«Հայ գիրքը միւռոն է մեր ժողովուրդի զաւակներուն
համար: Ան, որ հայ գիրք կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ»:
ԳԱՐԵԳԻՆ Ա Քեսաբցի
ՀԱԵ 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Որքան էլ տարիները ծալ-ծալ կուտակվեն, միևնույն է՝ արվեստագետը չունի տարիք: Հիշեցի Աբրահամ Լինքոլնի միտքը. «Ի վերջո, կարևոր են ո՛չ թե կյանքում ապրած տարիները, այլ՝ տարիների ապրած կյանքը»:
Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում 2025-ի դեկտեմբրի 26-ին տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր, Մայր Աթոռի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի ասպետ, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Վիգեն Չալդրանյանի ծննդյան 70-ամյակին և ստեղծագործական կյանքի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն՝ իր իսկ անձնական նախաձեռնությամբ, ինչպես նաև նրա «Իրականություն որոնելիս», «Նկարված չնկարված ֆիլմեր» գրքերի գինեձոնը, գրքեր, որոնք ճամփորդություն են անցյալի, ներկայի և ապագայի բավիղներում:
Հոբելյանական երեկոներ կան, որոնք անջնջելի հետք են թողնում, որոնց մասին երկար խոսում ու պատմում են, որովհետև արարողակարգային չեն, ձանձրալի չեն, սահմանափակումներ չկան, տիրում է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Հոբելյանական երեկոն տոն էր նաև հրավիրյալների համար՝ լի անակնալներով: Տարիներ շարունակ ավանդույթի ուժով Վիգեն Չալդրանյանը իր ծննդյան օրը ինքն է նվերներ բաժանում: Գրքերի տպաքանակի մի մասը պատահականության սկզբունքով հեղինակն ընծայեց դահլիճում ներկա իր երկրպագուներին:
Անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի կինոգործիչների միությունը. նախագահ Հարություն Խաչատրյանը Վիգեն Չալդրանյանին պարգևատրեց «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՍՊԵՏ» մեդալով՝ կինոարվեստում մեծ վաստակի և ներդրման համար: Ուրախալի էր իմանալ, որ նախորդիվ Վիգենը Չալդրանյանը արժանացել էր «ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ» շքանշանի կինեմատոգրաֆիայում անուրանալի ավանդի համար: Իսկ էկրանին ռեժիսոր Քրիս Մարտիրոսյանի «Մոտոր… Ստոպ…՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» երեսունրոպեանոց վավերագրական ֆիլմը հոբելյարի մաքառումների, մտորումների, արարման խորհրդի մասին էր: Էկրանից իրենց բարձր գնահատականը ռեժիսորին ուղղեցին մեծանուն արվեստագետներ Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, Հենրիկ Իգիթյանը: Հաճելի էր նաև լսել հոգևոր դասի խոսքը՝ ի դեմս Տեր Շահե քահանա Հայրապետյանի: Ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում Վիգեն Չալդրանյանը կարևորում է շարժումն ու տեսիլքը՝ հատկապես ազգային տեսիլքը: «Կյանքի ստոպը լավ բան չէ, բայց կինոյում լավ է: Թո՛ղ որ մեր կյանքում միշտ «մոտոր» լինի, «ստոպ» հրահանգը լինի միայն կինոյում»,- ասում է կինոբեմադրիչը Հայլուրի լրագրողին:
Երեկոն հոբելյանական էր նաև Վիգեն Չալդրանյանի առաջին գեղարվեստական կինոնկարի համար. «Ապրիլ» ֆիլմը բոլորեց իր քառասունամյակը: «Ապրիլը» երբեք չի կորցնում իր արդիականությունը առավել ևս մեր օրերում: Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման արտացոլումը ֆիլմում գեղարվեստական խորհրդանիշների լեզվով հայի և հայկականության արդարության պահանջն է: «Թո՛ղ անցնեն հարյուրավոր տարիներ, հայերը միշտ իրենց պատուհանից պիտի նայեն Արարատին և պիտի խաչակնքեն ու ասեն՝ Դու մեր պարծանքն ես, դու մեր պապերի հիշողությունն ես, և որևէ մեկը չի կարող արգելել մեզ ապրելմեր պատմական Հայաստանով, մեր տեսիլքով, մեր ազգային ծրագրով: Եթե ազգին զրկում ես իր տեսիլքից, իր գաղափարից, իր երազանքից, նա վեր է ածվում սպառողի»,- շեշտում է կինոբեմադրիչը:

Ուշագրավ էր Վիգեն Չալդրանյանի գրքերի խմբագիր, բանասեր, լրագրող, թարգմանիչ Սահականուշ Սահակյանի կարճ և հակիրճ խոսքը, որի բանալի եզրույթը «գիրք» բառն էր: Նրա խոսքը թղթին եմ հանձնում ամբողջությամբ, քանզի այն պարունակում է նաև զգայուն ու նուրբ ենթաշերտեր՝ որպես ժամանակի արձագանք.
«Կարծում եմ՝ ժամանակի չափման միավորը նաև իրադարձությունն է և այդ իրադարձության հանդեպ մեր վերաբերմունքը: Իրադարձություն է յուրաքանչյուր գրքի լույսընծայում՝ որպես մեծ հարստություն, որպես կարևոր քայլ մեր հոգեմտավոր ժառանգության համալրման ճանապարհին: Գիրքը շարունակում է ապրել սեփական կյանքով և արտահայտել գաղափարներ ու իմաստներ, որոնց մասին հեղինակը մինչև վերջ չի գիտակցել: Իսկ գիրքը լավն է, երբ բացում ես ակնկալելով ու փակում հարստացած:
Տիար Չալդրանյան, թույլ տվեք անկեղծ երախտագիտությունս հայտնել Ձեզ արդեն հինգերորդ անգամ խմբագրի պատմուճանը կրելու բերկրանքը պարգևելու համար՝ իբրև փոքր-ինչ սփոփանք վերջին տարիներին երկիրը պատուհասած անսփոփ ողբերգական դրվագների, ծանր փորձությունների, բարդ ու լրջագույն, արտաքին ու ներքին բազում անվտանգային մարտահրավերների, ծայրահեղ վտանգավոր գործընթացների, մարդկային և տարածքային անդառնալի կորուստների հետնապատկերին: Վերքերը դեռ թարմ են ու չեն սպիացել:
«Իրենց գործերից կճանաչեք նրանց», հստակ գրված է Մատթեոսի Ավետարանում:
Ճշմարտությունը պարտավորեցնում է խոստովանել, որ Չալդրանյան-ռեժիսորին կարելի է մեծապես ճանաչել ու բացահայտել նաև իր գրքերի շնորհիվ, որոնք նրա ներքին արժեքաբանության արտացոլումն են: «Իրականություն որոնելիս» և «Նկարված, չնկարված ֆիլմեր» գրքերը բովանդակային խորությամբ նախատեսված են դանդաղ ընթերցանության համար: Առաջին ժողովածուն տասը պատմություն է՝ խարսխված հեղինակի կենսափորձի վրա. գեղարվեստական համայնապատկերի մեջ տասը «կղզիները» մեկուսի են, միևնույն ժամանակ՝ միաձուլված անտեսանելի թելերով, շաղախված ներհուն լույսով: Հեղինակի արձակի չափման միավորը բազմաչափությունն է, պատկերների լեզուն՝ համամարդկային, ցավը՝ ազգային, պոռթկումը՝ ազնիվ, արմատները՝ հզոր, երազանքը՝ լուսե: Երկրորդ ժողովածուն կինոյի և գրականության յուրօրինակ հանդիպում է, շփման ներդաշնակ ընթացք, խաղաղ փոխներթափանցում. Չալդրանյան-ռեժիսորի վերջին երեք ֆիլմերի սցենարների կողքին տեղ են գտել «Անքնություն» պատմվածքը, «Ձայն Լռության կամ Վեցերորդ պատվիրանը» պիեսը, «Միայնակ գայլը» վիպակը և «Օթելլոն այլևս զբաղմունք չունի» կինոսցենարը՝ ձևավորելով ժողովածուի բազմաժանրությունը: Բազմաշխատ արվեստագետի երախտարժան գործը սերունդների սեփականությունն է:
Իսկ Վիգեն Չալդրանյան-հեղինակին կարելի է առավել լակոնիկ բնորոշել՝ կենդանի մարդ-գիրք՝ անխառն ինքնությամբ, ասպետական ոգով, խորախորհուրդ, ռացիոնալ և էմոցիոնալ, բազմանիստ ու անսպառ:
Ասում են՝ Բարեկիրթ մարդը ձայնը չի բարձրացնում, նա բարձրացնում է իր գրքերը:
Իսկ միակ բանը, որ կարող է փոխարինել գրքին, հաջորդ գիրքն է:
Հուսամ՝ հաջորդ գրքի գինեձոնն այնտեղ, որտեղ Գանձասարն է, Դադիվանքը, Ամարասը…
Բարեգութ Բարձրյալի օրհնությամբ: «Տէր, եթե զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս 51:15
Շնորհակալություն բոլորիդ ու յուրաքանչյուրիդ:»
Հավարտ երեկոյի՝ հյուրասիրության սրահում գրքերի մեկական օրինակ ցողվեցին հայկական անապակ կարմիր գինով, որոնք հետագայում հեղինակի մակագրությամբ պահ կտրվեն գրականության և արվեստի թանգարանում:
Անշուշտ, գիրքը երկխոսություն է մարդկանց հետ: Բեղուն է Չալդրանյանի գրիչը, ասելիքը` բազմաշերտ ու պատկերային: 2022-ին ծնունդ առավ նրա՝ «Իրականություն որոնելիս» գիրքը, որի նախաբանում գրող, հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը գրում է. «Յուրաքանչյուր գրող փնտրում է բաբախող և դեգերող իրողություն, որ կարող է ապահովել դարձ ի շրջանս յուր: Վիգեն Չալդրանյանը գրական աշխարհին է ներկայանում արձակագրի-«սանձԱրձակագրի» յուրօրինակ կերպարով, իրականությունը որոնողի և ժողովողի, հայ-մարդ-տեսակի էությամբ: Շարադրանքի խորապատկերի ամեն մի կերպար, երկկենցաղ տիպար, հայտնի և անհայտ դեմք թե՛ հեղինակի ներսում են և թե՛ արդի իրականության մեջ՝ դրսում»:
«Նկարված, չնկարված ֆիլմեր» գիրքը բազմաժանր ժողովածու է՝ պատմվածք, վիպակ, պիես, կինոսցենարներ… Ճշմարիտ արվեստագետի համար էական չեն աշխարհագրական կոորդինատները, նա ստեղծագործելու կարիք ունի ամեն ժամ ու ամենուրեք՝ թե՛ մայր հողի վրա, թե՛ օտար երկնքի տակ, թե՛ գրչով, թե՛ կինոխցիկով: Չալդրանյանի կինոժառանգության էջերից է Տիեզերական Վարդապետ Գրիգոր Նարեկացու մասին «Ի խորոց սրտի…» սցենարը (2018թ.). այն արժանացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությանը: Ավա~ղ, պատմության անիվը խաթարեց հերթական ֆիլմի ծնունդը: Սցենարն առայսօր «ննջում» է ռեժիսորի աշխատասեղանին: Կինոբեմադրիչի երազանքն է անդրադառնալ Սբ. Մեսրոպ Մաշտոցին՝ ստեղծել կինոեռապատում՝ կամրջելով Կոմիտասին, Նարեկացուն և Մաշտոցին՝ իբրև մշակութային Սուրբ Երրորդություն:
Կա խորունկ և խորհրդավոր մի երևույթ՝ Լռություն, որն իմաստավորվում և աղաղակում է Չալդրանյանի ֆիլմերով, ֆիլմեր, որոնք չունեն վաղեմության ժամկետ ու չեն կորցնում արդիականությունը, քայլում են ժամանակի հետ ու ժամանակին համահունչ: Լռության մեջ ես լսում հոգուդ ու խղճիդ ձայնը, թեև շուրջդ համատարած աղմուկ է:
ՆԺԴԵՀԱՆՈՒՇ ՍՅՈՒՆԵՑԻ
Հ.Գ. Արվեստագետը հրաժեշտ տվեց 70-ին ու սկսեց հաջորդ 70-ը՝ խոստանալով հյուսել իր կենսագրության նորանոր էջերը՝ լի համարձակ մտահղացումներով, հայաշեն ու հայրենաշեն արվեստի գոհարներով:
Մաղթում եմ Վիգեն Չալդրանյանին արևշատություն և ամուր առողջություն, ստեղծագործելու բուռն լիցք՝ հաղթահարելու ապագա ֆիլմերի ու գրքերի դժվարին ճանապարհը:



