«ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում էապես կարող է փոխվել, երբ Հայաստանն ինքը գործոն դառնա մեր տարածաշրջանում». Նարինե Մկրտչյան

  • 10.02.2026
  • 0
  • 470 Views

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2025 թվականի վերջին՝ 103-րդ համարում լույս է տեսել  հրապարակախոս, քաղաքական լրագրող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ դեկտեմբերին արված  հարցազրույցը՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերություններին եւ այդ թեմայով գրված աշխատությանը։ Հարցազրույցում արծածված հարցերը այսօր առավել քան արդիական են։

2023 թվականին ԵՊՀ հրատարակչությունը լույս էր ընծայել Նարինե Մկրտչյանի «Ամերիկյան գործոնը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարության աջակցման գործընթացներում» աշխատությունը, որում հեղինակը քննության է ենթարկում անցած տարիներին ԱՄՆ կողմից այդ երկրներին ցույց տրված աջակցության ծրագրերը, որոնք իբր պետք է նպաստեին ժողովրդավարության կայացմանը: Ու քանի որ աշխատությունը ընդգրկում է միայն մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածը և չի ընդգրկում այսպես կոչված «թաշվյա» երկրորդ հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մենք փորձեցինք հարցազրույցի միջոցով անդրադառնալ  արդեն մերօրյա քաղաքականությանը:

-Ձեր գրքում մանրամասն անդրադառնում եք Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարության կայացման հիմնական խոչընդոտներին: Որո՞նք էին այդ խոչընդոտները, և որքանո՞վ են դրանք շարունակվել 2018թ. իշխանափոխությունից հետո, և արդյո՞ք ունեին տարբերություններ:

Մենագրության մեջ ես անդրադարձել եմ անկախացումից հետո Հայաստանին և Վրաստանին ցուցաբերված ԱՄՆ աջակցության ծրագրերին, որոնք նպատակամիտված էին աջակցել հարավկովկասյան մեր երկու երկրներում ժողովրդավարության կայացմանը: Այդ ծրագրերը, ցավոք, վերջնահաշվում չարձանագրեցին ցանկալի արդյունքներ, և Միացյալ Նահանգների նպատակը՝ աջակցել Հայաստանի կայացմանը, որպես ժողովրդավարական պետություն, ձախողվեց: Անդրադարձել եմ մինչև 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակահատվածին:

Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության կայացման հիմնական խոչընդոտներին, ապա եթե կարճ, ապա դրանք էին՝

1.ազատ ընտրական համակարգի չկայացվածությունը,

2. Հանրության՝ իշխանափոխության իրականացման սահամանափակ հնարավորությունները,

3.իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը,

4.անարդար և կախյալ դատական համակարգը, սահմանադրական արդարադատության բացակայությունը,

5.օրենքի գերակայության բացակայությունը, օրենքի առջև քաղաքացիների անհավասարությունը,

6. կուսակցությունների չկայացածությունը, հանրային ցածր վստահությունը դրանց հանդեպ, փաստացի միակուսակցական համակարգի առկայությունը,

7.հեռարձակվող ԶԼՄ-ների վերահսկումըիշխանությունների կողմից,8.քաղաքացիական թույլ ինստիտուտները,

9.ԱՄՆ ժողովրդավարության աջակցության ծրագրերի հասցեատերերի սխալ ընտրությունը, երբ ամերիկյան ֆինանսավորումը հաճախ ուղղվում էր անհասկանալի խնդիրներով ու նպատակներով արհեստածին կառույցներ,

10. համակարգային կոռուպցիան,

11. սոցիալական բևեռվածությունը և աղքատությունը,

12.ազատական տնտեսության չկայացածությունը և մենաշնորհների առկայությունը,

13. ժողովրդավարական արժեքների, Արևմուտքի դեմ պաշտոնապես խրախուսվող հակաքարոզչությունը,

14. Արևմուտքի անհետևողական և հայեցողական պահվածքը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների ոտնձգությունների հանդեպ,

15. դեպի Մոսկվա ուղղված` ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը, Հայաստանում ռուսական գործոնի աճը, ՀՀ կախվածություն Մոսկվայից:

Եթե այսևայլ խոչընդոտները դիտարկենք 2018թ.  թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի համար, ուսումնասիրենք Հայաստանին միջազգային կառույցների տված գնահատականները, ապա, ցավով պետք է արձանագրենք, որ ժողովրդավարական Հայաստանը շարունակում է մնալ չկայացած: Եվ եթե այս իրավիճակին ավելացնենք նաև Արցախի հայաթափումը և կորուստը, ապա ցավով պետք է արձանագրել, որ քաղաքական առումով մենք ծայրաստիճան բարդ իրավիճակում ենք հայտնվել: 2018թ. հեղափոխությունից հետո, ընտրությունների առումով, իհարկե, քվեատուփերի լցոնումներ, ընտրակաշառքներ չկան, սակայն առկա է վարչական միջոցների չարահում, լծակների գործադրում, բացի այդ, գործող Ընտրական օրենսգիրքը ուղղակի խոչընդոտ է ազատ ընտրությունների ճանապարհին, իսկ այդ օրենսգիրքը բացառապես կոսմետիկ փոփոխություններ է կրում: Մնացյալ կետերի առումով էլ Հայաստանում հեղափոխական, համակարգային փոփոխություններ չիրականացվեցին, մինչդեռ հեղափոխությունները դրան են նպատակամիտված, և  դարձյալ առկա քաղաքական համակարգը շարունակում է արգելակ մնալ ժողովրդավարության ճանապարհին: Կոռուպցիայի մասով Փաշինյանի թիմակիցների աննախադեպ և արագ հարստացումը, աղմկահարույց կոռուպցիոն գործերը վկայում են, որ այստեղ ևս խնդիրները հաղթահարված չեն: 2023-2024թթ. Հայաստանի կոռուպցիայի  համաթիվը, ըստ Transparency International-ի, 47/100 է (100-ը՝ բացարձակ մաքուրն է, 0-ն՝ ամբողջությամբ կոռուպացվածը): 2015թ. այդ համաթիվը եղել է 36, մինչդեռ 7 տարի կառավարող կուսակցության և իրեն կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հռչակած իշխանության համար տարբերությունը նախկին կառավարիչների համեմատ նվազ է: Դժբախտաբար, հեղափոխությունը ժողովրդավարության առումով Հայաստանում քաղաքական փոփոխություններ չիրականացրեց, նաև դարձավ Արցախի կորստյան պատճառ: 

Այժմ ուսումնասիրում եմ 2018թ. հետո ընկած ժամանակահատվածի՝ ժողովրդավարության աջակցության ԱՄՆ  ծրագրերը և ՀՀ-ում ժողովրդավարության իրավիճակը:

-Ձեր գրքում հետաքրքիր գնահատական եք տալիս, որ ԱՄՆ օգնության ծավալների աճին զուգահեռ Հայաստանում ամերիկյան գործոնն էապես թուլացել է: Դա մինչեւ 2018 թվականն էր: Իսկ այժմ ի՞նչ դեր է խաղում այդ գործոնը:

-Այո, և ես դա համարել եմ քաղաքագիտական պարադոքս: Ինչ վերաբերում է հետհեղափոխական այս ողջ ժամանակահատվածին, ապա հարկ է արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմը զգալիորեն վերախմբագրել է նախկին աշխարհաքաղաքական քարտեզը, և ներկա քարտեզում ռուսական գործոնը նվազում է: Միաժամանակ, հարկ է նշել, որ ռուսական գործոնի նվազման հետ, թվում է, թե պետք է աճեր ամերիկյան գործոնը Հայաստանում, եթե հաշվի առնենք նախ TRIPP-ի հռչակագիրը, ապա՝ Վրաստանում ժողովրդավարության հետընթացը և հեռացումը արևմտյան քաղաքականությունից, և թվում է, թե Հայաստա՞նը պետք է դառնար ամերիկյան գործոնի հենման կետը առնվազն հարավկովկասյան հատվածում: Սակայն պատերազմն Ուկրաինայում դեռ շարունակվում է, Ռուսաստանի վերահաստատումը տարածաշրջանում դեռ  օրակարգում է, իսկ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվել.  Հայաստանը շարունակում է մնալ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ: Դեպի Արևմուտք ընթանալը հայտարարություններով չէ, որ իրականանցվում է, այլ ներքին և արտաքին քաղաքական փոփոխություններով: Ներքին քաղաքականության մեջ Հայաստանն ամեն օր ավելի ու ավելի է հեռանում արևմտյան ժողովրդավարությունից, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով վիճակը Հայաստանում խիստ մտահոգիչ է: Եթե երկրում ժողովրդավարական հաստատությունների վիճակը մտահոգիչ է, ապա ի՞նչը կարող է բերել Մ. Նահանգներին Հայաստան  հաղորդակցության ճանապարհները, սակայն այստեղ ամեն ինչ խիստ մշուշով է պատված, մանավանդ որ, հայտնի չէ, թե այդ հաղորդակցության ճանապարհներով Մ.  Նահանագնե՞րն է գալիս Հայաստան, թե՞ Թուրքիան և Ադրբեջանը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2020 թվականից ի վեր Հայաստանում կտրուկ աճել են ոչ թե ամերիկյան, այլ թուրքական և ադրբեջանական գործոնները՝ դրանց ողջ վտանգավորությամբ հանդերձ:

 -Չե՞ք կարծում, որ ժողովրդավարության լոզունգներ և արեւմտյան գաղափարներ որդեգրած իշխանությունը այս տարիներին երկիրը ավելի ու ավելի գլորեց դեպի ամբողջատիրական համակարգ: Ի՞նչն էր սխալ արտաքին դերակատարների վարած քաղաքականության մեջ, որ ներկա իշխանությունները չենթարկվեցին ժողովրդավարական սկզբունքներին:

Ես բնավ չեմ կարծում, թե այս իշխանությունը արևմտյան գաղափարներ է որդեգրել, նախ, այս իշխանությունը բացարձակ գաղափարազուրկ է, նրան միայն ներարկել են ապազգային գաղափարներ: Արևմտյան գաղափարները ենթադրում եմ արևմտյան ժողովրդավարության կայացում: Ժողովրդավարության չկայացման պարզ հետևանքը ավտորիտարիզմի հաստատումն է կամ վերադարձը ավտորիտար կառավարմանը: Հիշենք Փաշինյանի կարգախոսը՝ «Կառավարությունը ես եմ». նրա միանձյա կառավարումը Հայաստանը վերադարձրեց ի շրջանս յուր: Իշխանությունների վերահսկման, որոշումների կայացման վրա հնարավորությունները չկան, ժողովրդավարական ազատությունները անվերջ սահմանափակվում են:

    Արևմուտքն այսօր ցավալիորեն հաճախ է շեղվում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունից, վստահ, որ այսօր կարևորը ռուսական գործոնի ազդեցությունը թուլացնելն է, սակայն մի բռնապետի՝ Պուտինի դեմ պայքարի ընթացքում Արևմուտքը մոռանում է պայքարել տարածաշրջանի մյուս բռնապետերի՝ Ալիևի, Էրդողանի դեմ: Եվ այս երկդիմի խաղը մեծապես վտանգում է հենց Արևմուտքի անվտանգությունը և հարվածում ժողովրդավարական հասատատություններին: Նույնն է նաև Հայաստանի հանդեպ Արևմուտքի վարքագիծը, քանի որ Հայաստանը ռուսական վերջին ֆորպոստն է տարածաշրջանում, ապա պետք է Մոսկվային զրկել նաև այդ ֆորպոստից: Դա ինքին միանգամայն ողջունելի քաղաքականությունն է, բայց չի կարելի այդ քաղաքականության զոհաբերել ժողովրդավարությունը: Եթե այդ արժեքները դուրս բերվեն արևմտյան քաղաքականությունից, ապա հենց Արմուտքն ինքը էապես կթուլանա: 

-2025 թվականին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ալիև-Փաշինյան-Թրամփ հուշագիրը որքանո՞վ է ուժեղացնում ամերիկյան ազդեցությունը մեր տարածաշրջանում և «Թրամփի ուղին» իրականում որքանո՞վ կնպաստի մեր երկրի ժողովրդավարացմանը: Կարծում եք, ԱՄՆ նոր լծակներ կկիրառի այդ ուղղությամբ եւ ո±րը կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ Մոսկվան զարմանալիորեն շատ հանգիստ է նայում այդ ճանապարհի շահագործմանը:

-Մոսկվան թերևս չի հավատում, որ  այդ ծրագիրն իրականացվելու է: Իսկ «Թրամփի ուղին», արդեն ասացի, որ խիստ մշուշոտ է: Ընդհանրապես, Թրամփի ամերիկյան արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի է և անհաստատ, նրա արտաքին քաղաքական գերակայություններն անվերջ փոփոխվում են: Իսկ Հայաստանի դեպքում  բոլորը սպասում են 2026թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

-Որքանո՞վ կփոխվի ամերիկյան քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ, եթե իշխանափոխություն լինի Հայաստանում:

-Հայաստանում ոչ թե պարզապես իշխանափոխություն, այլ արմատական քաղաքական, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք պետք է դառնան ժողովրդավարական Հայաստանի կայացման հիմքերը: Պարզ իշխանափոխությունը ոչինչ չի փոխի, ինչպես չփոխեց 2018թ. իշխանափոխությունը: ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում էապես կարող է փոխվել, երբ Հայաստանն ինքը գործոն դառնա մեր տարածաշրջանում և լինի վստահելի գործընկեր, եթե անգամ երկրի չափերը փոքր են, սակայն մեծ են, իրատեսական և հեռահար պետությաննպատակներն ու խնդիրները: Հաշվի են նստում միայն արժանապատի՛վ պետության հետ: 

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում