Միլանի հայերը ծանոթացան Տորինոյի հայտնի հայերին. Ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի իտալահայ համայնքին նվիրված համարը

  • 25.02.2026
  • 0
  • 208 Views

Լուսանկարում՝ Կարեն Կոկչյանը, Հայր Ներսեսը եւ Հակոբ Ասատրյանը

Փետրվարի 22-ին Միլանի Հայ տանը կազմակերպված հանդիպումը նվիրված էր  Տորինոյի հայ համայնքի երկու ներկայացուցիչների՝ գործարարներ Կարեն Կոկչյանի եւ Հարություն Ոպանյանի գործունեությանը։ Նման հանդիպումները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնել իտալահայության տարբեր համայնքների հայերին, այլեւ արդեն փորձառու հայերի անցած ուղին՝ նոր սերնդին։ Այս մասին իր ողջույնի խոսքում ասաց ձեռնարկի նախաձեռնող, Միլանի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի  անդամ, մանկաբարձ-բժիշկ Մարիամ Ստեփանյանը։ Նա անկեղծորեն խոստովանեց, որ անդամակցելով հոգաբարձությանը, հասկացել է, որ շատ հայեր միմյանց չեն ճանաչում, չգիտեն ավագ սերնդի կատարած աշխատանքների մասին, եւ անհրաժեշտություն կա սերունդների փոխգործակցության համար հարթակ ստեղծել։ Այդ նպատակով արդեն կազմակերպել են հանդիպում միլանահայ համայնքի ճանաչված գործարար, եկեղեցու հոգաբարձունների խորհրդի անդամ  Արտավազդ Սերապյանի հետ, որն անցել է մեծ հետաքրքրությամբ։

Այս հանդիպմանը ներկաներին իր անցած ճանապարհն ու գործունեությունը ներկայացրեց Տորինոյից գործարար, եկեղեցու հոգաբարձու Կարեն Կոկչյանը։ Նա 1997 թվականից Տորինոյում հիմնել էր GMT  ընկերությունը, լինելով միջազգային ընկերությունների ներկայացուցիչը Իտալիայում՝ մատուցելով խորհրդատվական ծառայություններ օդանավերի տեխնիկական մասերի գծով։

Բանախոս Կարեն Կոկչյանն անդրադարձավ իր հասարակական գործունեությանը։

Կարեն Կոկչյան

Նա ծնվել է 1959 թվականին Պոլսում, ավարտել է տեղի Հինդլիյան վարժարանը, ապա հաճախել է իտալական դպրոց։ 1978 թվականից եկել է Իտալիա եւ  ուսանել Տորինոյի համալսարանում՝ օդային ճարտարագիտության գծով։ 2009 թվականից, 50 տարեկանում, որոշել է նվիրվել Հայաստանին ու հայությանը։  Բազմաթիվ անգամ  այցելել է Հայաստան, ծանոթացել ճարտարապետությանը, եկեղեցիներին, հոգեւոր ժառանգությանը։ Այդ օրերից սկսել է բարեգործական նպատակներով օգնել տարբեր ծրագրերի. աջակցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչի վերականգնմանը եւ օծմանը, Սեւանավանք տանող ճանապարհի աստիճանների բազրիքների կառուցմանը, Սեւանի մշակույթի պալատի ու դպրոցների վերանորոգմանը, Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցի վերանորոգմանը, Աշոցքի Կրասար գյուղի նոր դպրոցի կառուցմանը եւ այլն։ Կարեն Կոկչյանի ասելով, աջակցել են նաեւ մշակութային ծրագրերի, Կոմիտաս քառյակի Հայաստանի եւ Իտալիայի համերգներին, որ տեղի ունեցան Էջմիածնում՝ վեհարանում, եւ Միլանում՝ նվիրված քառյակի 95-ամյակին։ Այնուհետեւ 2015-ին առանձին ելույթով հրավիրել են քառյակի ղեկավար,  հայտնի ջութակահար Էդվարդ Թադեւոսյանին ելույթ ունենալու Ավիլիանա քաղաքում։  Ի դեպ, Ավիլիանան եւ Սեւանը քույր քաղաքներ են դարձել եւ այդ առիթով Սեւանում պատրաստված խաչքարը տեղադրվել է Ավիլիանա քաղաքում՝ պարոն Կոկչյանի հովանավորությամբ։  Եվ այդ բարեկամությանը նպաստելու համար նրան շնորհել են Սեւան քաղաքի պատվավոր  քաղաքացու կոչում։ Նրա ջանքերով Ասսիզի քաղաքի Սան Ֆրանչեսկո եկեղեցում Հայաստանին նվիրված ցուցահանդես է բացվել, որն այցելել է մոտ 3 միլիոն զբոսաշջրիկ։ 2020 թվականի պատերազմի օրերին էլ հանգանակություն են կազմակերպել եւ շտապ օգնության մեքենա են նվիրել Հայաստանին։

