Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին քաղաքական ղեկավարներին։ Բանաձևը ներկայացվել է պատգամավոր Լորան Վոքյեի կողմից՝ Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի անունից, և լիագումար նիստում ընդունվել է 183 կողմ ձայնով՝ ներկա 183 պատգամավորներից։
Բանաձևը վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կիրառելի է նրանց նկատմամբ, և նշում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է երաշխավորել նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգությունն ապահովող պայմաններում։
Ընդունված տեքստը դատապարտում է հայ քաղբանտարկյալների դեմ առաջադրված մեղադրանքները որպես կեղծ և մանրամասնում է հիմնարար իրավունքների լուրջ խախտումները, այդ թվում անմարդկային կալանքի պայմանները, իրավաբանական պաշտպանության հասանելիության մերժումը, միջազգային դիտորդների բացառումը, ինչպես նաև ՄԱԿ-ում բարձրացված խոշտանգումների վերաբերյալ մեղադրանքները։
Բանաձևը նաև դատապարտում է Բաքվում զինվորական դատարանում հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական դրդապատճառներով դատավարությունները, այդ թվում Արցախի երեք նախկին նախագահների, բարձրաստիճան քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերը, որոնց մեծ մասը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և Արցախի հարկադիր էթնիկ զտումից հետո։
Նշելով, որ հայ քաղբանտարկյալները պահվում են որպես քաղաքական ճնշման միջոց, Ազգային ժողովը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը պաշտոնապես պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։
Քվեարկությունը մեկնաբանելով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է. «Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը հասցրել ենք զրոյի»։ 301



