Արտավազդ Սահակյան․ հիշատակի երեկո և բարձրագույն պարգև

  • 18.03.2026
  • 0
  • 138 Views

Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հայ ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հուշ-երեկոն։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը, 2025 թվականի նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել՝ ականավոր բժիշկ Արտավազդ Սահակյանին շնորհել «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը։

Ցավոք, Արտավազդ Սահակյանը մահացավ։

Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը հանձնվեց նրա որդուն՝ բժիշկ Արամ Սահակյանին։

Արտավազդ Սահակյանին կարելի է ասել ամբողջ Հայաստանն էր ճանաչում։ Նրան միշտ սպասում էին նաև Սփյուռքում, Արցախում։

 Նրա  հետ Արցախի հեռուստատեսության  վերջին հարցազրույցը հետադարձ հայացք է անցյալին՝ ինչպես կատարեց առաջին փոխպատվաստումը, ինչպես էր նա երազում դառնալ ճարտարապետ, բայց դարձավ մարմնի ճարտարապետ, ինչպես է 1990-ականներին կազմակերպել Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի մարտերում վիրավորված մեր տղաների տարհանումն ու բուժումը, ինչպես է դիվանագիտական առաքելություն իրականացրել, մեկնել Արցախ, պատանդառվել, կազմակերպչական կարևոր խնդիրներ լուծել, Արցախում ևս բուժել մարդկանց, կյանք պարգևել։

 Արտավազդ Սահակյանը 7 գյուտի հեղինակ է։ Ամենաանհավանական վիրահատություններ է արել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում։ Նա գիտնական էր, օժտված բժիշկ, որի համար իր Հայրենիքը, ժողովուրդը բացարձակ արժեք էին։

 Արտավազդ Սահակյանը իրական լեգենդ էր, ֆենոմեն, մարդ-հանրագիտարան. նրան ճանաչելը մեծագույն պատիվ է. Ասում են բժիշկները, ճարտարապետները, լրագրողները, արվեստագետները, բոլորը։ Նրանք հուշեր են պատմում ամենաուժեղ մարդու ամենափխրուն զգացումներից։ Ու թվում է՝ Արտավազդ Սահակյանը իր մեջ ամփոփել է ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությանը ու նրա ցավը։ Այդ ցավն էլ նրան տարավ՝ մեզ թողնելով իր անժամանակ հեռացումի մեծ ցավը։

Թեքեյան մշակութային միություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում