Մանթաշյանց բիզնես ակումբի Եվրոպական առաջին տարածաշրջանային հավաքը Պրահայում

  • 24.03.2026
  • 0
  • 172 Views

Մարտի 21-ին Պրահայի Գրանդիում հյուրանոցի սրահում տեղի ունեցավ «Մանթաշյանց» բիզնես ակումբի Եվրոպական առաջին տարածաշրջանային հավաքը, որին մասնակցում էին ոչ միայն Եվրոպայից, այլեւ Հայաստանից ժամանած 50-ից ավելի գործարարներ։ Եվրոպական երկրներից ներկա էին Չեխիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները։

Հավաքը վարում էր «Մանթաշյանց ակումբ» Չեխիայի հիմնադիր, ռազմավարական թվային մարքեթինգի և IT-ի բնագավառի «Վեբ Դոմինանս» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարիամ Վարդանյանը։

Ներկաներին ողջունեց եւ օրհնության խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբը կարեւորեց ակումբի գործունեությունը եւ հայանպաստ կապերի ստեղծումը։

Այնուհետեւ «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը՝ ներկայացնելով ակումբի 2025 թվականի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները։

Բանախոսը շեշտեց, որ այսօր աշխարհում գործող հայկական ամենամեծ ցանցը Հայ Առաքելական եկեղեցին է։ Կարեւոր տնտեսական ցանց է «Մանթաշյանց» ակումբը, որն աշխարհում ունի 24 մասնաճյուղ եւ 800 անդամ։ նպատակ ունեն 2027 թվականի վերջին մասնաճյուղերի թիվը հասցնել 50-ի, իսկ անդամների թիվը՝ 3000-ի։

Այժմ կազմակերպում են տարածաշրջանային հավաքներ, որպեսզի անդամները ոչ միայն իրար ճանաչեն, այլեւ նոր կապեր ստեղծվեն եւ ծանոթանան ակումբի ապագա գործունեությանը։ Արդեն իսկ ակումբի շրջանակներում տարեկան տեղի են ունենում մոտ 1200 անհատական հանդիպումներ, 1000 տարբեր բնույթի միջոցառումներ։ Վահրամ Միրաքյանը խոսեց հայության գլոբալ ռեսուրսենրի մասին, բերեց ճապոնացիների ու հրեաների փորձից օրինակներ, եւ նշեց, որ հայերը տեղյակ չեն իրենց գլոբալ հնարավորություններին։ Նա մանրամասն ներկայացրեց նաեւ կազմակերպության գործունեության ներքին կանոններն ու էթիկայի դրույթները։

Ակումբի նախագահը հայտնեց նաեւ, որ այս տարի հունիսի 29-ից հուլիսի 5-ը Երեւանում կանցկացվի Մանթաշյանց ակումբի երկրորդ գլոբալ ֆորումը։

Այնուհետեւ տեղի ունեցավ պանելային քննարկում, որը վարեց Մարիամ Վարդանյանը։ Քննարկմանը մասնակցեցին եւ ներկաների հարցերին պատասխանեցին Ռազմավարական ֆինանսական կառավարման և ներդրումային նախագծերի կառուցվածքավորման «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մհեր Փարվանյանը, արևային կայանների եւ էներգետիկայի ոլորտի «Էկովիլ» ընկերության հիմնադիր խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանը, ֆինանսական ոլորտի «Քեթաքս Քորփորեյշն» (Qetax Corporation) ընկերության համահիմնադիր, ԱՄՆ և միջազգային հարկային հարցերով խորհրդատու Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Հետաքրքիր եւ բովանդակալից քննարկմանը հետեւեցին Մանթաշյանցի մեծ նախագծերի ներկայացումը եւ ցանցային ծանոթությունները։

Հաջորդ օրը հավաքի մասնակիցները այցելեցին «Շկոդա» ավտոմոբիլային գործարան։

orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ կազմակերպիչների

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում