Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում: Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են կատարված աշխատանքներին, իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին, նոր և ժամանակակից մոտեցումներով ներկայացումների բեմադրությանը, փառատոների կազմակերպմանը, օտարերկրյա ռեժիսորների հետ սերտ համագործակցությանը, լուսաձայնային տեխնիկայով հագեցած միջոցառումների կազմակերպմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ բացի Համազգային թատրոնի կառուցումից՝ ոլորտում կապիտալ աշխատանքների ծավալը շարունակաբար աճում է. շուտով առնվազն երկու մարզային թատրոններ ևս կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն: «Մշակույթի և կրթական օջախների բացումը, նորոգումն ու հիմնանորոգումն ամրապնդում են պետության զարգացումը. որտեղ կրթության և մշակույթի զարգացում կա, բարելավվում է նաև մարդու կյանքի որակը»,- ասել է Դանիել Դանիելյանը` ընդգծելով, որ Համազգային թատրոնի կառուցումն իրականացվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ինչը օրինակելի ձևաչափ է:
Նրա խոսքով` պետությունը մեծ ներդրում է ունեցել շինարարական աշխատանքների և նյութատեխնիկական բազայի հագեցվածության աշխատանքներում: Նոր թատրոնն ունի բոլոր հնարավորությունները մշակույթի տնտեսականացման բաղադրիչի զարգացման համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
orer.eu







