Միքայել Պողոսյանի հանդիպումը Ամստերդամում. ցուցադրվեց «Yerevan Blues 2» ֆիլմը

  • 02.06.2026
  • 0
  • 2 Views

Միքայել Պողոսյանը հյուրընկալվել է Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամում

02.06.2029/Նիդ.օրագիր

Անցած շաբաթ օրը Ամստերդամի հայ համայնքը յուրահատուկ մշակութային հանդիպման առիթ ունեցավ։ Pathé Noord կինոթատրոնում ցուցադրվեց Միքայել Պողոսյանի հեղինակած, բեմադրած և գլխավոր դերակատարմամբ «Yerevan Blues 2» ֆիլմը, որին հաջորդեց հանդիսատեսի հետ հետաքրքիր հարցուպատասխան։

Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխեց Երևանի սրտում՝ ներկայացնելով մայրաքաղաքի մթնոլորտը, մարդկային պատմություններն ու հույզերը։ Ցուցադրության ընթացքում և դրանից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ հետևեցին ֆիլմի զարգացմանը և հնարավորություն ունեցան անմիջականորեն զրուցելու ստեղծագործական խմբի ղեկավարի՝ Միքայել Պողոսյանի հետ։

Հարցուպատասխանի ընթացքում քննարկվեցին ֆիլմի ստեղծման պատմությունը, դրա գաղափարական հիմքերը, կերպարների ընտրությունն ու Երևանի հանդեպ հեղինակի առանձնահատուկ վերաբերմունքը։ Հանդիսատեսի հարցերը բազմաբնույթ էին և խորքային, իսկ Միքայել Պողոսյանը սիրով կիսվեց իր փորձառությամբ, ստեղծագործական մոտեցումներով և ֆիլմի ստեղծման ընթացքում ունեցած հիշարժան դրվագներով։

Միջոցառումը վերածվեց ոչ միայն կինոդիտման, այլև ջերմ ու մտերմիկ հանդիպման, որի ընթացքում ներկաները միասին հիշեցին Երևանը, խոսեցին հայկական ինքնության, մշակույթի և հայրենի քաղաքի հետ իրենց կապի մասին։ Մասնակիցների արձագանքները վկայում էին, որ ֆիլմը կարողացել էր դիպչել յուրաքանչյուրի սրտին և ստեղծել համախմբվածության ու հարազատության մթնոլորտ։

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը բարձր է գնահատում նման մշակութային նախաձեռնությունների կարևորությունը, որոնք նպաստում են սփյուռքահայ համայնքի համախմբմանը և հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը։

Միջոցառման կայացմանը աջակցել է AGBU Amsterdam-ը։

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և հույս հայտնում, որ նման հանդիպումները շարունակական կլինեն՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայկական մշակույթն ու արվեստը միասին վայելելու համար։

Stichting Sint Grigor Narekatsi

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում