Հարցազրույց «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր Սագո Օգնայանի հետ
«ՀՀ-ն շրջապատված է երկու ոչ բարեկամ պետությունների կողմից, միշտ կարող է ենթարկվել հարձակումների՝ հայրենիքի հողը խլելու նպատակով։ Միշտ պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանվելու։ Ինքնախաբեություններ, ցուցադրություններ, մեծամոլություն, զգացականություններ պետք է թողնենք եւ միասին ծանր աշխատանք կատարենք, հատկապես՝ պետական մակարդակով՝ պաշտպանելու ներկայիս եղած Հայաստանը։ Ուժն է, որ հարգանք է պարտադրում շրջակայքին եւ բոլորին»,- ասում է արտերկրում հայտնի «Սփյուռք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սարգիս Օգնայանը: Նրան մի քանի հարց ուղղեցինք:
– Ընթերցողի համար հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես հիմնվեց «Սփյուռք» շաբաթաթերթը, ինչպես է այն գոյատեւել, ինչ խնդիրներ ու նպատակներ ունի այսօր, ինչպես է ապահովվում պարբերականությունը:
– «Սփյուռք» գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը հայկական իրականության բացառիկ երեւույթներից է։ Այն հիմնադրված է 1958-ին՝ հայ հրապարակախոս եւ բանասեր Սիմոն Սիմոնյանի կողմից։ Թերթը սկզբունքապես անկախ էր, քաղաքական կուսակցությունների հետ կապ չուներ։ Հոն ճշմարտությունը պիտի ասվեր, նույնիսկ եթե անկայուն ըլլար շատերուն համար։ Իմ քաջալերանքով շատ գրողներ եւ բանաստեղծներ սկսան համագործակցել՝ ինչպես Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Գուբելյան։ 1975-1989 թվականներին խմբագրեց Գեւորգ Աճեմյանը՝ պահպանելով գրական եւ մշակութային ուղղվածությունը։ 1990-ին թերթը փոխանցվեցավ Լիբանանի Հայկական Ժողովրդային Շարժմանը (ՀԺՇ), եւ թերթի ընդհանուր ուղղվածությունը զգալիորեն փոխվեցավ՝ ազգային ազատագրական շարժումների եւ Հայոց ցեղասպանության թեմաներով։ Ներկայիս «Սփյուռք»-ը պատկերազարդ անկախ հրատարակություն է, որում գտնում են հայ ազգային ցավերու շուրջ մեկնաբանություններ եւ վերլուծություններ՝ հայաստանցի եւ սփյուռքահայ ընթերցողների համար։ Թերթը գոյատեւում է դժվար պայմաններում՝ հայերեն կարդացողներու պակասի, աշխատակիցների քչության եւ նյութական դժվարությունների պատճառով։ Ներքին տեղեկատվական մամուլից զերծ է, բայց շարունակում է հանդիսանալ ազգային-հասարակական լուրջ պարբերական։ Վերջին 10 տարիներին հրատարակել ենք նաեւ գրքեր, այդ թվում՝ ՀԱՀԳԲ-ի ալբոմ-հուշամատյան (2025) եւ այլ լիբանանահայ եւ սփյուռքահայ հեղինակների աշխատանքներ:
– Ներկայիս ներհայաստանյան զարգացումները խոր մտահոգություն են պատճառում սփյուռքի որոշ շրջանակներին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, գործող իշխանության վարքագիծը, ազգային ինքնության եւ Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները։
– Որքան ալ փորձենք ամենամեղմ ձեւակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե հանապազօրյա ելույթներին ու դիրքորոշումներին, դժվար է չարձանագրել, որ գործ ունենք պետական մտածողության լուրջ ճգնաժամի հետ։
Պետական գործիչը պարտավոր է առաջնորդվել իրատեսությամբ, տրամաբանությամբ, շրջահայացությամբ եւ պատասխանատվության զգացումով։ Սակայն հնչեցված շարք մը արտահայտություններ, մասնավորաբար` «կառավարությունը ես եմ» ձեւակերպումը, կհուշեն իշխանության անհատականացման եւ կառավարման կոլեգիալ սկզբունքների խախտման մասին։ Կառավարությունը մեկ անձի քաղաքական ինքնության շարունակությունը չէ, այլ՝ հավաքական պատասխանատվություն կրող մարմին։ Երբ պետությունը կնույնացվի մեկ անձի հետ, այդ իրողությունն արդեն իսկ մտահոգիչ է։ Սակայն խնդիրը միայն կառավարման ոճին չի վերաբերի։ Ավելի խոր գործընթաց մը կծավալի ազգային ինքնության հիմքերին շուրջ։ Այսօր ակնհայտ է, որ թիրախ դարձած է մեր ազգային գոյության առանցքային հիմնասյուներեն մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եկեղեցին լոկ կրոնական կառույց չէ․ այն մեր պատմական հիշողության, մշակութային շարունակականության, ազգային ինքնագիտակցության եւ համազգային միասնության կարեւոր սյուներեն է։ Երբ իշխանությունը հետեւողական կերպով կվարկաբեկի Եկեղեցին եւ անոր հոգեւոր դասը, դժվար է զայն ներկայացնել իբրեւ պարզ բարեփոխման գործընթաց։ Անշուշտ, Հայոց եկեղեցին եւս, որպես մարդկային կառույց, ունի իր ներքին խնդիրները, որոնք պետք է դիմագրավվեն ու սրբագրվեն։ Սակայն խնդիրների լուծումը եւ կառույցի հեղինակազրկումը կամ քանդումը տարբեր բաներ են։ Այս պարագային ավելի շատ կնկատվի ապամոնտաժման, քան պայծառացման միտում։ Մյուս լրջագույն հարցը կվերաբերի պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շուրջ զարգացումներին։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով տեղի ունեցած գործընթացները, միջազգային դերակատարների հայտարարությունները, ինչպես նաեւ՝ Արցախի կորստեն եւ արցախահայության բռնագաղթեն ետք հնչեցված գնահատականները խոր մտահոգություն կպատճառեն։ Երբ կհնչի այն տեսակետը, թե Արցախի զոհաբերումը իբր թե նպատակ ուներ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, բնականաբար, կծագին ծանր հարցադրումներ պետական ռազմավարական մտածողության վերաբերյալ։ Պետականության ամրապնդումը չի կրնար կառուցվիլ ազգային իրավունքներու եւ պատմական պատասխանատվության հաշվին։
Գործող իշխանությունն իր քաղաքական օրակարգը կներկայացնե ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսներով։ Սակայն ժողովրդավարությունը չի նշանակեր ազգային ինքնության նսեմացում։ Ազատությունը չի կրնար վերածվիլ պատմական հիշողության աղավաղման։ Իրավունքների պաշտպանությունը չի կրնար ընթանալ ազգային խորհրդանիշների արժեզրկման ուղիով։ Առավել զարմացնող է հանրային այն շրջանակների համառ հանդուրժողականությունը, որոնք տակավին կշարունակեն հույս փայփայել եւ տեղի ունեցող գործընթացները չտեսնելու տալ։ Երկար ժամանակ լայն զանգվածները ենթարկված էին ապատեղեկատվության եւ քարոզչական մեքենայության ազդեցության, սակայն այսօր իրողությունները չափազանց տեսանելի են։
Մենք կապրինք մեր նորագույն պատմության վճռորոշ հանգրվան մը։ Խնդիրը լոկ իշխանափոխությունը չէ, այլ՝ պետական եւ ազգային ուղղության վերարժեւորումը։ Եթե մեզ համար տակավին արժեք կներկայացնեն հայ ինքնությունը, պետական ինքնիշխանությունը, ազգային-գաղափարական հիմքի անխաթար պահպանումը եւ մեր հոգեւոր ժառանգության շարունակականությունը, ապա անհրաժեշտ է խոր վերաիմաստավորում եւ պատասխանատու քաղաքական փոփոխություն։ Վաղը կրնա ուշ ըլլալ։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/59cf3c591d27010eb938ff98d0bb3d69



