Ռուս խաղաղապահներն օգտվում են արցախյան առանց այն էլ սուղ պաշարներից. Արցախի նախագահը պատասխանեց ՕՐԵՐ-ի հարցերին

  • 25.07.2023
  • 0
  • 636 Views

Այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիս էր հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նախ հրապարակեց իր կոչը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, ապա պատասխանեց առցանց կապով միացած հայ եւ օտար լրագրողների հարցերին։ Նախագահ Հարությունյանը խոսեց էթնիկ զտման, ցեղասպանության, շրջափակման հետեւանքների մասին, Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության, Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հետ հարաբերությունների եւ այլ թեմաների մասին՝ Արցախը համեմատելով աղետի գոտու հետ։

Արցախի նախագահը պատասխանեց նաեւ «Օրեր»ի կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանի հարցերին։

  • Պարոն նախագահ, մինչ հարցիս ձևակերպումն ուզում եմ համադրել երկու փաստ. Դուք ասացիք, որ ռուս խաղաղապահներն իրենց համար շատ քիչ կերակուր են կարողանում բերել և օգտվում են առանց այն էլ արցախյան սուղ պահուստներից։ Մյուս կողմից, Արցախի խորհրդարանը խնդրում է ՄԱԿին, որպեսզի Ռուսաստանի խաղաղապահ ուժերին մանդատ շնորհվի։ Եթե խաղաղապահները չեն կարողանում, ի վիճակի չեն նույնիսկ իրենց համար սնունդ բերել, ինչպես են ապահովելու արցախահայութան անվտանգությունը։
  • -Դուք ինչ-որ տեղ նաև պատասխանեցիք Ձեր հարցին։ Առաջին հերթին՝ ռուս խաղաղապահները չունեն այդ մանդատը, և նաև Ադրբեջանն է հետագայում հրաժարվել ռուս խաղաղապահներին մանդատով օժտելուց.  երկրորդ, եթե ունենան  այդ մանդատը նրանք կարող են ավելի համարձակ լինել, պարտավոր են ավելի համարձակ լինել կիրառելով համապաասխան ուժեր, միջոցներ՝ ապահովելու, իրականացնելու  իրենց առաքելությունը։ Հենց դրա համար ենք մենք կոչ անում, Ազգային ժողովը դրա համար է կոչ արել օժտել նրանց այդ մանդատով. Մանդատի առկայության պարագայում նաև կա գործիքակազմ, որ միջազգային խաղաղապահներն իրավունք ունեն օգտվել այդ գործիքակազմից։
  • Սակայն մենք չենք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ այս պահին ողջ աշխարհը Ռուսաստանի դեմ է, և եթե հիմա փորձում ենք ինչ-որ մանդատով ապահովել Ռուսաստանի խաղաղապահներին, այդ մանդատը երբեք չի տրվելու։ Մինչդեռ մենք Արցախի հայության անվտանգությունն ինչ-որ կերպ ապահովելու խնդիր ունենք։ Ինչո՞ւ չեք Դուք ՄԱԿից միջազգային խաղաղապահներ խնդրում նույն այն ամբիոնից, որտեղից խնդրում եք ինչ-որ մանդատ ինչ-որ խաղաղապահների համար, որոնք նույնիսկ իրենց սնունդը չեն կարողանում ապահովել։
  • – Մենք ՄԱԿի անվտանգության խորհրդում բարձրացրել ենք Ղարաբաղում  ստեղծված իրավիճակը քննարկելու հարցը, այդ թվում հումանիտար և հետագա խնդիրները, և հավատում ենք, որ որոշումները բերելու են նրան, որ գետնի վրա իրական անվտանգություն կունենանք արցախահայության համար։ Եռակողմ հայտարարության հիմնական կետերն այսօր ցավոք չեն աշխատում, և այսօր ես իմ հայտարարությունում ուղղված այդ երեք երկրների արտաքին գործերի նախարարներին  կա խնդրանք, նաև հորդոր, նաև պահանջ, որը հենց դրանից եմ բխեցնում։ Եթե կոնկրետ այս օրերին, այս ընթացքում որևէ դրական արդյունք չլինի, իհարկե մենք պետք է գնահատական տանք։

  • Գնահատակա՞ն, թե՞ Արցախում միջազգային խաղաղապահ ուժեր տեղաբաշխելու խնդրանք ՄԱԿին ։
  • -Գնահատական ըստ ստեղծված իրավիճակի, կոնկրետ քայլերի հերթականություն իրավիճակից դուրս գալու ուղղությամբ, որը չի բացառի նաև Ձեր ասածը։

Աննա Կարապետյան

ՕՐԵՐ ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում