Հանրահայտ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը կրկին չեխական Պարդուբիցեում. Հարցազրույց համերգի նախօրեին

  • 18.01.2026
  • 0
  • 460 Views

Հունվարի 19-ին եւ 21-ին Պարդուբիցեի կամերային  ֆիլհարմոնիա նվագախմբի հետ կրկին հանդես կգա հանրահայտ  դիրժիոր Վահան Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնել էինք, դեռեւս 2025-ի սեպտեմբերի 15-ից, երբ բացվեց 57-րդ համերգաշրջանը, Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնեց Վահան Մարտիրոսյանը։ Ազդեցիկ երաժշտագետ Ռոման Մարչակը սեպտեմբերյան ելույթի մասին Klasika plus երաժշտական կայքէջում գրել էր. «Վահան Մարտիրոսյանը ընդգծեց Մոցարտի հանճարեղ գաղափարների ողջ շրջանակը և անզիջում, միշտ իրապես ճշգրիտ ժեստերով ընդգծեց Յուպիտերի առաջին մասի մոնումենտալ բնույթը», եւ ապա՝ «նա ..անմիջապես նվաճեց հանդիսատեսի համակրանքը»։

Եթե սեպտեմբերյան համերգներին նվագախմբի հետ ելույթ ունեցավ Էլիզաբեթ թագուհու անվան հանրահայտ մրցույթի մրցանակակիր  թավջութակահար Յիբայ Չենը (Yibai Chena), ապա այս տարվա  հունվարի 19-ի եւ 21-ի համերգներին ելույթ կունենան չեխ հանրահայտ երաժիշտներ  թավջութակահար Միխալ Կանկան(Michal Kaňka) եւ ջութակահար Լեոշ Չեպիցկին  (Leoš Čepický )։ Կհնչեն Բրամսի եւ Բեթհովենի ստեղծագործությունները։ Համերգի նախօրեին Պրահայում զրուցեցինք անվանի դիրիժորի հետ։   

-Տարբերություն զգո՞ւմ եք, երբ արդեն ղեկավարում եք ոչ իբրեւ հրավիրյալ դիրիժոր, այլ ՝ գլխավոր դիրիժոր։

-Հիմա, երբ  ես արդեն պատասխանատու եմ  նվագախմբի որակի համար, դա այլ պարտավորություն է դնում։ Հրավիրյալ դիրիժորը չի զբաղվում նվագախմբի որակի բարձրացմամբ։ Նա գալիս է նվագում է եւ գնում, իրեն այլ հարցեր չեն հետաքրքրում։ Իսկ իբրեւ  գլխավոր դիրիժոր պարտավոր եմ աշխատանք տանել ոչ թե միայն մեկ համերգի համար, այլ ապագայի համար։ Այսինքն փորձերի ժամանակ կարող եմ շտկել ոչ միայն կոնկրետ տվյալ գործի հետ կապված խնդիրները, այլեւ այլ խնդիրներ, որոնք արմատական դեր կարող են ունենալ։ Այսինքն կառուցողական մոտեցում պետք է ցույց տալ, որ նվագախմբի որակը բարձրանա, որ հետագայում ավելի հեշտությամբ աշխատենք։ Այսինքն գլխավոր դիրժիորի աշխատանքն ավելի պատասխանատու մոտեցում է պահանջում։ Ամեն դեպքում, ավելի ու ավելի եմ հավանում այն առաջընթացը, որ նվագախումբը գրանցում է։ Այսօր շատ ավելի բարձր է նվագախմբի որակը։

-Չեխ երաժշտագետներից մեկը գրել էր, որ լիակատար փոխըմբռնում է տեսնում ձեր եւ նվագախմբի միջեւ։ Փաստորեն, աշխատանքային լիակատար փոխհասակացողություն կա։

– Կարելի է ասել, որ մեղրամիսն անցել ենք։ Սկզբում միշտ էլ նվագախումբը ուրախ է, որ նոր դիրժիոր ունի։  Ապագան ցույց կտա, թե ինչպես կշարունակվի մեր համագործակցությունը։ Հուսանք, որ ամեն ինչ կլավանա։ Հետեւաբար պետք է այսօրվանից այնպես աշխատել, որ նույնիսկ երաժիշտներն իրենք զգան, որ աճել են, որ դրական փոփոխություն է տեղի ունեցել։

– Ապագայի ի՞նչ ծրագրեր կան, նոր ռազմավարություն մշակե՞լ եք։

-Իհարկե, ղեկավարության հետ քննարկում ենք ապագայի ծրագրերը։ Դրականն այն է, որ այսօր նվագախմբի մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս մտածել նաեւ միջազգային բարձրորակ փառատոներին մասնակցելու մասին։ Դա թույլ կտա , որ հպարտությամբ հանդես գանք ոչ միայն եվրոպական, այլեւ Ամերիկայի կամ Ասիայի կարեւոր բեմահարթակներում։ Ամեն ինչ պետք է անեմ, որ իմ գնալուց հետո նվագախմբի անունն այլ կերպ հոլովվի։ Ես կաշխատեմ ինձանից կախված ամեն ինչ անել, բայց դա կախված կլինի նաեւ հնարավորություններից եւ այն աշխատանքից, որ կտանենք։ Կարող ես տաղանդավոր մեկը լինել, բայց ոչ ոք չիմանա այդ մասին։ Կարեւորը որ հասցնենք բոլորին, որ կա նման նվագախումբ։

– Իսկ մտածե՞լ եք, հայ երաժիշտների կհրավիրե՞ք Պարդուբիցե։

-Այստեղ արդեն մի քանի հարցազրույցներում այդ հարցը տվել են։ Իհարկե, կբերենք։ Ինչպես Բելգիայում կազմակերպեցի եւ հայկական ծրագիր նվագեցինք, այնպես էլ՝ այստեղ։ Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի նախ նվագախմբի հետ կապված փոքր խնդիրները լուծենք, եւ հետո, իհարկե, չեխ հանդիսատեսին կներկայացնենք հայկական երաժշտությունը։ Ես հոյակապ հայ երաժիշտ ընկերներ ունեմ, որ կփորձեմ բերել, որ այստեղ էլ ճանաչեն։

Ավելացնենք, որ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա  նվագախմբի ելույթներ են ծրագրված նաեւ այս տարվա մարտին եւ մայիսին։ Մարտի 16-18-ը նվագախումբը հանդես կգա Մոցարտյան ծրագրով , որին իբրեւ մենակատար կմասնակցի հանրահայտ դաշնակահար Ֆինգին Քոլինսը, իսկ մայիսի 25-30-ի համերգներում կներկայացվեն Պագանինիի ջութակի 5-րդ կոնցերտը եւ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան։ Իբրեւ մենակատար հանդես կգա բուլղարացի հայտնի ջութակահար Սվետլին Ռուսեն։

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը  նաեւ Բելգիայի Վալոնիայի նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը,  Հոնկոնգի Քաղաքային կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում