Երջանկահիշատակ գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը 60-ից ավել գրքերի և բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է։
Ֆելիքս Բախչինյանը վախճանվել է 2024 թվականին, բայց, ինչպես «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտ-հիմնադրամի գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանն է նշում, նրա գրառումների տետրը դեռ կա, որտեղ կետ առ կետ ծրագրել էր անելիքները։ Այդ գրառումներով էլ առաջնորդվում են ու Ֆելիքս Բախչինյանի նախագծերն իրականացնում։
«Թեքեյան» մշակութային միությունը կազմակերպել էր Ֆելիքս Բախչինյանի հիշատակի երեկո, որի ընթացքում ցուցադրվեց գրողի հետ ծավալուն հարցազրույց, գրականագետները ներկայացրին նրա գրական գործունեությունը, պատմեցին հուշեր։
Ֆելիքս Բախչինյանի շնորհիվ Հայաստանում շատերը խորությամբ ճանաչեցին նորվեգացի անվանի բևեռախույզ, հայ ազգի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին։
Հայարփի Խաչատրյանը պատմեց, որ անգամ նորվեգացիներն են զարմացել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել Ֆելիքս Բախչինյանը՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելով և ներկայացնելով բևեռախույզի գործունեության ոլորտները։
Բախչինյանի սցենարներով ֆիլմեր են նկարահանվել Նանսենի մասին։ Նա հիմնադրել է Նանսենի թանգարանը։
Օտար ազգերի գրականության ու մշակույթի թարգմանն է եղել Ֆելիքս Բախչինյանը՝ Հայաստանը կամրջելով աշխարհի տարբեր երկրների հետ։ Երիտասարդ տարիներին սովորել էր Վիլնյուսի պետական համալսարանում և ուսումնասիրել հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։
Ֆելիքս Բախչինյանը Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ էր, արժանացել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակի, ստացել պետական, հասարակական, գրական բազմաթիվ պարգևներ ու մեդալներ։
orer.eu







