Փաշինյանի մամուլի ասուլիսն ապացուցեց, թե ինչու նա ընդունակ չէ ղեկավարելու Հայաստանը. արձագանք ԱՄՆ-ից

  • 05.09.2024
  • 0
  • 709 Views

2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։

Քանի որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտոնյաները չգիտեն, թե ինչ են անում, ես պարտավոր եմ կամավոր մի քանի խորհուրդներ ու առաջարկություններ անել, մի բան, որ արել եմ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին և ներկայիս ղեկավարներին:

Թեև ողջունելի է, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպետք է տևեն մեկ ժամից ավելի, որպեսզի նվազեցնեն նրա հակասական հայտարարությունների քանակը և քողարկեն նրա անկարողությունը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խոսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային և ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատվամիջոցների հետ տևել են հավերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինյանի մամուլի ասուլիսը տևեց ընդամենը 2 ժամ 17 րոպե։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինյանն ավելի շատ առիթ տվեց իր ընդդիմախոսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։

Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Փաշինյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Հուլիսին այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խոստացավ, որ Փաշինյանը կպատասխանի Ադրբեջանի հրավերին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութորեն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, և որ հետագայում կտեղեկացնի բոլորին։ Եթե ​​նա հիմա հիմնավոր պատճառ ունի չկողմնորոշվելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարությունը հուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կհայտարարի որոշման մասին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը, ինչպես միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա էր, ով անմտորեն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պետք է ազատ արձակեր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։ Փաշինյանը ևս մեկ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետոն՝ թույլ տալով Բաքվին, որ կարողանա հյուրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակավոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևն այնքան մոլեռանդությամբ էր համակված այս համաժողովի անցկացմամբ, որ կհամաձայներ ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկյալներին և նույնիսկ ազատել Հայաստանի Հանրապետության՝ 2021 և 2022 թվականներին գրավված շրջանները:

Այնուհետև Փաշինյանը բացահայտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ի շուրջ։ Ուստի Փաշինյանը երկու երկրներին առաջարկեց ստորագրել փաստաթուղթը՝ համաձայնեցված 13 կետերի հիման վրա՝ մնացած չորս կետերը թողնելով ապագայի համար։ Սակայն Փաշինյանը կարծես թե չի հասկանում, որ Ալիևը զրոյական շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Նրա ուզածը Հայաստանի մի կտորն է, իրականում ամբողջ Հայաստանը, ինչպես բազմիցս նա սպառնացել է։

Նախևառաջ, Փաշինյանի մշտական խաղաղության խնդրանքը չի հանգեցնի խաղաղության այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ «Տանգոն երկուսով են պարում»: Միակակողմանի խաղաղություն գոյություն չունի:

Երկրորդ, հուսահատորեն խաղաղություն մուրալով, Փաշինյանը պարզապես խրախուսում է Ալիևին ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:

Երրորդ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի խանգարի Ալիևին պատերազմ հռչակել Հայաստանի դեմ։ «Խաղաղության պայմանագիրը» չի երաշխավորի խաղաղություն։ Ալիևի համար «խաղաղության պայմանագիրը» ընդամենը թղթի մի կտոր է։

Փաշինյանը պարծեցավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև  անցած ուրբաթ սահմանների սահմանազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը առաջին իրավական փաստաթուղթն է, որը ստորագրվել է երկու երկրների միջև, չնայած այն պետք է դեռ վավերացվի: Նա, երևի, մոռացել է, որ դեռևս 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հրադադարի պայմանագիր են ստորագրել։ Նա նաև մոռացել է, որ ինքը Պուտինի և Ալիևի հետ նմանատիպ պայմանագիր է ստորագրել 2020 թվականի պատերազմի ավարտին։

Թերևս Փաշինյանի մամուլի ասուլիսի ամենագռեհիկ հատվածն այն էր, երբ նա որոշեց անհարկի կասկածներ առաջացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը 2023 թվականի սեպտեմբերից որպես պատանդ պահվում է Բաքվի բանտում։ Փաշինյանը, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար իր գոյություն չունեցող ջանքերի վրա կենտրոնանալու փոխարեն, նվաստացրեց Վարդանյանին՝ ասելով. «Իսկ ինչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է»: Այնուհետեւ Փաշինյանը հարցն ուղղած լրագրողին ասաց. «Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում Դուք ինքներդ նշեցիք, և ես արձագանքում եմ դրան։ Եվ ես ուզում եմ ասել և խոստովանել, որ դա իրոք խնդիր է, դա լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք և որով մենք զբաղվում ենք։ Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել նաև, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր:  Ընդ որում՝ պարտադիր չէ հաջող վերջնակետը․․․․»: Փոխարենը օգնելու ազատել Վարդանյանին՝ Փաշինյանն ավելի բարդացրեց նրա ազատ արձակումը։

Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիվ այլ սխալներ թույլ տվեց, բայց դրանց անդրադառնալու համար պետք է մի ամբողջ գիրք գրել։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ստորեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ասուլիսի սկզբում.

Օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ժողովուրդ,

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները հիմնված են «Հայրենիքը պետությունն է» և «Իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ըստ այդ հայեցակարգերի` Հայաստանի Հանրապետությունը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է` այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը։ Բարեկեցության և դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է և աշխատանքը` որպես համընդհանուր անելիք։

Ուրախ եմ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։ Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։ Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։

Այնուամենայնիվ, պիտի ընդգծեմ, որ միևնույն ջանքի գործադրմամբ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության ուսուցման որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես Կառավարության ուշադրության կենտրոնում է։

Այս ամենն ամբողջանում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությամբ և խաղաղության օրակարգով, որին Հայաստանի Հանրապետության Կառավարության հավատարմությունն անսասան է։

Այս օրակարգերի հնարավորինս արդյունավետ սպասարկումն է լինելու Կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են։

Այժմ, հարգելի լրագրողներ, սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»:


Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
 

Փաշինյանի պատասխանների գլխավոր մտքերը հակիրճ

Խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված է․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով
Հայաստանը պատրաստ է կապի երթուղի ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև․ այս տարբերակով Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվելու։


Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակն ունի 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, այդ թվում՝ նախաբանը։ 3-ի շուրջ համաձայնեցված է բառապաշարը։ Բաքվին առաջարկել ենք բոլոր համաձայնեցված կետերը ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Դա հնարավոր եմ համարում, որովհետև համաձայնեցված հարցերում ընդգրկված են բոլոր սկզբունքային հարցերը։


Ռուբեն Վարդանյանի հարցում կան անհստակություններ։ Ինչպե՞ս է ստացվել, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան ուղարկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ երաշխիքներով է նա ապահովվել, և ինչու, ի վերջո, ով է ասել, որ իրեն այնքան էլ լավ չի ճանաչում և որ իր երկրի քաղաքացի չէ։


ՀՀ-ն ոչ միայն ճանապարհների ապաշրջափակման հարցում սաբոտաժ չի անում, այլ դրանով շահագրգռված է և այդ ծրագիրը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։
Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։

COP29-ին մասնակցելու որոշում դեռ չկա, բայց չի բացառվում․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով
Ադրբեջանի հետ բանակցում ենք երկկողմ ձևաչափով։ Հանդիպում կարող է տեղի ունենալ նաև հայ-ադրբեջանական սահմանին, ես պատրաստ եմ նաև նման ձևաչափով հանդիպման: Երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է։


ԼՂ լուծարման մասին որոշումը ես չեմ ստորագրել, այդ որոշումից առաջ ԼՂ–ում տեղի ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ–ում գործող շրջանակների կողմից:


Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդ մտադրության մասին կհայտարարի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այն պետք է նայել ամբողջականության մեջ։ Ղարաբաղում տեղի ունեցածը դուրս է եռակողմ հայտարարության բոլոր ձևակերպումներից։
Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են:


Այս պահին չունենք որոշում COP29-ին մասնակցելու վերաբերյալ, բայց տեսականորեն որևէ որոշում բացառել չի կարելի։ Իհարկե, այդ որոշման կայացման վրա չեն կարող ընդհանուր միջավայրը, զարգացումները ազդեցություն չունենալ։

Ասուլիսի գլխավոր մտքերը՝ abcmedia.am-ի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում