրջանառությանը՝ պետք է նշեմ, որ այստեղ որոշակի նվազում ունենք: 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է:
Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու լիարժեք վերագործարկումը, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Ինչպես գիտեք, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում հենց այդ նպատակով ներկայացրել եմ Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այդ իրողությունը և ունի Վրաստանի համար շատ կոնկրետ ու շոշափելի օգուտներ ապահովելու ներուժ:
Թեև 2024թ. հագեցած էր տարածաշրջանային և գլոբալ մի շարք մարտահրավերներով, բայց Հայաստանն ու Վրաստանը կարողացել են համահունչ լուծումներ գտնել արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական միջավայրում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա հաջողությունների համար: Ռազմավարական տրամաբանություն ունեցող մեր փոխգործակցությունն արտահայտվում է նաև ներկա աշխարհաքաղաքական խրթին իրավիճակում միմյանց համար կենսական համարվող հարցերի նկատմամբ առավել նրբանկատ, ուշադիր և աջակցող քաղաքականության որդեգրմամբ, որը, համոզված եմ, շարունակվելու է նաև առաջիկայում:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ և իմ ուրախությունն արտահայտելով ձեզ հյուրընկալելու առիթով, ուզում եմ հաջողություն մաղթել մեզ երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ:
Շնորհակալություն»:
Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.
«Մեզ համար մեծ պատիվ է համանախագահել այս խորհրդի նիստը, որը 14-րդ անգամ է անցկացվում: Այս թվերը վկայում են սերտ համագործակցության մասին, որ մեր միջև կա: Նշեմ, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետի հետ, բազմաթիվ թեմաների մասին խոսեցինք, որոնք կապված են մեր երկրների միջև շփումների և տարածաշրջանի ու գլոբալ զարգացումների հետ: Շատ կարևոր է պահպանել սերտ գործընկերային կապ մեր երկրների համատեղ շահերից ելնելով:
Պետք է նշել երկխոսության բարձր, շատ բարձր մակարդակը մեր երկրների միջև, համագործակցությունը բոլոր մակարդակներում, որի վկայությունը մեր գերազանց շարունակվող համագործակցությունն է: Ես ուրախ եմ, որ սա շոշափելի արդյունքներ է տալիս: Մեր երկրները վաղեմի հարաբերություններ ունեն՝ հիմնված ոչ միայն աշխարհագրական հարևանության, հարևան լինելու փաստի վրա, այլ նաև մեր բարեկամական կապը շատ խորը պատմական ամուր հիմքեր ունի: Դա գերազանց բարեկամական կապերն են հայ և վրացի ժողովուրդների միջև, հազարավոր տարիների կապերը, հիմքում մեր Կառավարությունների միջև փոխադարձ հարգանքն է:
Այս հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության հռչակագրի, որը ստորագրվեց անցյալ տարի, որով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասցվելու, մենք շարունակելու ենք խորացնել մեր քաղաքական, տնտեսական կապերը բազմաթիվ ուղղություններով: Ես վստահ եմ, որ այս հանդիպումն առավելագույնս արդյունավետ կծառայի առկա համագործակցության ձևաչափերի ամրապնդմանը և խորացմանը, մեր համագործակցության խորացմանը և նոր ուղիների բացահայտմանը:
Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը մեր երկրների զարգացման նախապայման է: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ: Հայաստանը և Վրաստանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, մեծապես շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ անսասան աջակցություն եք ցուցաբերում Վրաստանին:
Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար: Պիտի ասեմ, որ մենք արդյունավետ, հստակ մեխանիզմներ, պայմաններ և ծրագիր ունենք ներդրողների համար և աջակցելու ենք, որ ձեր երկրից ավելի շատ ներդրողներ գան:
Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանը մեր բարեկամ Հայաստանի համար մնում է գրավիչ նշանակետ զբոսաշրջության համար: Հայաստանից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Դա տպավորիչ թիվ է փոքր երկրի համար: Զբոսաշրջությունն ավելի կարևորություն ունի ոչ միայն տնտեսական զարգացման համար, զբոսաշրջությունն այն գործիքներից է, որոնցով կարելի է խորացնել ժողովուրդների միջև կապերը, մեր երկրների միջև կապերը, որոնք արդեն իսկ շատ ուժեղ պատմական արմատներ ունեն, ուստի մենք պատրաստ ենք էլ ավելի բարելավել զբոսաշրջային հանգրվանները և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից:
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներդրողներ բերենք մեր երկրներ: Վրաստանը և հայաստանը համատեղ փաթեթներ են առաջարկում ճանապարհորդներին և պետք է էլ ավելի բարելավենք մեր համագործակցությունը: Այս նախաձեռնությունները կօգնեն բարելավելու երկրների մասին տեղեկացվածությունը, տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը, իրազեկվածությունը: Ընդհանուր առմամբ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու կապերը տնտեսության, առևտրի ոլորտներում: Մեր ողջ թիմը պատրաստ է դա անել և հուսով ենք շատ սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ»:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը: Կարևորվել են առևտրաշրջանառության խթանման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և այլն ուղղություններով կապերի խորացմանը միտված հետևողական քայլերը:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության հարգարժան գործընկերներին։ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը մեր երկրների բարեկամության, առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձևավորած հարուստ օրակարգի վկայությունն են։
Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը:
Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:
Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը: Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային և նույնիսկ կենցաղային բազմաթիվ ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը:
Մեր հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունն ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը, այդ թվում՝ փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով: Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Այս համատեքստում ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:
Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր, բնականաբար, չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջապես հարևանությամբ:
Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք:
Ավարտելով` պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու օրակարգ և առաջիկայում ևս ջանքեր չենք խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված մեր փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Այժմ, խոսքը սիրով փոխանցում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»:
Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.
«Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է ժամանել Հայաստան, սա իմ երկրորդ այցելությունն է Երևան: Նման հաճախականությունը նշանակում է, որ Վրաստանը մեծ հետաքրքրություն ունի հարաբերությունները Հայաստանի հետ ընդլայնելու և խորացնելու հարցում:
Ես ցանկանում եմ ջերմորեն երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանին և մեր հայ բարեկամներին ջերմ ընդունելության համար: Եվ ուզում եմ կրկին նշել, որ մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար՝ անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման համար:
Այսօր, ինչպես տեղյակ եք, մենք անցկացրեցինք հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Այն արդյունավետ էր, արգասաբեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ նիստերի կանոնավոր անցկացումը խիստ կարևոր է մեր համագործակցության հետագա ընդլայնման համար, որպեսզի հասնենք մեր ռազմավարական նպատակներին:
Մեր երկրների միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և դրանք ոչ միայն աշխարհագրական առումով են, այլ կուզեի ընդգծել, կրկնել մի միտք, որ արտահայտեցի նիստի ընթացքում. մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Եվ սրա վրա է շաղախված և խարսխված Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը: Եվ մեր փոխհարգանքը դրա առհավատչյան է և՛ ժողովուրդների, և՛ կառավարությունների միջև:
Այսօր մենք շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ համագործակցության, բազմակողմ ասպարեզներում փոխգործունեության մասին: Մենք գաղափարներ փոխանակեցինք այն գործընթացների մասին, որոնք զարգանում են և՛ համաշխարհային, և՛ ռեգիոնալ ասպարեզում: Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:
Մենք ևս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել՝ նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:
Տնտեսական և առևտրային մեր երկկողմ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են: Թերևս տեղյակ եք, որ տնտեսական հանձնաժողովը հիմնական շեշտադրումը դնում է տնտեսական ասպարեզում համագործակցության վրա: Մենք շատ բավարարված ենք այս ասպարեզում դրական միտումներով: Տնտեսական և առևտրային ոլորտներն ունեն նաև զարգացման ներուժ և այդ չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել: Սա քննարկվեց նաև մեր հանձնաժողովի նիստում:
Եվ վերջապես ուզում եմ ընդգծել, որ մեր գործընկերությունը, բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում էլ ավելի ջանքեր ձեռնարկելու՝ ի շահ այս հարաբերությունների հետագա ամրացման, ի շահ մեր երկրների և ազգերի:
Եվ կրկին ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել մեր երկիր: Մենք մեծ հաճույք և մեծ պատիվ կհամարենք Ձեզ այնտեղ ընդունել:
Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:



