2026թ. ապրիլի 1-ին՝ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, Արցախի Հանրապետությունն օկուպանտ ու ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանն, ի մասնավորի, հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն»:
Հարկ է նշել, որ մեջբերվածը չի համապատասխանում իրականությանը: Օկուպանտ և ցեղասպան Թուրքիայի ու վերջինիս կողմից արհեստականորեն ստեղծված, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նպատակն աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստան պետության վերացումն է Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերին ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի տարածքը միմյանց միջև բաժանելու միջոցով: Այդ նպատակին հասնելու համար նրանք օգտագործել և օգտագործում են կոշտ ու փափուկ մեթոդներ:
Կոշտ մեթոդի կիրառման վերջին թարմ օրինակը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին արցախահայության ցեղասպանությունն ու Արցախի Հանրապետության օկուպացիան է Ադրբեջանի կողմից: Իսկ փափուկ մեթոդի կիրառման օրինակներ են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» և «արևմտյան Ադրբեջան» ու «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» խոսույթները:
Հայաստանի և օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի միջև չի եղել, չկա ու չի լինելու խաղաղություն այնքան ժամանակ, քանի դեռ՝
- Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի ու անհապաղ չի ազատել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքն ամբողջությամբ:
- Արցախի հայությունը տիրոջ իրավունքով ու կարգավիճակով չի վերադարձել իր բնօրրանը, որտեղ իր նախնիներն ապրել են մոտավորապես երեք հազար տարիներ անընդմեջ:
- Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի ու անհապաղ չի ազատել իր կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող բոլոր հայերին:
- Ադրբեջանն իր զինված կազմավորման ստորաբաժանումներն առանց որևէ նախապայմանի ու անհապաղ դուրս չի բերել Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից:
- Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում ազգությամբ հայերի նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:
- Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն հայերի հանդեպ:
- Ադրբեջանի հանրային հաստատությունները նպաստում են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը:
- Ադրբեջանում հայերի հասցեին պարբերաբար հնչում են ատելության խոսքեր ու նսեմացնող հրապարակային հայտարարություններ:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ



