Տոներից առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-26-ը, հովվական այցով Բուլղարիա մեկնեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ ուղեկցությամբ Բուխարեստի հոգևոր հովիվ արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանի։
Սուրբ Ստեփանոսի՝ նախասարկավագի և առաջին նահատակի տոնի առթիվ Սրբազան Հայրը պատարագներ մատուցեց Սուրբ Ստեփանոսի անունը կրող 3 հայկական եկեղեցիներում՝ Պազարջիկ, Խասկովո և Սլիվեն քաղաքներում՝ մասնակցությամբ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանի, Պլովդիվի հոգևոր հովիվ Տ․ Դանիել քհն․ Քարաջյանի և Խաչիկ սարկավագ Յազըջյանի։
Առաջին պատարագը Պազարջիկում էր։ Պազարջիկի հայկական եկեղեցին Բուլղարիայում գտնվող հայ համայնքի հոգևոր կյանքի կարևոր կենտրոնն է եղել, որը ունեցել է բարդ պատմություն, հին եկեղեցիները ավերվել են, իսկ նորերը կառուցվել և վերանորոգվել են հայկական համայնքի կողմից 19-րդ և 20-րդ դարերում, որտեղ վերջին շրջանում նույնպես հոգևոր ակտիվություն է նկատվում։ Հետաքրքիր պատմություն կա կապված Հովհաննես Սվաչյանի հետ։ Վերջինս 1878 թվականի հունվարին Պազարջիկի կայարանում եղել է ռազմական հեռագրավար։ Քաղաքից դուրս գալու ժամանակ օսմանյան զորքերի հրամանատար Սուլեյման փաշան սուլթանից և Կոստանդնուպոլսի Բարձր դռնից բնակչությանը կոտորելու և քաղաքն այրելու թույլտվություն է խնդրել։ Թուրքական կառավարությունը դրական պատասխան է տվել Սուլեյմանին, սակայն հեռագրավար Հովհաննես Սվաճյանը փոխել է հեռագրի տեքստը և այն ճիշտ հակառակ իմաստով վերծանված փոխանցել Մորզեի կոդը չհասկացող փաշային, և այդպես քաղաքը փրկվել է։ Իր հերոսական արարքից ընդամենը երկու օր անց Հովհաննես Սվաճյանը նշանակվել է քաղաքի առաջին ժամանակավոր քաղաքապետը։ Ավելի ուշ նա դարձել է կայարանի պետ։
Երկրորդ պատարագը Խասկովոյում էր։ Ընդամենը երկու ամիս առաջ Խասկովոյի հայ համայնքը նշեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու և հայկական ազգային դպրոցի հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ վերապրելով իր պատմությունը և վկայելով, որ մեկ դար անց էլ հայի հոգին նույնն է՝ հավատքով, մշակույթով և հայրենասիրությամբ լցված։
Երրորդ պատարագը Սլիվենում էր՝ տեղի փոքրիկ Սուրբ Ստեփանոս եկեղեցում, որը լեփ-լեցուն էր հավատացյալներով ու ուխտավորներով։
Բոլոր քաղաքներում և ծխական համայնքներում առաջնորդական տեղապահն իր ուղերձն ու օրհնությունը փոխանցեց ներկա հավատացյալներին, տեղական ծխական խորհուրդների անդամներին և քահանաներին, օրհնեց ավանդական մատաղը, ապա հանդիպեց ծխական խորհուրդների անդամների հետ։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան










