Լեւոն Լաճիկյանի Պոլսապատումը

  • 26.05.2026
  • 0
  • 143 Views

            Օրերս Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության սրահում կազմակերպված  «Պոլիսն իմ աչքերով» ցուցահանդեսը շատ մասնագետներ երևույթ համարեցին երևանյան մշակութային կյանքում։ Բանն այն է, որ հոգնած քաղաքական կյանքի աղմուկից ու տարօրինակ ծեքծեքումներից՝ բացման օրը շատ մտավորականներ ու արվեստագետներ էին շտապել արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի 21-րդ անհատական ցուցահանդես՝ տեսնելու ճանաչված գեղագետի վերջին տասը տարիներին ստեղծած հին ու նոր Պոլիսը և վերջինիս հայկական ժառանգությունը պատկերող 5 տասնյակից ավելի բացառիկ գծանկարներն ու գեղանկարները։

Ցուցադրությունը մաս էր կազմում ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված գեղարվեստական միջոցառումների, որոնք տեղի են ունենում այս տարվա ընթացքում։ Հայտնի է, որ աշխարհի ամենահին ու ամենախոշոր հայկական բարեսիրական կազմակերպությունն իր առաջին առաքելությունն իրականացրել է Թուրքիայում՝ սատար կանգնելով աբդուլհամիդյան ջարդերից տուժածներին։ Պոլսում են ծնվել նաև Հայկական բարեգործականի առաջին ու երկրորդ նախագահները՝ Պողոս Նուպար Փաշան և Գալուստ Գյուլպենկյանը։ Ինչպես իր բացման խոսքում նշեց ՀԲԸՄ մշակութային ծրագրերի ղեկավար Վարդան Ծուլիկյանը, ցուցահանդեսն ուղեկցվում է արվեստաբան հեղինակի բանախոսությամբ՝ նվիրված «Պոլիսը և հայերը» թեմային։

Լևոն Լաճիկյանը հանգամանորեն խոսեց մի կողմից քաղաքի ճակատագրում հայերի ունեցած տեղի ու դերի մասին, մյուս կողմից անդրադարձ կատարեց Պոլսո՝ իբրև «հայ մշակույթի մայրաքաղաք» լինելու հանգամանքին։ Բանախոսը կոնկրետ օրինակներով պատմեց երեք կայսրությունների մայրաքաղաք հանդիսացած այդ զարմանահրաշ մայրաքաղաքի կյանքին հայերիս բերած անուրանալի նպաստի և ունեցած ձեռքբերումների մասին, որոնք զարմանքի հետ մեկտեղ նաև հպարտություն են առաջ բերում։ Մեջբերենք մի հատված այդ ելույթից․ «Երբ ամեն անգամ Պոլիս եմ գնում, ոտքս զգուշությամբ եմ հպում գետնին՝ չտրորելու համար Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Ռուբեն Զարդարյանի, մեր մյուս մեծաց ոտնահետքերը»։

Այդ զգացողությունը ծորում էր ցուցահանդեսին ներկայացված նկարներից յուրաքանչյուրից, որոնցում նուրբ գծերի միջոցով ու ջրաներկի զուսպ կիրառմամբ պատկերված էին Կ․Պոլիս-Ստամբուլի պատմական պարիսպներն ու բերդերը, նեղլիկ փողոցներն ու հին փայտե տները, ետնաբակերն ու ժամանակակից երկնաքերները, եկեղեցիներն ու մզկիթները, Բոսֆորի ափերը զարդարող հոյակերտ ու հայակերտ պալատները, քաղաքի համապատկերին այնքան բնորոշ գերեզմանոցները, ինչպես նաև հայաշունչ Գնալը և Մեծ կղզիների զմայլելի տեսարանները։

Ցուցահանդեսի այցելուների թվում էին նաև Երևան ժամանած բազմաթիվ պոլսահայեր ու նրանց շարքում հանրահայտ երգչուհի Սիպիլը, նշանավոր բանաստեղծ Զարեհ Խրախունու դուստր Նորա Ճյումպյուշյանը, մատենագետ Կարո Աբրահամյանը, «Մարմարա» օրաթերթի խմբագիր Նաիրա Մկրտչյան-Սյուզմեն, շատ ուրիշներ։ Նրանց համընդհանուր բնորոշմամբ, այս ցուցահանդեսը յուրատեսակ պտույտ էր «Պոլսոյ թաղերուն մէջ» ՝ գծանկարների միջոցով։

Նույն կարծիքը հայտնեց նաև մաեստրո Դանիել Երաժիշտը՝ ավելացնելով․ «Եթե շատերը ճարտարապետությունը համարում են քարացած երաժշտություն, ապա Լևոնի մոտ այն հնչող երաժշտություն է։ Ճարտարապետական կառույցներ արտացոլող նրա նկարները հնչող պատկերներ են, որոնց գծերը լարված ջութակի ձգված լարեր են հիշեցնում»։           

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում