Հուլիսի 24-ին Ցյուրիխում ավարտվեց Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադան(ICHO), որին մասնակցեց նաեւ Հայաստանի թիմը։ Օլիմպիադային մասնակցում էին 89 երկրների 348 պատանի քիմիկոսներ (յուրաքանչյուր երկրից առավելագույնը չորս մասնակից)։
Հայաստանի տարբեր դպրոցները ներկայացնող չորս մասնակիցներից Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը շահեց ոսկե մեդալ, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը եւ Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի սան Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալներ, Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Յուրի Պետրոսյանը՝ պատվո հավաստագիր։
Նախկինում Լեոնիդ Ասատրյանն արդեն մասնակցել էր բազմաթիվ միջազգային օլիմպիադաների եւ վերադարձել արծաթե եւ բրոնզե մեդալներով։ Վերջապես նա հասավ իր նպատակին եւ նվաճեց օլիմպիական ոսկին։ Նշենք, որ սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է քիմիայի միջազգային օլիմպիադայում։
Հիշեցնենք, որ «Քիմիա» առարկայի նախորդ՝ 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
Լուսանկարներում՝ Լեոնիդ Ասատրյանը ստանում է ոսկե մեդալը
Ջերմորեն շնորհավորում ենք ոչ միայն մեր պատանի տաղանդներին, այլեւ հայկական թիմի ղեկավարներին՝ Հայաստանի քիմիայի օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանին (ՀՀ ԳԱԱ) եւ թիմի ղեկավար Արմեն Գալստյանին (ԵՊՀ), ինչպես նաեւ Երեւանի քիմիայի լաբորատորիայի այն նվիրյալ աշխատակիցներին, որոնք շաբաթներ շարունակ աշխատեցին մեր մասնակիցների հետ եւ օգնեցին գրանցելու լավագույն արդյունք։
Օլիմպիադայի փակման արարողությունը՝ https://www.youtube.com/watch?v=SRWRXBn5G8I
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա
orer.eu
Լուսանկարում՝ Հայաստանի հավաքականը եւ թիմի ղեկավարները