«Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև՝ մեր ժողովուրդների»․Փաշինյան- Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպում

  • 05.05.2026
  • 0
  • 75 Views

«Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև՝ մեր ժողովուրդների» տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության շրջանակում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը,  այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության  նախագահին և նրա  գլխավորած պատվիրակությանը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, որովհետև վերջին երկու օրերին Էմանուել Մակրոնը մեծ երջանկություն է պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։  «Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև ակնհայտ է, որ այդ գործողություններով, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների  բարձրագույն մակարդակը, Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և  բոլորիս հիշողության մեջ։

Վարչապետի խոսքով՝  պետական այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնն ամբողջությամբ արտահայտում է այն  մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև «Եվ մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ առիթն օգտագործելով, իմ գնահատանքի խոսքերն ասելու Ձեզ այս հանգրվանի համար, որովհետև ես, իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից, գիտեմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում Ձեր նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ՀՀ  քաղաքացիները  զգում են այդ մեծ աջակցությունը, բարեկամությունը և սերը,  և անուրանալի է համարել այդ ներդրումը, որն արդեն  իր տեղն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ «Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերն արտահայտել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ, ի վերջո, պետական այցը, որը երկար սպասվում էր, Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա և այդ այցն իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, ես կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով  և արձանագրվելով՝ որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,-ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար «Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշել, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախ և առաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաև այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար՝ թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է շարունակել այս գործընթացը»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ  այս պետական այցի շրջանակում կստորագրվեն  մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ տեղավորվում են այն ռազմավարական գործընկերության շրջանակում, որը միասին պատրաստվում են ձևակերպել։ «Սակայն նույնքան կարևոր է, որ այս ամենից անդին գործընթացները շարունակվեն անշեղ առաջընթացով, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել ձեռքբերումները։ Դա կարևոր է թե՛ վերապատրաստումների, թե՛ համագործակցությունների, թե՛ սպառազինության առումով»,-ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է ամրապնդել համագործակցությունը նաև տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում՝ սկսած արհեստական բանականությունից մինչև հանրային քաղաքականությունների իրականացմանը ցուցաբերվող աջակցություն․ «Դուք գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը, և այն վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ լինի դա Ֆրանսիայի զարգացման գործակալության, թե այլ կառույցների միջոցով։ Եվ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել՝ ավելի մեծ ներդրումային տրամաբանությամբ»։

Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը,  ինչպես նաև  միավորող բարեկամությունը, այն կարևոր փուլը, որով անցնում են և որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սա մի գործընթաց է, որը մենք ուղեկցում ենք և որին հավատում ենք։ Այն պետք է նաև բացի նոր հեռանկարներ ապագայի համար, և դա մեզ համար իսկապես կարևոր է։ Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով։ Դրանք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսելի փողոցներում։ Այսինքն՝ մենք ունենք փոխկապակցված ճակատագրեր։ Սա է նաև մեր երկկողմ հարաբերությունների յուրահատկությունն ու հարստությունը», –ամփոփել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկ անգամ ևս  շնորհակալություն հայտնելով  քննարկումների բարձր մակարդակի, եվրոպական հաջողությունների և պետական այցի ջերմ մթնոլորտի համար։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր, փոխանակվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ» համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» մտադրությունների նամակը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան և տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագիրը։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և  Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը։

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ամերիաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

«Էվոկաբանկի» գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Էվոկաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ֆրանսիական «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։

«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակել են և «Ֆլայուան Արմենիա» ընկերության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը։

«Մատենդարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը փոխանակել են ««Մատենդարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում