Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատար

  • 12.07.2026
  • 0
  • 21 Views

Հայազգի անվանի ջութակահար Հայկ Կազազյանը հանդես կգա որպես մենակատար Մադեյրայի դասական նվագախմբի (Orquestra Clássica da Madeira) 2025/2026 համերգաշրջանի փակման հանդիսավոր համերգին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Համերգը կկայանա 2026 թվականի հուլիսի 18-ին Մադեյրայի Կոնգրեսների կենտրոնում (Centro de Congressos da Madeira)՝ միջազգային հեղինակություն վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։

Համերգային երեկոյի առանցքում կլինի Արամ Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ 20-րդ դարի ջութակի համար գրված ամենափայլուն և սիրված ստեղծագործություններից մեկը։ 1940 թվականին գրված և լեգենդար ջութակահար Դավիթ Օյստրախին նվիրված այս գլուխգործոցը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունից բխող ինքնատիպ մեղեդայնությունը, հզոր ռիթմային էներգիան, վառ նվագախմբային գունապնակը և բացառիկ վիրտուոզությունը։

Միջազգային երաժշտական ասպարեզում լայն ճանաչում ունեցող Հայկ Կազազյանը, որը հայտնի է իր արտահայտիչ երաժշտական մտածողությամբ, կատարողական նուրբ զգացողությամբ և տեխնիկական անթերի վարպետությամբ, բազմիցս արժանացել է երաժշտասերների և քննադատների բարձր գնահատականին։ Նրա մեկնաբանությունները առանձնանում են խոր հուզականությամբ, ոճական ճշգրտությամբ և բացառիկ բեմական ներկայությամբ, ինչի շնորհիվ նա այսօր համարվում է իր սերնդի ամենանշանակալի ջութակահարներից մեկը։

Իսկ համերգային երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհից» թիվ 9 սիմֆոնիան՝ համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության ամենաճանաչված ու ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Ամերիկայում ստեղծված այս գլուխգործոցը միավորում է եվրոպական երաժշտական ավանդույթներն ու նոր աշխարհի ոգեշնչումները՝ հանդիսատեսին փոխանցելով հարուստ հուզական աշխարհ և անմոռանալի մեղեդիներ։

Խաչատրյանի և Դվորժակի գլուխգործոցների համադրությամբ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ բացառիկ մշակութային իրադարձություն՝ հանդիսատեսին պարգևելով բարձրարվեստ երաժշտության, վիրտուոզ կատարողական արվեստի և խոր հուզական ապրումների անմոռանալի երեկո։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում