Բարի Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, սիրելի ընթերցողներ. Արդարություն եւ ժողովրդավարություն մեր երկրին, ազգային գիտակցություն՝ մեր ժողովրդին, խաղաղություն՝ աշխարհին

  • 31.12.2025
  • 0
  • 103 Views

Արդեն պատմության գիրկն է անցնում 2025 թվականը, որը լի էր անկանխատեսելի իրադարձություններով, հուսալքություններով ու կորուստներով։ Չնայած այդ ամենին, կային նաեւ ուրախության եւ երջանկության պահեր, փոքրիկ հաջողություններ ու ապագային միտված ծրագրեր, որոնք իրենց շարունկությունը կգտնեն 2026-ին։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի համար անցնող տարին նշանավորվեց եւս մի քանի կարեւոր համարների հրատարակությամբ։ Նախ լույս տեսավ մեր ամսագրի 100-րդ համարը, շարունակեցինք մեր ընթերցողներին ծանոթացնել եվրոպահայ համայնքների պատմությանն ու ներկային, լույս ընծայեցինք Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի հայ համայնքների, Վատիկանի ու հայերի հարաբերություններին նվիրված բացառիկ համարներ։ Շուտով լույս կտեսնի նաեւ Ալբանիայի հայության մասին հատուկ համարը։ 2025-ին չեխահայ համայնքի համար կազմակերպել ենք մի շարք մշակութային ձեռնարկներ՝ ֆիլմերի ցուցադրություն, գրական երեկո կամ համերգային ծրագիր։

ՕՐԵՐ-ը շարունակեց իր կայքէջի միջոցով լուսաբանել ողջ եվրոպահայության մշակութային, քաղաքական, մարզական, հասարակական, համայնքային կյանքը՝ ներկայացնելով կարեւոր նախագծերը, մշակութային ու մարզական գործիչների հաջողությունները։

Մեր ուշադրության կենտրոնում ենք պահել նաեւ Հայաստանում ընթացող քաղաքական վայրիվերումները, հասարակական, քաղաքական ու եկեղեցական գործիչների նկատմամբ շարունակվող հետապնդումները, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, Հայ Առաքելական եկեղեցու, Վեհափառ Հայրապետի ու մյուս հոգեւորականների դեմ կառավարող ուժի պարագլխի աննախադեպ հարձակումները, Բաքվի եւ Երեւանի բանտերում ապօրինաբար պահվող հայորդիների ազատության համար տարվող պայքարը, մեր ժողովրդի համազգային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Այս ամենից զատ, մենք լրջորեն հետեւել ենք սփյուռքյան այն նախաձեռնություններին, որոնք միտում ունեն միավորելու սփյուռքահայության ջանքերը՝ ամրապնդելու համայնքների միջեւ կապերը, ցանցային աշխատանքը եւ միասնականությունը։

Լիահույս ենք, որ գալիք 2026 թվականը կլինի արդարության հաղթանակի, մեր երկրի՝ բռնապետությունից ժողովրդավարցմանն անցնելու, արժանապատիվ խաղաղության եւ նոր հաղթանակների տարի։

Առողջություն եւ երջանկություն ենք մաղթում մեր բոլոր ընթերցողներին, ովքեր չեն մոռանում իրենց ազգային արմատները, չեն վաճառում իրենց ինքնությունն ու վճռական են մեր ժողովրդի արդար իրավունքների վերականգնման հարցում։

Արդարություն եւ ժողովրդավարություն մեր երկրին, ազգային գիտակցություն եւ խոհեմություն՝ մեր ժողովրդին, խաղաղություն՝ աշխարհին։

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։

Սիրով՝

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր

Լուսանկարում՝ Պրահայի Կենտրոնական Ստրաոմեստսկա հրապարակը՝ ամանորյա հանդերձանքով

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում