Հայ եկեղեցին քննադատում է Սուրբ Երկրի Կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիներին. «ԱԶԳ»

  • 27.02.2026
  • 0
  • 256 Views

Սուրբ Ծննդյան քարանձավի լիիրավ պահապան Հայ եկեղեցին պահանջում է գործել բացառապես եռակողմ հիմունքներով

Եվրոպայում ամենախոշոր՝ կաթոլիկական լրատվական գործակալությունն (KNA) անդրադարձել է Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան քարանձավի վերականգնման շուրջ եկեղեցիների վեճին, մասնավորապես Հայոց պատրիարքարանի հնչեցրած քննադատությանը, որով մեղադրում է միակողմանիորեն գործելու, հայերին  մարգինալացնելու մեջ: Հրապարակումը տեղ է գտել նաեւ գերմանական «Դոմռադիոյի»  փետրվարի 20-ի լրահոսում: Ստորեւ ներկայացվող վերոնշյալ հոդվածի բովանդակային մասը հուշում է, որ քրիստոնեական մեծագույն սրբություններից մեկում՝ Սուրբ Ծննդյան քարանձավի վերանորոգման աշխատանքներում Հայոց եկեղեցու իրավունքների սահմանափակման փորձը մաս է կազմում Հայաստանում եւ աշխարհում Հայոց Եկեղեցու դեմ ծայր առած արշավին: Ճանաչենք մեր պատմությունը, տեր լինենք մեր իրավունքին, կուլ չգնանք խարդավանքին:

Հայոց պատրիարքարանը մեղադրում է Սուրբ Երկրի կաթոլիկ ֆրանցիսկյան կուստոդիային եւ Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքարանին միակողմանիորեն գործելու եւ հայերին ճնշելու, լուսանցք մղելու, մարգինալացնելու մեջ: Հունվարի վերջին երկու եկեղեցիները համատեղ հայտարարությամբ ազդարարեցին, որ Ծննդյան եկեղեցու ներսում գտնվող քարանձավը կվերականգնվի: Նշվեց, որ ներգրավված են նաեւ Հայոց պատրիարքարանը եւ Պաղեստինի ինքնավարությունը: Սակայն, ըստ հայկական կողմի, դա տեղի չի ունենում հավասար հիմունքներով: Ծննդյան քարանձավը վաղեմի համաձայնագրով կառավարվում է համատեղ՝ Հույն ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու մասնակցությամբ: Հիշյալ կարգավորումը երաշխավորում է  հավասար իրավունքներ: Այնինչ վերջերս կաթոլիկ եւ ուղղափառ հռչակագրում Հայոց եկեղեցին հիշատակվում է միայն որպես «համագործակցող» գործընկեր, ոչ որպես ստորագրող: Ըստ Հայոց պատրիարքարանի, սա բացթողում չէ, այլ միտումնավոր քաղաքական ուղերձ: Սույնը հաստատում են նաեւ օրեր առաջ Ֆրանցիսկյան կուստոդիայի այցելության վերաբերյալ զեկույցում  ներառված լուսանկարները եւ հայտարարությունները, որում հայ ներկայացուցիչները չկային:  «Սուրբ վայրում, որտեղ պահպանվում է ստատուս քվոն, չի կարելի խոսել (երեքի) «համաձայնության» մասին եւ միաժամանակ գործել երկկողմանի», հայտարարել է Հայոց պատրիարքարանը: Հայերին տեքստերում հիշատակելը, իսկ գործնականում նրանց բացառելն անընդունելի է:

Երկարաժամկետ հեռանկարում կրկնակի բացառումը կարող է խաթարել հայերի իրավունքներն այս վայրում: Հետեւաբար, Հայ եկեղեցին պահանջում է՝ ապագայում հաղորդակցությունները, այցելությունները եւ ստուգումներն իրականացնել բացառապես եռակողմ հիմունքներով եւ՝ հայերը ներկայացվեն՝ որպես Ծննդյան քարանձավի լիիրավ պահապաններ:

KNA-ի վերոհիշյալ հոդվածից հետո, փետրվարի 25-ին, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան  քարայր է այցելել «տաճարի իրաւատէր Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը, գլխաւորութեամբ Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր», ինչպես ծանուցում է համաեվրոպական «Օրեր»ի կայքը՝ «մօտէն հետեւելու վերականգնման աշխատանքներու ընթացքին»:

Բեթղեհեմի կենտրոնում գտնվող սուրբ Ծննդյան տաճարը, որը 2012 թվականի հունիսին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, քրիստոնեական աշխարհի ամենասուրբ վայրերից մեկն է: Այն լայնածավալ վերականգնման է ենթարկվել 2013 թվականից ի վեր: Նախատեսված է մինչեւ 2026 թվականի օգոստոս ավարտել վերականգնումը: Ծննդյան եկեղեցին 12,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող վանքերի, քարանձավների եւ այլ եկեղեցիների համալիրի մաս է կազմում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Ազգ

Հայոց պատրիարքության պաշտոնական հաղորդագրությունը

Սուրբ Ծննդեան Տաճարի Իրաւատէրերէն՝ Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը այցելեց Սուրբ Ծննդեան քարայր՝ մօտէն հետեւելու վերականգնման աշխատանքներուն

Չորեքշաբթի, 25 Փետրուար, 2026-ին, Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան տաճարի իրաւատէր Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը, գլխաւորութեամբ Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր, այցելեց Սուրբ Ծննդեան քարայր՝ մօտէն հետեւելու վերականգնման աշխատանքներու ընթացքին։

Այցը կը յաջորդէ Պաղեստինի նախագահ՝ Վսեմաշուք Տիար Մահմուտ Ապասի 2024 թուականի հրամանագրին, որով նախատեսուած էր Սուրբ Ծննդեան քարայրի վերականգնումը: Ծրագիրը մաս կը կազմէ Սուրբ Ծննդեան տաճարի 2013 թ.-ին սկսուած համապարփակ նորոգութեան:

Նախագահ Ապասի հրամանագիրը կը շեշտէ այս հոգեւոր, կրօնական եւ ազգային ժառանգութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ միաժամանակ յստակ կերպով պաշտպանելով Սուրբ Ծննդեան տաճարի երեք իրաւատէր եկեղեցիներու՝ Յունաց, Հայոց եւ Լատիններու Status Quo-ի իրաւունքները:

Աշխատանքները կ’իրականացնէ իտալական Piacenti ընկերութիւնը՝ միջազգային գիտական բարձր չափանիշներով եւ Status Quo-ի լիակատար յարգումով: Վերականգնումը նպատակ ունի ապահովելու քարայրի անվտանգութիւնը, սրբութիւնը եւ երկարակեցութիւնը:

Աշխատանքներու աւարտը նախատեսուած է մինչեւ 2026 թուականի Օգոստոս:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում