Դանիաբնակ հայտնի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը մարտի 11-ին առաջին անգամ հանդես կգա Պրահայում. բացառիկ հարցազրույց ՕՐԵՐ-ին

  • 02.03.2024
  • 0
  • 3101 Views

Մարտի 11-ին 19.30-ին Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում  ելույթ կունենա դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։ Տաղանդավոր հայ դաշնակահարուհին հանես կգա Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ` կատարելով նորվեգացի հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Դիրիժորական վահանակի մոտ կլինի էստոնացի անվանի դիրիժոր Օլարի Էլտսը։ Ի դեպ, համերգը նվիրվում է Չեխական ռադիոյի 100 ամյակին։

Համերգի նախօրեին Մարիաննա Շիրինյանը սիրով պատասխանեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին։

-Սիրելի Մարիաննա, մեր նախորդ հարցազրույցից անցել է մոտ ութ տարի։ Ի՞նչ ստեղծագործական հաջողություններ եք գրանցել այս տարիներին, շարունակո՞ւմ եք դասավանդել Օսլոյի համալսարանում։

-Շնորհակալ եմ: Վերջին ութ տարիները լի են եղել համերգներով և ճանապարհորդություններով  աշխարհի տարբեր անկյուններում՝ Եվրոպայից մինչև Ասիա, հետաքրքիր նախագծերով, փառատոններով և իհարկե, շարունակել եմ դասավանդել: Նվագել եմ Եվրոպական և Ասիական տարբեր նվագախմբերի հետ, նշեմ մի քանիսը՝  Մյունխեն, Հելսինկի, Կոպենհագեն, Թայվան, Հիրոշիմա: Ձայնագրել եմ 4 նոր ձայնասկավառակ, որոնք շատ դրական արձագանքի են արժանացել՝ շահելով մրցականներ, ևս 3 ձայնասկավառակ թողարկվելու են 2024-2025-ի տարեշրջանում:
Այս ընթացքում իմ երեխաները նույնպես ընտրեցին երաժշտության ճանապարհը և ունեն հաջողություններ, ինչն ինձ, իհարկե, շատ է ուրախացնում:

-Այն ժամանակ երազում էիք ձայնագրել Մոցարտի բոլոր դաշնամուրային կոնցերտները։ Ի վերջո, իրականացա՞վ այդ նախագիծը եւ ինչպիսի՞ ընդունելության արժանացավ։


-Այդ նախագիծն ամբողջականորեն չիրականացավ տարբեր պատճառներով։ Մենք միայն ձայնագրեցինք համար 12 և 23 կոնցերտերը Օդենսեի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Բայց մի քանի տարի առաջ ես ձայնագեցի Պրոկոֆևի թիվ 3 և Շոստակովիչի թիվ 2 դաշնամուրային կոնցերտները՝ Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի և նրանց գլխավոր դիիրժոր Պետր Պոպելկայի հետ միասին, որը կհրապարակվի մյուս տարի:


– Անընդհատ ելութներ եք ունենում դանիական եւ նորվեգական նվագախմբերի ու անհատ երաժիշտների հետ։ Ինչպիսի՞ փորձառություն են տվել Ձեզ այս տարիները։

-Սկանդինավիայում ես շատ եմ սիրում նվագել: Այնտեղ նվագախմբային լանդշաֆտը խիտ է  և ունի բարձր մակարդակ, ինչպես և անհատ երաժիշտները: Քանի որ ընտանիքիս հետ բնակվում եմ Կոպենհագենում, իհարկե, կապն այդ պատճառով էլ ավելի շատ է: Բայց իմ համերգային աշխարհագրությունն ավելի լայնածավալ է մենահամերգներով, նվագախմբերի հետ համագործակցություններով, ինչպես և իմ շատ սիրելի կամերային երաժշտությամբ:

– Կարծում եմ  Պրահայում առաջին անգամ եք ելույթ ունենալու եւ այն էլ  Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ծանոթ է արդյո՞ք նվագախումբը, երբեւէ նվագե՞լ եք չեխական այլ նվագախմբի հետ, եւ ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Պրահայում իսկապես նվագում եմ առաջին անգամ: Մեծ ուրախությամբ սպասում եմ իմ հանդիպմանը Չեխական ռադիոյի նվագախմբի և չեխական հանդիսատեսի հետ:
Ունեմ շատ չեխ երաժիշտ ընկերներ և  անչափ հարգում ու սիրում եմ չեխական երաժշտական ժառանգությունը: Չեխայում տարիներ առաջ նվագել եմ Պլզենի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գերշվինի «Rhapsody in blue”-ն։


-Պատահական չէ, որ նորվեգացի կոմպոզիտոր Գրիգի դաշնամուրային ստաղծագործությունների ներկայացումը Պրահայում վստահվել է Ձեզ, քանի որ համարվում եք Գրիգի լավագույն մեկնաբաններից մեկը։ Որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ համար Գրիգը եւ ո՞րն է նրա երաժշտության առանձնահատկությունը։

-Իմ հոգում Գրիգի կոնցերտը շատ կարևոր տեղ է գրավում:
Ես այն նվագել եմ հաճախ և ունեմ շատ առանձնահատուկ կապ այդ գործի հետ: Տարիների ընթացքում իմ կապը Նորվեգիայի, այնտեղի երաժշտական ավանդույթների, ժողովրդական երաժշտության հետ շատ սերտացել է: Դա առանձնահատուկ մի լեզու է, որ սերտ կապ ունի Նորվեգիայի բնության և ավանդույթների հետ: Ինձ համար շատ հետաքրքիր մի անկյուն է, որ ես սիրով հետազոտել եմ:
Ուրախ եմ ներկայացնել չեխական հանդիսատեսին այդ հրաշք կոնցերտը:

– Գիտեմ, որ հաճախ եք ներկայացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Անցյալ տարին Խաչատրյանական էր՝ նկատի ունենալով 120-ամյա հոբելյանը, արդյոք  հաջողվե՞ց Խաչատրյան նվագել։

-Այո, ես մեծ սիրով և հետաքրքրությամբ նվագում եմ հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները,  ներկայացնելով իմ հայրենիքը: Խաչատուրյանի դաշնամուրային կոնցերտը ծրագրված է հաջորդ համերգային տարեշրջանի համար:

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

Համերգի տոմսերը կարող եք գնել հետեյալ կայքէջում՝

Griegův klavírní koncert | SOČR (rozhlas.cz)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում