Մետրոպոլիտեն Օպերայի Դոմինիկ Լաֆֆոնտի մրցանակը՝ բարիտոն Նավասարդ Հակոբյանին. Տաղանդավոր հայ երգչի ելույթը մայիսի 22-ին Պրահայում

  • 18.03.2024
  • 0
  • 3034 Views

Մետրոպոլիտեն օպերան հայտարարել է Էրիկ և Դոմինիկ Լաֆֆոնտների մրցույթի հինգ հաղթողներին։  25ամյա հայ բարիտոն Նավասարդ Հակոբյանն այդ հինգ երջանիկների թվում է, եւ միայն ինքն է, որ արժանացել է մրցույթի անվանակիր  Դոմինիկ Լաֆֆոնտի մրցանակին(Dominique Laffont Award) եւ միակ ոչ ամերիկացին է՝ ներկայացնում է Հայաստանը։

Հաղթողների թվում են նաեւ 24-ամյա տենոր Դանիել Էսպինալը  Ֆլորիդայից, արժանացել է  Faith P. Geier մրցանակին,  28 ամյա սոպրանո  Լիդիա Նյու Սեքսիկայից, արժանացել է  Ֆերնան Լամեշի մրցանակին,   28-ամյա մեցցո-սոպրանո Մերիդիան Փրալը Ինդիանայից, արժանացել  է Պատրիսիա Միսլինի մրցանակին,  26-ամյա սոպրանո Էմիլի Ռիխտերը Արլինգտոնից  ստացել է Ամերիկա-սկանդինավյան հիմնադրամի Birgit Nilsson մրցանակը։ Հաղթողներից յուրաքանչյուրին տրվել է  $20,000 դրամական մրցանակ՝ ի լրումն կարիերային նպաստող մի քանի հնարավորությունների և բացահայտումների:

Լուսանկարում՝ Նավասարդ Հակոբյանը մրցույթի եզրափակչի մասնակիցների հետ


Այնուհետեւ 2024 թվականի մարտի 17-ին տեղի է ունեցել  Laffont Grand Finals համերգը, որին եզրափակիչի յուրաքանչյուր մասնակից դիրիժոր Էվան Ռոջիստերի և Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբի հետ կատարել է  երկու արիա:

Իսկ նախօրեին Դալլասի օպերայում տեղի էր ունեցել Նավասարդ Հակոբյանի առաջնախաղը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի  նոյեմբերի 5-ին  աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում  երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցույթից հետո Նավասարդը ՕՐԵՐ-ի հետ կիսվեց իր տպավորություններով։ Հարցազրույցի հղումն այստեղ՝ «Պլասիդո Դոմինգոյին լսելով՝ ես բացահայտել եմ դասական ժանրը». ասում է «Օպերալիա» մրցույթի կրկնակի մրցանկակակիր Նավասարդ Հակոբյանը – Orer

Չեխաբնակ մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ 2024 թվականի մայիսի 22-ին Պրահայի Novoměstská radnice -ի  պատմական դահլիճում տեղի կունենա Նավասարդ Հակոբյանի մենահամերգը՝ դաշնակահար Ահմադ Հեդարի նվագակցությամբ։  Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ Projekty | Nachtigall Artists

Կրկին շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին եւ մաղթում նորանոր բարձրունքներ եւ հաջողություններ։

Հակոբ Ասատրյան

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում