Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

  • 28.05.2026
  • 0
  • 8 Views

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք:

Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։

Հուշակոթողի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո հոգևորականաց դասը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։

Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։

Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում