«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․
Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապես․․․
Գրության ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանված» հեղինակը տիրադավ հերձվածողներից ավագագույնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը՝ ոչ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակության և սատարումի:
Քանի որ իմ հնարավորությունները սահմանափակված են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորություն ունեմ որևէ բան գրել մեկ շնչով, ուստի անցնեմ բովադակությանը:
Ասվում է, որ «կարգ մը ազնիվ և բարեպաշտ հավատացողներ» մտահոգված են Եկեղեցու ներքին կյանքը խաթարող աղմկահարույց դեպքերով: Սա ընդունենք իբրև ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը՝ իրենց դավադիր և գաղտագողի խարդավանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, և հաջորդող հերձվածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինված բանդայի բացահայտ և լկտի հակասահմանադրական միջամտությամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ Մասիսում:
Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանոթ չենք, քանզի զրկված ենք համացանցային հասանելիությունից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:
Ապա պարզվում է, որ բարեկարգությունը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարված, սակայն ժողովների որոշումներին հղում անելու փոխարեն հեղինակը հղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների հորդորական կոնդակներին և քարոզներին, ինչպես և եռամեծ Ս․Գրիգոր Տաթևացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգության:
Եվ հանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դեպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգության անհրաժեշտության՝ արտահայտված հայտնի ամոթալի դեպքերով: Բարեկարգության մասին խոսողները երևի ծանոթ էլ չեն Բաբկեն Կյուլեսերյան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգությունը եկեղեցականի բարեկարգություն է»: Գոնե բարեկարգվեիք բարեկարգելուց առաջ․․․
Անցնենք տիրադավ հերձվածողության 11 «գլխավոր» պատճառներին, ինչից հասկացվում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ ևս, որոնք մեզ խնայվել են․
ա/ Իբրև Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ սրբազանին վերագրվող «անպարկեշտ» արարքը: Ավելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետև գոնե իրար հետ համաձայնեցրեք ձեր հայտարարությունները: Մի տիրադավ հայտարարում է, թե Վեհափառը պատվիրել է այդ տեսանյութը, իսկ սա ասում է, թե՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշվեք, իսկ հետո սկսեք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թեև երևի դժվար կլինի, ինչպես երևում է ձեր «գործունեությունից»:
բ/ Ցավալիորեն կրկնվում է գլխավոր մոլագրի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նույնպես պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականությունն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանությունների հասցեին արված դժգոհությանն ի պատասխան Վեհափառը պարզապես հարցրել է․ «Իսկ այդ դեպքում ինչու՞ դու և մայրդ ցուցարարների շարքում չեք»: Սա է հենց նախկին աբեղայից ինձ պատմվածը ժամանակին: Այ քեզ բարեկարգության պատճառ․․․
գ/ Կուսակրոնության ուխտի խախտման հնարավոր լինելու մասին․․․ Եւս մեկ ցնցող պատճառ: Աշխարհում չկա մի կուսակրոն, որին նման մեղադրանք ներկայացված չլինի, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր: Այդ նույն «պնդումը» բազմիցս նետվել է ասպարեզ՝ հատուկ շրջանակների կողմից հատուկ նպատակներով: 1999-ի ընտրություններից առաջ էլ էր նետված, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չուներ: Փաստորեն 27 տարի էր պետք պահանջ ձևավորելու համար․․․
դ/ Փաստորեն հեղինակը անվերապահ հնազանդություն Վեհափառին հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործին, որի կիսատ֊պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստեր»: Նողկալի է այդքան իջնելը․․․
ե/ Հեղինակը ծառայել է ինչպես Գարեգին Բ, այնպես էլ երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա Հայրապետների օրոք: Թող իր խղճի առաջ պատասխան տա, թե երեք Հայրապետներից ո՞րն է ավելի թափանցիկ և հաշվետվողական գործել՝ դրա պարտավորությունը ունենալով սոսկ նվիրատուների առաջ, այլ ոչ թե ձեր: Իսկ Մայր Տաճարի նորոգության մասին խոսելը անբարոյականություն է, քանզի գործող 57 եպիսկոպոսների մեջ չկա որևէ մեկը, որ կկարողանար այդ գործը ի գլուխ բերել: Տաճարի օծմանը չմասնակցեիք, եթե դժգոհ էիք հաշվետվողականությունից:
զ/ Ամենաանամոթ պատճառաբանությունն է․․․ Ինքը որպես հանձնախմբի ատենապետ նախագիծ է պատրաստել, սակայն դա թղթի վրա է մնացել, քանի որ Ազգային Եկեղեցական ժողով չի հրավիրվել: Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին երկու նիստերին (իմ ապօրինի կալանավորումից առաջ) միայն ես եմ ոչ միայն խնդրել, այլև պահանջել, որպեսզի ԱԵԺ հրավիրվի, սակայն ներկա հինգ տիրադավները (Հովնան,Նավասարդ, Աբրահամ, Վազգեն, Վրթանես)ոչ միայն ինձ չեն սատարել, այլ դեմ են արտահայտվել, քանի որ քննարկման ենթակա փաստաթղթերը պատրաստ չեն: Չի կարելի այդքան անպատկառ լինել․․․
է/ 27 տարի շարունակ Վեհափառին քծնող և շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից: «Իյա, իրո՞ք»,- կասեր դասականը, ում հանդեպ այսօրվա տիրադավերից ոմանք նույն հնազանդ կեցվածքն ունեին, ինչն ունեն այսօր գլխավոր մոլագարի նկատմամբ: Այո, ես էլ եմ դժգոհ եղել քահանա ձեռնադրելու արգելքից, սակայն դրա մասին բարձրաձայնել եմ նախքան իմ եպիսկոպոսացումը և առավել ևս դրանից հետո, սակայն դա առիթ չէ (էլ ուր մնաց պատճառ)տիրադավության, այլ պետք է մղի համբերության, որն ամոթով չի թողնում:
ը/ Սա պարզապես զրպարտություն է: Վեհափառը խոսքով և գործով միշտ (բացառապես՝ միշտ) եղել է«քաղաքականացման» դեմ․ սա ասում եմ ես՝ իբրև թե «ամենաքաղաքականացված» հոգևորականը, ով միշտ (կրկնում եմ՝ միշտ) հանդիմանվել է «քաղաքական» խոսույթի համար: «Հակադրվել է խաղաղության օրակարգին»․․․ Չեղած բանին հնարավո՞ր է հակադրվել, այ իմաստուններ․․․
թ/ Մեկ այլ անհիմն և անհեթեթ մեղադրանք՝ «շատերը կը պնդեն»: Էդ ո՞ր «հեղինակությունն» է «վարքաբեկվել»: Գոնե մի գրագետի ցույց տայիր, որ «վարկաբեկել» բառը սխալ չգրեիր, ով բարեկարգիչ․․․
ժ/ Թե ինչով էին զբաղված տիրադավ հերձվածողները 27 տարի շարունակ, արդեն ասել եմ: Իսկ եթե «եկեղեցին հեռացած է ժողովրդեն՝մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն», «ի բերանէ քումմէ դատեցայց ծառայ չար և անիրաւ», քանզի ամենահեռացածը ձեր թեմերի ժողովուրդներն են՝ առաջին հերթին Լոս Անջելես և Երևան, որտեղ ամեն քայլափոխին կարող ես աղանդավորական «եկեղեցու» հանդիպել: Հեղինակազրկումից խոսում են երբևէ հեղինակություն չունեցածները և մեղադրում են Վեհափառին: Այո, Վեհափառը թերևս մեղավոր է, սակայն ձեզ պատասխանատու պաշտոններ վստահելու մեջ միայն ու միայն:
ժա/ Քամին մրսեց․․․ Իրենց համար անընդունելի է մի բան, որն ընդ որում չկա․․․ Բժշկի դիմեք, թող լուծողական տա, որպեսզի ընդունեք անընդունելին․․․
«Գլխավոր պատճառների» մեջ պատճառ տեսա՞ք․․․ Չկա, չի էլ կարող լինել: Տիրադավ հերձված հանուն եկեղեցու բարեկարգությա՞ն: Չէ, չէինք տեսել, այդ էլ տեսանք: 1924-ին Աշոտ եպս․ Շախյանն ու Բենիկ վարդապետն էլ ձեռք զարկեցին «բարեկարգության» նույն ձեռագրով՝ նմանատիպ աստվածուրաց և եկեղեցաքանդ իշխանությունների դրդմամբ: Բարեկարգեցի՞ն, ծանո՞ք եք իրենց վախճանին․․․ Նույնը ձեզ է սպասում և ձեր «բարեկարգությանը»: Գնացել 10 եպիսկոպոսներով հնազանդություն եք հայտնել «ազգակործան պատուհասին», ասում են՝ «քաղաքական զանազան կեդրոններ» «քաղաքական աստառ կու տան» իրենց շարժումին: Աստառը ոչ ոք չի տալիս, աստառը պարզ ու հստակ երևում է․․․
Այժմ խոսքիս ավարտն անեմ․․․
Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգության կարիք ունի միշտ: Սակայն օվկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի: Նույնը վերաբերում է մանավանդ Հայ Եկեղեցուն: Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դավել, քանզի Տերը Քրիստոսն է»: Բողոքականություն բուրող այս հաստատումը ձեր դեմ է աշխատում: Ուրեմն Տերն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել և օգնության է կանչել ձեզ և ինչ որ «մոլագարի», որ իրեն Լյութերի տեղ է դրե՞լ․․․Վեհափառի հետ կարելի է և պետք է լինել գուցե հաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք: Այս տարրական ճշմարտությունն էլ չգիտեք, սակայն բարեկարգության մասին եք խոսում:
16․01․26
204-րդ որ օր ապօրինի բանտարկության. ![]()
Ստորեւ Հովնան սրբազանի գրությունը- ԵԿԵՂԵՑՒՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆՅԵՏԱՁԳԵԼԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Ստորեւ ներկայացուած գրութեամբ, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան յաւելեալ բացատրութիւններ կը տրամադրէ ներեկեղեցական կեանքը փոթորկող մերօրեայ խնդիրներու մասին։ Այն պատճառները, որոնք դրդած էին զինք միանալու բարենորոգութեան ծրագրին, արդէն իսկ բազում անգամներ եւ տարբեր առիթներով հանրայնացուած են։
Նկատի առնելով հանրային հետաքրքրութիւնը եւ հարցին հնչեղութիւնը՝ նպատակայարմար նկատուեցաւ գրութիւնը հրապարակումէն առաջ նախ բաժնել թեմի եկեղեցականներուն հետ։ Այդ նպատակով, Յունուար 15-ին, Առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահին մէջ գումարուեցաւ արտահերթ եւ բացառիկ հոգեւորականաց ժողով։
Հանրութեան կը ներկայացնենք փաստաթուղթը իր ամբողջութեան մէջ։
_______________________________
ԵԿԵՂԵՑՒՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆՅԵՏԱՁԳԵԼԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
«Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը կլանեց զիս» (Սաղմոս 68:10):
Կարգ մը ազնիւ եւ բարեպաշտ հաւատացեալներ իրենց արդարացի մտահոգութիւնը կը յայտնեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ներքին կեանքը խաթարող աղմկայարոյց դէպքերու առնչութեամբ։
Նախ վասն արդարութեան հարկ է նշել, որ մենք քանիցս կոչով դիմած ենք բարեպաշտ մեր ժողովուրդին (i), որով հարցերը ընդհանուր հոգեւոր-բարոյական ծիրին մէջ պահած ենք։ Այնուամենայնիւ, չանտեսելով մեր սիրեցեալ ժողովուրդի հարցումները, կ՛ուզենք յստակեցնել, թէ մենք ինչո՛ւ միացած ենք բարեկարգման օրակարգին, եւ ինչո՞ւ հիմա։
Բարեկարգութիւնը կամ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարէն սկսեալ։ Կարգ ու կանոնի, բարեվարքութեան, եկեղեցւոյ կառավարման, հովուական ծառայութեան, հոգեւոր կրթութեան եւ եկեղեցւոյ ճշմարիտ առաքելութեան մասին զանազան եկեղեցական ժողովներ գումարուած են եւ որոշումներ առնուած (ii)։
Իր պատմական նախընթացը ունեցող բարենորոգութեան ծրագիրը նոր թափ ստացաւ նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի, որպէս պոռթկում եւ յուսահատութեան ճիչ՝ ի տես աննախադէպ անարդարութիւններու եւ բարոյական լուրջ անկումներու։
Մենք միացանք այս շարժմանը, որովհետեւ՝
1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը եւ փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։
2. Ցաւալիօրէն իրազեկուեցանք, թէ ինչպէ՛ս Վեհափառը պարտադրած էր 44-օրեայ պատերազմի նահատակ հերոսի եղբօր՝ կարգալոյծ Աղան Աբեղային, իր սգացեալ մօրը հետ մասնակցելու իշխանութիւններու դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։
3. Վեհափառ Հայրապետը որեւէ ձեւով չարձագանգեց իր կուսակրօնութեան ուխտը խախտած ըլլալու եւ զաւակ ունենալու հանրային պնդումին։
4. Վեհափառ Հայրապետը լուռ մնաց, երբ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը փաստեր հրապարակեց իր եղբօր՝ Եզրաս Արքեպիսկոպոսի օտարերկրեայ գործակալ ըլլալու մասին։
5. Մայր Աթոռը՝ յանձինս Վեհափառ Հայրապետի, կը շարունակէ ոչ թափանցիկ եւ անհաշուետուողական գործելաոճը՝ առանց ելեւմտից տեղեկագրերու, ըլլայ Մայր Տաճարի նորոգութեան, արցախահայութեան օժանդակութեան, կարիքաւոր եկեղեցականներու օգնութեան եւ կամ այլ կրթական ու բարեգործական ծրագրերու վերաբերեալ։
6. Մենք, որպէս Մայր Աթոռի կողմէ ստեղծուած կանոնադրական բարեփոխումներու յանձնախումբի ատենապետ, տարիներ շարունակ աշխատեցանք թեմակալ առաջնորդներու եւ եպիսկոպոսներու հետ եւ համակարգեցինք կանոնադրութիւններու մշակումը։ Այդ կանոնադրական նախագծերը այդպէս ալ թուղթի վրայ մնացին, քանի որ չհրաւիրուեցաւ Ազգային-Եկեղեցական ժողով՝ զանոնք վաւերացնելու։
7. Կանոնադրութեան չգոյութեան պայմաններուն տակ Վեհափառ Հայրապետը նախընտրեց եկեղեցւոյ կառավարման միանձնեայ գործելաոճը՝ կամայական որոշումներ առնելով եւ իր անձին հպատակ ձեւական յանձնախումբեր ստեղծելով։ Աւելին, Վեհափառ Հայրապետը կ՛ոտնահարէ եպիսկոպոսի մը իր վիճակին մէջ քահանայ ձեռնադրելու առաքելական իրաւունքը, որ լուրջ աստուածաբանական-շնորհաբանական հարց է։
8. Վեհափառ Հայրապետը քաղաքականացուցած է եկեղեցին՝ հակադրուելով պետութեան որդեգրած խաղաղութեան օրակարգին։
9. Ինչպէս որ շատեր կը պնդեն, Վեհափառ Հայրապետի հրամանով Մայր Աթոռը լրատուական ընդյատակեայ արշաւ կը մղէ զինք քննադատողներուն դէմ՝ վարկաբեկելով հեղինակութիւններ։
10. Վերջին տարիներու անհեռատես գործունէութիւնը ոչ միայն տկարացուցած է մեր սրբութիւն սրբոց Մայր Աթոռը, այլեւ հեղինակազրկած է Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցին։ Ան հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն։
11. Ի վերջոյ, մեզի համար անընդունելի է Մայր Աթոռի եւ անձամբ Վեհափառ Հայրապետի հակապետական դիրքորոշումն ու առճակատումը։
Ասոնք են գլխաւոր պատճառները, որոնք դրդած են մեզ միանալ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ բարեկարգութեան ծրագրին՝ որպէս հաւատարիմ եւ ուխտապահ զաւակ Մայր Աթոռի, ի սէր Էջմիածնի եւ ի շինութիւն հայրենի պետականութեան։
Շատեր դրդուած քաղաքական զանազան կեդրոններէ կը թիրախաւորեն, կ՛ամբաստանեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ բարենորոգութեան ջատագովները։ Ասպարէզի վրայ են հանկարծ քրիստոնեայ դարձած եւ ինքզինքնին «հաւատացեալ» յորջորջող «արմատականներ», որոնց ծայրայեղականութիւնը ո՛չ թէ արդիւնք է սիրոյ ու հաւատարմութեան, այլ՝ արգասիքը իրենց ատելավառ ընդդիմադիր հոգիին։
Դաւադրութիւններու տեսութեան սիրահարներու եւ յատկապէս անոնց համար, որոնք քաղաքական աստառ կու տան եկեղեցւոյ բարեկարգման այս շարժումին, վերստին պիտի յիշեցնենք, որ ասիկա քաղաքական իշխանութիւններու մտայղացումը չէ։ Աստուած մարգարէի բերնով կ’ըսէ. «Ուղղեցէք ձեր ճամբաները եւ բարեկարգեցէք ձեր գործեր եւ Ես ձեզի հետ պիտի բնակիմ այստեղ։ Մի՛ վստահիք սուտ խօսքերուն, թէ իբր ասիկայ է Տիրոջ Տաճարը» (Երեմիա 7:3–4)։
—————-
i https://tinyurl.com/4pnmebby
5–8-րդ դարերուն բարենորոգութիւնը կանոնադրական պահանջով ուղորդուած էր. «Քահանան [աբեղայ, վարդապետ, եպիսկոպոս եւ կաթողիկոս], որ չի խնամում իրեն, չի կարող խնամել իրեն հանձնված հոգիները» (Ներսես Շնորհալի, Թուղթ եպիսկոպոսներին, Մատենագրք Հայոց, հ. ԺԲ, Երևան, 1984, էջ 214)։
12-րդ դարուն բարեկարգութիւնը բարոյական հրամայական էր. «Եկեղեցու պակասը ոչ թե հավատքի մեջ է, այլ սպասավորների թուլության» (Ներսես Շնորհալի, Թուղթ եպիսկոպոսներին, Մատենագրք Հայոց, հ. ԺԲ, Երևան, 1984, էջ 219)։
14–15-րդ դարերուն շարժման հիմնապատճառները աստուածաբանական, վարդապետական էին. «Քահանայի [աբեղայ, վարդապետ, եպիսկոպոս եւ կաթողիկոս] անգիտությունը ժողովրդի կորստյան սկիզբն է» (Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Մատենագրք Հայոց, հ. ԺԵ, Երևան, 1997, էջ 347)։
17–18-րդ դարերուն վարչական բարեփոխման կարիքն ակնյայտ էր. «Առանց ուսման և կանոնի եկեղեցին չի կարող կանգուն մնալ» (Սիմեոն Երևանցի, Կոնդակ թեմերին, Երևան, 1973, էջ 112)։
19-րդ դարուն հաստատութեան ինքնութեան եւ առաքելութեան պահպանումը դարձաւ բարեկարգութեան հիմնական ուղղութիւն. «Եկեղեցու զորությունը իր կրթված սպասավորների մեջ է» (Գևորգ Ե. Սուրենյանց, Կոնդակ, Էջմիածին, 1905, էջ 37)։
20-րդ դարուն շարժման հիմնական շեշտադրութիւնը հովուական ծառայութեան վրայ էր. «Եթե քահանան [աբեղայ, վարդապետ, եպիսկոպոս եւ կաթողիկոս] ժողովրդի ցավը չգիտի, նրա աղոթքը դատարկ է» (Մկրտիչ Խրիմյան, Քարոզ, Երևան, 1980, էջ 58)։



