
2 փետրվար, 2026 թ.- Հունվարի 30-ին Լլեյդայի քաղաքապետարանի (Paeria) լիագումար նիստում Կատալոնիայի էթնիկ փոքրամասնությունների և ազգերի միջազգային կենտրոնը (CIEMEN) և Կատալոնիայում գործող Հայկական «Արարատ» ասոցիացիան ներկայացրին միջնորդություն՝ պահանջելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դրա ամնամյա ոգեկոչումը Լեյդա քաղաքում։ Միջնորդությունը միաձայն ընդունվեց։ Որոշման համաձայն՝ այս տարվանից Լլեյդայում կսկսվի ցեղասպանության հիշատակման ամենամյա ծրարգիր, որի մեկնարկը կտրվի ֆոտոլրագրող Անդրեու Ֆեռնանդեսի «Էթնիկ զտման դեմքեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսով։ Այս մասին orer.eu-ին հայտնեց մեր սեփական թղթակիցը։
Ելույթ ունենալով քաղաքապետարանի լիագումար նիստում՝ համայնքի ներկայացուցիչ Աստղիկ Գալստյանը հիշեցրեց, որ 1915–1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով սպանվել է ավելի քան մեկուկես միլիոն հայ։ Նա ընդգծեց,որ ցեղասպանությունը միազգային մակարդակով ճանաչված է որպես մարդկության դեմ հանցագործություն՝ այդ թվում ՄԱԿ-ի և Եվրոպական խորհրդարանի կողմից,իսկ Իսպանիայի հինգ ինքնավար խորհրդարաններ, այդ թվում՝ Կատալոնիայի խորհրդարանը, արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ավելի քան 48 քաղաքապետարաններ, որոնցից առաջինը եղել է Սանտա Կոլոմա դե Գրամենետը։
Աստղիկ Գալստյանն իր խոսքում ընդգծեց, որ Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման գործընթացում հանդիսանում է Հայոց ցեղասպանության շարունակությունը։
Իր հերթին «Արարատ» հայկական ասոցիացիայի նախագահ Սարգիս Հակոբյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր նախապայման է պատմական ճշմարտության լիարժեք բացահայտման համար և անհրաժեշտ քայլ՝ ժողովուրդների միջև վստահության, երկխոսության և հաշտեցման հաստատման ճանապարհին։ Նրա խոսքով՝ միայն ճանաչման և համատեղ հիշողության միջոցով է հնարավոր հասնել արդար, կայուն եւ երկարատեւ խաղաղության՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
ՕՐԵՐ-ի սեփական թղթակից, Կատալոնիա
orer.eu




