Սվետլանա Քոչինյանի «Մեծերի եւ փոքրերի Թումանյանը» գիրքը՝ նվեր բոլոր սերունդներին

  • 19.02.2026
  • 0
  • 147 Views

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունը շնորհակալությամբ ստացավ վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Քոչինյանի «Մեծերի եւ փոքրերի Թումանյանը» գիրքը, որը մի յուրահատուկ փոքրիկ հանրագիտարան է, որում ամփոփված են ոչ միայն ուսուցչուհու երկար տարիների ընթացքում կատարած ստեղծագործական աշխատանքները, այլեւ Լոռու մարզի արվեստագետների ներդրումը՝ թումանյանական հսկա ժառանգության շտեմարանում։

Գրքի առաջաբանում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը նշել է, որ «Գրքի յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր նախադասություն ու բառ բարություն է քարոզում, ապրումակցման ու սիրո ծիլեր է բաժանում։ Երախտագիտության, ազգային հպարտության, ժողովրդավարական արժեքների, ծառի ու ծաղկի բուրմունք են տարածում ինչպես Ս. Քոչինյանի բոլոր գրքերը, այնպես էլ «Մեծերի ու փոքրերի Թումանյանը»։

Գրքի բովանդակային նյութը հիմնականում Թումանյան երեւույթին նվիրված հետազոտական, համագործակցային տիպի դասն է, որն իր մեջ ներառում է Մեծի կյանքի ու գրական բեղմնավոր գործունեության գրեթե բոլոր ոլորտները՝ սեղմ, մատչելի եւ ամփոփ ձեւով»։

Իսկ բանասեր Գայանե Անտինյանը նշում է, որ գիրքը նախատեսված է հիմնականում կրտսեր եւ միջին դպրոցի ուսուցիչների համար՝ որպես թումանյանական ինքնատիպ դաս-միջոցառումների ուղեցույց եւ մատչելի տարիքային բոլոր խմբերի համար։

Սվետլանա Քոչինյանը գրում է, որ գրքի միջոցով փորձել է ներկայացնել ի» երախտիքն ու հարգանքը , մեծագույն սերն ու խոնարհումը ամենայն Հայոց Բանաստեղծի հիշատակին։

Հեղինակը ոչ միայն ներառել է իր տարիների ընթացքում հավաքած հետազոտական աշխատանքները, այլեւ իր աշակերտների կողմից ստեղծված նյութեր, որոնք ծնվել են տարբեր էքսկուրսիաների ու միջոցառումների ընթացքում։

Գիրքը հարուստ է ոչ միայն թումանյանական լուսանկարներով, այլեւ Թումանյանին նվիրված տարբեր միջոցառումների մասին պատմող հուշերով։

Գրքում տեղ են գտել նաեւ Սվետլանա Քոչինյանի բանաստեղծությունները՝ նվիրված Մեծ Բանաստեղծին։

Գիրքը լույս է տեսել  2024 թվականին, «Վան Արյան» հրատարակչությունում։

Գիրքն ավարտվում է Թումանյանական քառյակներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր

* * *
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

1919, Նոյեմբեր

* * *
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

1919, Դեկտեմբերի 6

* * *
Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

1919, Դեկտեմբերի 8

* * *
Մեր կյանքը- կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ – հոգիանալու նորեն,
Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։

1919

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում