«Չե՛նք լռելու»․ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով մի շարք ձեռնարկներ Բեռլինում

  • 28.04.2026
  • 0
  • 8 Views

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում այս տարի ևս տեղի ունեցան մի շարք տարաբնույթ միջոցառումներ՝ զրույց- քննարկումներ, հիշատակի երեկո, թատերական ներկայացում, ֆիլմերի ցուցադրություն, պատարագ, ցույց՝ հարգանքի տուրք մատուցելու մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և պահանջելու ճանաչում և հատուցում։

«Կազմակերպվող բոլոր միջոցառումներն էլ կարևոր են ու անհրաժեշտ, և ինչքան շատ ու հաճախ, այնքան արագ կհասնենք մեր ցանկալի հանգուցալուծմանը։ Սակայն, գտնվելով Գերմանիայի մայրաքաղաքում, մենք պարտավոր ենք անպայմանորեն ամեն տարի գալու այստեղ՝ Թուրքիո դեսպանատան առաջ ու հենց իրենցից պահանջելու ճանաչում՝ իրենք են հասցեատերը»,- մեզ հետ զրույցում շեշտեց «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» հիմնադիր անդամ դր․ պարոն Ժիրայր Քոչարյանը։

Ավանդաբար անցկացվող ցույցն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 25-ին, որին բեռլինաբնակ հայերի հետ միասին մասնակցում էին նաև հույներ, ասորիներ և գերմանացիներ։

Պարոն Քոչարյանն իր խոսքում հիշեցրեց, որ մարտի 15-ին թուրք ազգայնական երիտասարդները ոճրագործ Թալեաթի մահվան տարելիցին հիշատակի միջոցառում էին կազմակերպել։ «Նրանք անգամ իրենց ցեղասպան առաջնորդներին են մեծարում։ Մենք դասեր պիտի քաղենք և մեր բողոքի ակցիաները չեն դադարելու այնքան ժամանակ, մինչև այն իրականացնողը չճանաչի։ Արցախի կոտորածներն ու բնակչության բռնի տեղանահումը մարդու իրավունքների միջազգային կառույցները ցեղասպանություն են որակել։ Ուստի մենք հետևողականորեն պիտի արդար հատուցում պահանջենք, որ աշխարհում ոչ մի տեղ այլևս նման բան տեղի չունենա։ Այնինչ Հայաստանի ներկա ղեկավարը ձգտում է համոզել տեղի հայերին զարգացնել նոր գիտակցություն՝ այն է՝ ապրել ներկայով, մոռանալ Արևմտյան Հայաստանը, Արարատը, Արցախը, անցյալը և այլն։ Այսօրվա հայ առաջնորդի զիջումներից խրախուսված՝ Ադրբեջանը նորանոր պահանջներ է հորինում և առաջ քաշում։ Սիրելի՛ հայրենակիցներ, պատմությունից փախնելը, ինչպես Փաշինյանն է առաջարկում, մեզ լիակատար ոչնչացման է տանում՝ Արցախը վկա»,- եզրափակեց իր ելույթը պարոն Քոչարյանը։  

«Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ հուշարձանի ստեղծման խթանման ասոցիացիայի» խորհրդի անդամ, ազգությամբ հույն տիկին Պարտենա Իորդանիդոուն իր ելույթում մասնավորապես շեշտեց, որ ոչ ոք չի լռելու այնքան ժամանակ, մինչև արդարացի հանգուցալուծում ստանա հարցը․ «Մենք հիշեցնում ենք թուրքական պետությանը նրա ցեղասպանական հանցագործությունների մասին և կոչ ենք անում նրան ճանաչել իր պատմական պատասխանատվությունը։ Թուրքիան բառացիորեն հիմնադրվել է մեր՝ երեք միլիոն հայ, հույն և ասորի նախնիների դիակների և ոսկորների վրա։ Այս մասին, ի թիվս այլոց, նշում է նաև թուրք պատմաբան և ցեղասպանությունների առաջատար հետազոտող Թաներ Աքչամը։ Թո՛ւրք ժողովուրդ, քննադատաբար մոտեցե՛ք։ Դադարեցրե՛ք ցեղասպանության մեղավորներին երկրպագելը։ Դա ձեզ պատիվ չի բերում։ Մեր պատմությունն ու ինքնությունը նախատեսված էր ջնջելու Անատոլիական տարածաշրջանից։ Բայց մեր դիմադրողականությունն ավելի մեծ է, քան ձեր կատարած ցեղասպանությունը։ Մենք ապացուցել ենք սա և կշարունակենք ապացուցել։ Մենք բանավոր կերպով արտահայտել, գրանցել և փաստաթղթավորել ենք թուրքական հանցագործությունները։ Ոչ ոք չի կարող ասել, որ դրանց մասին ոչինչ չգիտի։ Այս ցեղասպանության վերքերն անթիվ են և չեն բուժվի, մինչև թուրքական պետությունը պաշտոնապես չճանաչի այն։ Ի՛ գործ»։

Ցուցարարները միաբերան ամոթանք տվեցին թուրքական ներկա իշխանություններին, իսկ գերմանական կողմին՝ արթնանալ քնից, քանի որ հետևանքներն աղետաբեր կլինեն։  

Գերմանացի ակտիվիստ պարոն Գերհարդ Բայերը, ով առանձնապես հետաքրքրված է հայկական հարցով և Արցախով,  կոչ արեց բոլորին սթափվել, մասնավորոպես դիմելով Գերմանիայի կառավարությանը նշեց կատարել իր տնային առաջադրանքները ․ «Եթե այսպես լռել շարունակեք, ապա թուրքերը պատմությունն աղավաղելով կսկսեն հայտարարել, որ հայերն են իրենց ցեղասպանել։ Ամո՛թ, հազար ամո՛թ։ Ես որպես բեռլինցի պահանջում եմ վերանայել պատմությունը մանրամասնորեն և հայերից գողացվածը, այո՛, հստակ գողացածը վերադարձնել միլիարդավոր դոլորների տեսքով, նախ նրանց հայրենիքը»։

Մեկ այլ գերմանացի ցուցարար՝ տիկին Սուզանա Ռոեսլինգը, կարծիք հայտնեց, որ․ «Գերմանիան արդեն տասնամյակներ եղբայրություն է անում Թուրքիայի հետ, նա նույնպես պատասխանատու է այս հարցում, քանի որ նա իմանալով, թե առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո ինչ կոտորածներ են կատարվում այնտեղ, լռել է, սա դատապարտելի է։ Մեզ այժմ նաև տխրեցնում է այն, որ գերմանական մամուլում գրեթե չի լուսաբանվում թեման, բայց չէ որ պատմությունը չի անհետանում»։

Ցույցի ավարտին պարոն Քոչարյանը կարդաց սպանված հարյուրավոր մտավորականներից հերթական 15-ի անունը, որոնց գերեզմաններն անհայտ են։

Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելու արարողությունը շարունակվեց ապրիլի 26-ին Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասում։ Տեղի պատմական պանթեոնի եկեղեցու սրահում երեկույթին հնչեցին պատմությունը վերանայելու, վերաարժևորելու, այն մոռացության չմատնելու և նրանից դասեր քաղելու կոչեր։ Ոգեկոչման և դատապարտման խոսքով ելույթ ունեցան «Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ հուշարձանի ստեղծման խթանման ասոցիացիայի» խորհրդի անդամ տիկին Պարտենա Իորդանիդոուն, գրող, կոմպոզիտոր և երաժիշտ պարոն Մարկ Սինանը, «Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ հուշարձանի ստեղծման խթանման ասոցիացիայի» անդամ Հրանտ Գասպարյանը, «Գերմանիայում հայ երիտասարդների միության» խորհրդի անդամ Սեդա Բարսեղյանը, «Ռասիզմի, ազգայնականության և խտրականության դեմ ակտիվիստների ասոցիացիայի» համահիմնադիր և խորհրդի անդամ, ազգությամբ թուրք Նիհատ Քենտելը և «Բեռլինի և Բրանդենբուրգի հայ երիտասարդություն» միության խորհրդի անդամ Դիանա Փիրուզյանը։

Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ, դերասան Ստեփան Գանտրալյանը և Աննետտե Հայմաննը։

Ավարտին ներկաները ծաղկեպսակներով մոտեցան Ցեղասպանության հուշակոթող պատին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Այստեղ  բեռլինահայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Հակոբյանը բարեխոսության կարգ մատուցեց՝ նշելով․ «Սիրելի՛ ներկաներ, այսօր կանգնած ենք լռության և հիշողության սահմանին։ Ապրիլի 24-ը պարզապես օր չէ օրացույցում, այն մեր հավաքական հիշողության ցավոտ, բայց անջնջելի էջն է։ Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Այսօր գլուխ ենք խոնարհում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքն այն պատճառով, որ հայ և քրիստոնյա էին։ Մենք հիշում ենք ոչ միայն նրանց մահը, այլև նրանց կյանքը՝ նրանց երազանքները, մշակույթը, ստեղծագործ միտքը, ընտանիքներին։ Մենք հիշում ենք, որովհետև հիշողությունը մեր ուժն է, իսկ մոռացությունը նշանակում է կրկնել նույն ողբերգությունը։  Ապրիլի 24-ը նաև արդարության կոչ է։ Քանի դեռ ճշմարտությունը լիովին չի ընդունվել ու դատապարտվել, մեր պայքարը շարունակվում է՝ հանուն ճանաչման, հանուն պատմական արդարության, հանուն այն աշխարհի, որտեղ նման հանցագործություններն այլևս տեղ չեն ունենա»։

Ի հավելումն նշենք, որ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի երեկոներ և ճանաչման պահանջով միջոցառումներ են տեղի ունեցել Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ Քյոլնում, Համբուրգում, Բրեմենում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Բրաունշվայգում, Լայպցիգում, Մայնցում, Շտուտգարտում, Հալլեում, Քեհլում, Նոյվիդում, Նյուրնբերգում, Հյոխշտադտում, Բիլեֆելդում, Գիսսենում, Վյուրցբուրգում, Մյուլհայմում և այլուր։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում