Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։
Հայտարարության մեջ ասվում է.
«Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ վերջին հրաժեշտը տալու Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ին, այս վարչախումբն ապացուցում է, որ վերջնականապես զուրկ է որևէ սրբությունից։
Սա մանրախնդիր ու վախկոտ խուլիգանություն է։ Երբ պետական ապարատը չի կարողանում զսպել իր էժանագին քենը անգամ մահվան, սգի և վերջին հրաժեշտի առաջ, մենք գործ ունենք ոչ թե իշխանության, այլ ազգային խայտառակության հետ։
Սա հարված է մեր պետության արժանապատվությանը։ Ամենայն Հայոց Հովվապետին իր հոգևոր եղբոր հուղարկավորությանը մասնակցելուց զրկելով՝ դուք չեք նվաստացնում Վեհափառին։ Դուք ծաղրուծանակի եք վերածում Հայաստանը՝ աշխարհին ցույց տալով, որ մեր երկիրը ղեկավարվում է հոգեկան հիվանդությամբ տառապողների կողմից, ովքեր թքած ունեն դարավոր հայ-վրացական հարաբերությունների վրա։
Սա բացահայտ սրբապղծություն է։ Այնտեղ, որտեղ նորմալ մարդիկ լռում են և գլուխ խոնարհում, դուք կառուցում եք ձեր էժանագին մոլագար պատերը։ Սա ոտնձգություն է ոչ միայն եկեղեցական կարգի, այլև մարդկային տարրական բարոյականության դեմ։
Մենք խստագույնս պահանջում ենք՝ անհապաղ և առանց էժանագին իրավական շղարշների վերացնել Կաթողիկոսի դեմ կիրառվող այս խայտառակ արգելքը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ձեր վարած թշնամական ու կործանարար արշավը հատել է խելագարության բոլոր սահմանները։
Սթափվե՛ք։ Ով այսօր լռում և հանդուրժում է այս խայտառակությունը, դառնում է պետական մակարդակով իրականացվող այս հոգևոր տեռորի հանցակիցը։ Դուք չեք խոցում Եկեղեցին, դուք մերկացնում եք ձեր իսկ բարոյական սնանկությունը, ձեր վախն ու մանրությունը։ Ձեր կերպարը զզվանքից ու խղճահարությունից բացի այլ զգացումներ չի առաջացնում»։
Հարություն Աղա-Սարգսյան, Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
xxx
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը. «Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։
Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։
Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։
Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»։
orer.eu