Կարեն Կոկչյանը ցուցադրելով իր բարեգործական աշխատանքների մասին լուսանկարները, պատմեց դրանց իրականացման հետ կապված հետաքրքիր մանրամասներ, պատասխանեց ներկաների հարցերին։

Այնուհետեւ իր փորձառությամբ ներկաների հետ կիսվեց Տորինոյի ամենահայտնի հայկական ռեստորանի՝ Casa Armenia-ի սեփականատեր Հարություն Ոպանյանը։ Նա ծնվել է Հայաստանում, զինվորականի ընտանիքում, 2017 թվականից տեղափոխվել է Տորինո։ 2000 թվականից բացել է հայկական ռեստորան, իսկ այսօր դրանց թիվը հասցրել է չորսի։ 2021 թվականից որոշել է նաեւ հայկական գինիներ ներմուծել Իտալիա։ Նրա ասելով, մինչեւ այսօր վաճառել է 50 հազար շիշ գինի։ Հարությունն իր ընկերոջ՝ Արմանի հետ նաեւ գործունեություն է ծավալել հյուրանոցային բիզնեսում։ Ստեղծել է հատուկ կայքէջ, որտեղ ներկայացված են ե՛ւ գինիներն ու հայկական կոնյակը, ե՛ւ ռեստորանը( Home Casa Armenia – Casa Armenia

Նրա ասելով, Տորինոյի հայ համայնքը շատ մեծ չէ, մոտ 20 հայ ընտանիք է բնակվում։

 Անդրադառնալով Կարեն Կոկչյանի գործունեությանը, Հարությունը նշեց, որ վերջինս եղել է համայնքի շարժիչ ուժը։ Եվ շատ կարեւոր է, որ նա իր փորձառությունը փոխանցի նոր սերնդին։ «Պատահական չէ, որ այսօր Տորինոյում հայերին կամ չեն ճանաչում, կամ շատ լավ են ճանաչում»,- ասաց նա։ Իսկ Տորինոյից ժամանած Սոնան կարեւորելով նման հանդիպումները, նշեց, որ լավ կլինի իրենց քաղաքում էլ հայկական պատարագներ մատուցեն։

Այնուհետեւ ելույթ ունեցավ Պրահայից ժամանած ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ Նա ներկայացրեց ամսագրի 26 տարիների գործունեության հակիրճ պատմությունը, այդ թվում՝  «Հայերը Եվրոպայում» հոդվածաշարը։ Բանախոսը պատմեց «Հայերը Իտալիայում» բացառիկ համարի մասին, որի շնորհիվ շատ իտալահայեր ճանաչել են երկրում ապրող իրենց հայրենակիցներին, նաեւ համայնքի տարեգրությանն ու մարտահրավերներին։ Խմբագիրը նաեւ նշեց, որ իրենց նպատակն է ամսագրի բաժանորդագրության եւ orer.eu  կայքէջի միջոցով ոչ միայն ապահովել եվրոպահայության ցանցային տեղեկացվածությունը, այլեւ կապեր հաստատել տարբեր համայնքների ու կազմակերպությունների, անհատների միջեւ։

Վերջում ներկաներին ողջունեց եւ կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցու Իտալիայի հոգեւոր հովիվ  Ներսես աբեղա Հարությունյանը։ Իսկ Մարիամ Ստեփանյանը ավելացրեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, եւ մայիս ամսին կհյուրընկալեն Նեապոլի հայ համայնքի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանին։

Ձեռնարկի ավարտին հետեւեց հյուրասիրությունը։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում