TRIPP ծրագիր, ընտրություններ և հարաբերություններ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին, ընտրություններից առաջ տված իր վերջին մամուլի ասուլիսում անդրադարձել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության մի շարք առանցքային հարցերի։
TRIPP ծրագիր և խաղաղության պայմանագիր
Հայաստանում իրականացվելիք հայ-ամերիկյան TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության») ծրագիրն անմիջականորեն կապված չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ վավերացման հետ։ Այն առանձին համաձայնագիր է, որի ռազմավարական համագործակցության շրջանակային փաստաթուղթը նախաստորագրվել է մայիսի 26-ին՝ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից։
Ներքաղաքական իրավիճակ և ընտրություններ
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ընտրություններում «իր հաղթանակը գողացվելու» պարագայում պատրաստ է դիմել հեղափոխության, վարչապետը շեշտել է, որ Հայաստանի հաստատութենական և իրավապահ համակարգերը բավականաչափ կայացած են՝ հեղաշրջման որևէ փորձ արմատից կանխելու համար։
Փաշինյանն անիմաստ է համարել մեկնաբանել Քոչարյանի՝ հաղթելու հավակնությունները։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին, որոնց մասնակցելու են 18 քաղաքական ուժեր։ Նախապես հայտարարված 19-ից «Ալիանս» առաջադիմական կենտրոնամետ կուսակցության դիմումը անվավեր է ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
Հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ
Հայաստանը մտադիր չէ լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Ընդհակառակը, երկիրը պետք է օգտագործի իր ներկայությունն ու լծակները՝ պաշտպանելու սեփական տնտեսական շահերը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են դրական փոփոխությունների փուլում։ Հակառակ այն լուրերին, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կարող է կասեցնել գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումները (եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միության անդամակցության գործընթացը), վարչապետը վստահեցրել է, որ բոլոր հարցերը լուծվում են հանգիստ և աշխատանքային մթնոլորտում։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում, և առաջիկայում ակնկալվում են միլիարդավոր դոլարների ներդրումներ։
Տնտեսական ուղիների բազմազանացում
Շարունակվում է ներմուծման և արտահանման շուկաների բազմազանեցման քաղաքականությունը։
Հայկական արտահանման համար արդեն բացվել է Ախալքալաք–Կարս երկաթուղին։
«ԵԱՏՄ-ի ներուժը դեռ ամբողջությամբ չի սպառվել, և երկաթուղու բացմամբ մեծ հնարավորություններ են ստեղծվում զարգացնելու առևտրային կապերը Ղազախստանի և Ղրղզստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։ Այս շրջանակում արդեն իսկ Ղազախստանից ցորենի ներմուծման գործարք է կնքվել»,– եզրափակել է վարչապետ Փաշինյանը։ ■
Ամփոփումը՝ «Նոր Յառաջի»



