Պրոֆեսոր Գեղամ  Ճ.  Բոլոյանի  «ՀԱՅԵՐ․ ինքնություն և հիշողություն» գիրքը կներկայացվի իտալական Նարդո քաղաքում

  • 16.02.2026
  • 0
  • 156 Views

Լույս է տեսել  իտալաբնակ պրոֆեսոր Գեղամ  Ճ.  Բոլոյանի  «ՀԱՅԵՐ․ ինքնություն և հիշողություն» խորագրով գիրքը, որը լույս է ընծայել  Բարի քաղաքի «Radici Futuri» հրատարակչությունը։ Գեղամ Ճ. Բոլոյանը, սիրիահայ ակադեմիկոս է, արաբերեն լեզվի և գրականության, ինչպես նաև արաբերեն թարգմանության պրոֆեսոր է իտալական Բարիի և Լեչչեի համալսարաններում, ինչպես նաև լեզվաբանական փորձագետ է Սալենտոյի համալսարանում։

Փետրվարի 20-ին, ուրբաթ օրը, գիրքը կներկայացվի Իտալիայի հարավում՝ Սալենտոյի Նարդո քաղաքում, քաղաքի հովանավոր սուրբ Հայ Գրիգորի տոնի օրը։ Միջոցառումը տեղի է ունենում Նարդո համայնքի և Հռոմում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։ Իսկ փետրվարի 21-ին գիրքը կներկայացվի Լեչչե քաղաքում։

Գիրքը նվիրված է հայ ինքնության եւ հիշողության հարցերին։ Առաջաբանում մասնավորապես նշված է, որ Հայ ժողովրդի պատմությունը աշխարհի ամենահին և դիմացկուն քաղաքակրթություններից մեկի պատմությունն է։ Եվրոպայի և Ասիայի միջև տեղակայված Հայաստանը դարեր շարունակ եղել է կայսրությունների, արշավանքների և բախումների խաչմերուկ։ Չնայած հալածանքներին՝ ժողովուրդը պահպանել է իր ամուր ինքնությունը՝ հիմնված հայրենիքի, հիշողության և ավանդույթի վրա։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն և հայոց այբուբենի ստեղծումը վճռորոշ նշանակություն ունեցան լեզվի և մշակույթի պահպանման համար։ Միջնադարում Հայաստանը ապրեց քաղաքական և մշակութային ծաղկում, սակայն հետագայում կորցրեց անկախությունը՝ ձևավորելով լայն սփյուռք։ Նույնիսկ առանց պետականության՝ հայերը պահպանեցին իրենց ինքնությունը ընտանիքի և եկեղեցու միջոցով։ 1915–1917 թթ. ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենախոր վերքն է։ 20-րդ դարում Հայաստանը վերականգնեց անկախությունը՝ դիմագրավելով նոր մարտահրավերներ։ Այսօր հայկական մշակույթը շարունակում է արտահայտել տոկունություն և հույս։ «Հայեր․ ինքնություն և հիշողություն» աշխատությունը խորությամբ անդրադառնում է այս թեմաներին։

1996 թվականից պրոֆեսոր Բոլոյանը գործունեություն է ծավալում արևելյան լեզուների և մշակույթների ոլորտում։ Նա Իտալիայի Հայերի Միության փոխնախագահն է և Բարիի Արևելագիտության ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի նախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների որպես զեկուցող և հեղինակ է գիտական հոդվածների։ Խմբագրել է կարևոր աշխատություններ՝ նվիրված հայ և արաբ մշակույթներին, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը և Գևորգ Գ. Ապելյանի «Հարսը»։ Նրա հրատարակությունների շարքում կան նաև Հայոց ցեղասպանության և հայ ու արաբ հեղինակների գրականության վերաբերյալ աշխատություններ։ «Արյան կանչը» գրքի խմբագրման համար նա արժանացել է «Nuove Lettere» միջազգային մրցանակին (2013)։ Նա նաև պաշտոնական գնահատանքների է արժանացել  Բարիի քաղաքապետարանից և Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։ Նրա գործունեությունը առանձնանում է իտալական և հայկական մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված նվիրումով։

Գեղամ Բոլոյանի գործունեության մասին կարող եք կարդալ նաեւ ՕՐԵՐ ամսագրի 2025 թվականի 102-րդ համարում՝ նվիրված իտալահայությանը։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում բեղուն գործունեություն։

ՕՐԵՐ ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում