Մեծ շուքով տեղի ունեցավ Բուխարեստի առաջնորդանիստ ,,Սրբոց Հրեշտակապետաց,, Մայր Տաճարի վերաօծումը

  • 26.11.2025
  • 0
  • 331 Views

Մեծ շուքով տեղի ունեցավ Բուխարեստի առաջնորդանիստ ,,Սրբոց Հրեշտակապետաց,, Մայր Տաճարի վերաօծումը

          Նոյեմբերի 9-ին, ժամը 10-ին, տեղի ունեցավ Ռումինիայի Կրոնից նախարարության ֆինանսավորմամբ արտաքնապես վերանորգված տաճարի վերաօծման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեցին Սուրբ Պատարագի մատուցումը, պաշտոնական գրությունների ընթերցումը, շքանշանների հանձնման արարողությունը, հուշաքարի բացումը և մատաղօրհնությունը։ Վերաօծման արարողությունը հանդիսապետեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը՝ մասնակցությամբ 6 թեմակալ առաջնորդների։ Օծվեցին Մայր Տաճարի դռները, ինչպես նաև 110 ամյակի առիթով պատրաստված և Հովակիմյան ընտանիքի կողմից նվիրաբերված 2 մասունքակիր խորանները, որոնցում զետեղվեցին Ս․ Հովհաննես Մկրտչի և Ս․ Պանտելիմոն բժշկի մասունքակիր Աջերը՝ յերկրպագություն հայ և ռումին հավատացելոց։

             Պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդը, որին ներկա էին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Մարկոս եպս․ Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Աբգար եպս․ Հովակիմյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Հովակիմ եպս․ Մանուկյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր եպս․ Խաչատրյանը, Հունաստանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տարոն եպս․ Առաքելյանը, Վրաստանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Կիրակոս եպս․ Դավթյանը, Չեխիահի, Սլովակիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ հոգշ․ Տ․ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական փոխանորդ Վառլաամ եպս․ Պլոիեշտեանուն, Ռումինիայում և Մոլդովայում Վատիկանի ներկայացուցիչ Ջիամպիերո արք․ Գլոդերը, Ռոմանո Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Աուրել արք․ Պերկան, Կաթոլիկ Եկեղեցու արք․ Իոան Ռոբուն, Մարոնիտ եկեղեցու ներկայացուցիչ Աբդո քհն․ Դահերը, Ռումինիայի նախագահ տիար Նիկուշոր Դանի խորհրդական Լուդովիկ Օրբանը, Ռումինիայի նախկին նախագահ տիար Էմիլ Կոնստանտինեսկուն, Ռումինիայի վարչապետ տիար Իլիե Բոլոժանի ներկայացուցիչ Դրագոշ Հոտեան, Արտաքին Գործերի նախարարի ներկայացուցիչ տիար Իուլիու Դրըգիչը, Աշխատանքի, Ընտանիքի, Երիտասարդության նախարար տիար Պետրո Ֆլորին Մանոլեն, Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Վասիլե Օլինիչը, Կրոնից նախկին նախարար տիար Վիկտոր Օպասկին, Մշակույթի նախարարության պետքարտուղար տիկին Դիանա Նիկոլաեն և պետքարտուղարի օգնական տիկին Իրինա Կաժալ Մարինը, Ռումինիայի նախկին վարչապետ տիար Կըլին Պոպեսկու Տըրիչեանուն, Ռումինիայի Խորհրդարանում Ազգային Փոքրամասնությունների խմբի ղեկավար տիար Վարուժան Փամբուկչյանը, Մարդու իրավունքների, կրոնների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով Հանձնախմբի ղեկավար տիար Սիլվիու Ֆեոդորը, Կրթության Հանձնախմբի նախագահ տիար Ալեքսանդրու Միհայ Գիջիուն, Եվրոպական Գործերի Հանձնախմբի նախագահ տիկին Դիանա Ստոիկան, Հայաստան-Ռումինիա Բարեկամական խմբի ղեկավար տիար Գրոզա Կըլին Ֆլորինը, Պատգամավորների Պալատի Ազգային Փոքրամասնությունների խմբի քարտուղար Շտեֆան Բոուդան, Սենատի Արտաքին Քաղաքականության Հանձնախմբի նախագահ Դըրլըու Անդրեյ Էմիլը, Կրոնից հարցերով Պետքարտուղարության գլխավոր տնօրեն տիար Ֆլորին Ֆրունզան, Բուխարեստի 2-րդ սեկտորի քաղաքապետ տիար Ռառեշ Հոպինկըն, Թրկու Օգնայի քաղաքապետ տիար Կրիստիան Աուրելիան Չուբոտարուն, Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ Նիկոլայե Վիկտոր Զամֆիրը, Ռումինիայում ՀՀ դեսպան տիար Տիգրան Գալստյանը, Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան տիար Նիկոլաս Մանուել Ժերոմե Վարներին, Ռումինիայում Շվեյցարիայի դեսպան տիար Մասիմո Բագին, Մալթայի դեսպան տիար Ռոբերտո Մուսնեչին, Ռումինիայում Կոլումբիայի դեսպան տիկին Դիվիա Դեսիդերիա Չեպեդա Ռոժասը, Հունաստանի դեսպանության ներկայացուցիչ տիար Գեորգիոս Պապանիկոլաուն, Հունգարիայի դեսպանության ներկայացուցիչ տիար Զոլտան Ատիլա Սասկան, Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ տիար Ռուդոլֆ Շեցը, Թեսալոնիկեում ՀՀ պատվո հյուպատոս տիար Ակիս Դագազիանը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, պետական այրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ Ռումինիայի տարբեր քաղաքներից, բազմաթիվ հյուրեր, թեմական Պատգամավորական ժողովի, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։

           Հընթացս Պատարագի խորանին ծառայում էին արժ․ Տ․ Աբգար քհն․ Քելեջյանը (Ուկրաինա), արժ․ Տ․ Հրաչ քհն․ Մուրադյանը (Բուլղարիա), բարեշնորհ Սևակ սրկ․ Խուրշուդյանը (Բուլղարիա), բարեշնորհ Վահագն սրկ․ Նիկողոսյանը (Հունաստան), թեմի քահանայից, սարկավագաց և դպրաց դասերը։

          Հավարտ Ս․ Պատարագի Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը հանդիսավորությամբ խորան բարձրացրեց հոգշ․ Տ․ Բարսեղ վրդ․ Փիլավչյանը, ընթերցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, 110 ամյակի միջոցառումներին Վեհափառի ներկայացուցիչ գերշ․ Տ․ Գրիգոր եպս․ Խաչատրյանը, որում մասնավորապես ասվում էր․ ,,Սիրելի զավակներ Մեր, Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման 110-րդ տարեդարձի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, հոգևոր հովվին, ծխական խորհրդի անդամներին և հավատավոր Մեր բոլոր զավակներին։ Ռումինիայի հայ համայնքը հարյուրամյակների պատմություն ունի։ Հյուրընկալ այս երկրում հաստատված հայորդիները հիմնել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, հայկական դպրոցներ ու մշակութային հաստատություններ՝ աննվազ նախանձախնդրությամբ հոգ տանելով նրանց գործունեությանը։ Հայկական կոտորածներից փրկված և Բուխարեստում ապահովություն գտած հայորդյաց տեսիլքով ու ազնիվ ջանքերով կառուցվեց Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին։ Հայրենազրկված մեր ժողովրդի զավակները իրենց խաթարված կյանքը վերակառուցելու նախանձախնդրությամբ հանձն առան ամեն զոհողություն, որպեսզի նոր միջավայրում իրենք և իրենց զավակները անմասն չմնան Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր խնամատարությունից։ Եկեղեցին նոր շունչ ու արթնություն բերեց հայության հոգևոր ու ազգային կյանքին, խանդավառեց նրանց և սերունդների համար դարձավ հարազատ օջախ՝ իր օրհնաբեր հարկի ներքո միավորելով մեր ժողովրդի զավակներին։ Այսօր էլ, գոհություն Աստուծո, Ռումինիայի հայ համայնքը, թեև թվով նվազած, նախնյաց ավանդներին հավատարիմ՝ շարունակում է ամուր պահել կապվածությունը Սրբոց Հրեշտակապետաց մայր եկեղեցուն և նրա շուրջ միավորված մշտարթուն պահել հավատն առ Աստված  և հավատարմությունը ազգային մեր իղձերին ու նպատակներին։ Ուրախ ենք մեծապես, որ Ռումինիայի կառավարության օժանդակությամբ հնարավոր է դարձել եկեղեցու արտաքինհիմնանորոգումը, և այսօր արժանահիշատակ հոբելյանը եկեղեցին դիմավորում է բարեզարդ, նորոգյալ տեսքով։ Հայկական սրբավայրի հանդեպ դրսևորած այս հոգածությունը նաև Ռումինիայի կյանքում հայ համայնքի բերած բարի վաստակի արժանի գնահատանքն է երկրի Քրիստոսասեր իշխանությունների կողմից,,։

          Այնուհետև ընթերցվեցին Ռումին Պատրիարքի, Ռումինիայի նախագահի, վարչապետի և Կրոնից նախարարի խոսքերը՝ նվիրված Մայր Տաճարի 110 ամյակին և վերաօծմանը։

Թեմակալ առաջնորդի կողմից ,,Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել,, շքանշանների արժանացան Ռումինիայի նախագահ տիար Նիկուշոր Դանը, Պատրիարքական փոխանորդ Վառլաամ եպս․ Պլոիեշտեանուն, Կրոնից նախարար տիար Չիպրիան Վասիլե Օլինիչը, Կրոնից նախկին նախարար տիար Վիկտոր Օպասկին, առաջնորդական գրասենյակի տնօրենուհի Բելլա Մուրադյանը, եկեղեցու վերանորոգումն իրականացրած ընկերության նախագահ տիար Մարիուս Շուտեուն և Մշակույթի նախարարությունից ճարտարապետ Կըտըլինա Պրեդան, որոնք մեծ ներդրում են ունեցել շինաշխատանքների կազմակերպման, վերահսկման և ֆինանսավորման գործում։

Թեմակալ առաջնորդն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ռումին պետությանը և եկեղեցուն, ի մասնավորի Կրոնների նախարար տիար Չիպրիան Վասիլե Օլինիչին, վերանոգչական աշխատանքների ֆինանսավորման համար, ինչպես նաև բոլոր ներգրավված անձանց և կազմակերպություններին՝ մասնավորապես նշելով․ ,, Ուրախարար այս առիթով մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում ռումին պետությանն ու կառավարությանը, մասնավորապես նախագահ տիար Նիկուշոր Դանին, որը 2021թ․, որպես Բուխարեստի գլխավոր քաղաքապետ, ստորագրեց առաջնորդանիստ Մայր Տաճարի վերանորոգման նախագծի շինթույլտվության փաստաթուղթը, նախկին վարչապետ տիար Մարչել Չոլակուին, ում բարձր հովանու ներքո սկսվեցին շինարարության նախագծային աշխատանքները, Կրոնից նախարարությանը՝ ի դեմս նախկին նախարար տիար Վիկտոր Օպասկիի, որի օրոք տրվեց աշխատանքների մեկնարկը և ի դեմս ներկայիս նախարար տիար Չիպրիան Վասիլե Օլինիչի, ում օրոք շարունակվեցին և իրենց ավարտին հասան շինաշխատանքները։ Շնորհակալություն ենք հայտնում Ռումինիայի Մշակույթի նախարարությանը, շինարարական ընկերությանը, Ռումանիոյ հայոց թեմի թեմական խորհրդի անդամներին, Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովվին և ծխական խորհրդի անդամներին, առաջնորդարանի անձնակազմին՝ ի մասնավորի առաջնորդական գրասենյակի տնօրենուհի տիկին Բելլա Մուրադյանի, և բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք ներգրավված են եղել այս գործընթացի մեջ։ Առանց ռումին պետության և բոլոր պատասխանատու հաստատությունների ներգրավվածության, ինչպես նաև տրամադրված ռեսուրսների, այս աշխատանքները հնարավոր չէին լինի կազմակերպել նման բարձր մակարդակով։ Շնորհակալություն ենք հայտնում ռումին պետությանը, որ արժեվորում է փոքրամասնությունների հոգևոր-կրոնական և մշակութային ժառանգությունը և այն համարում է Ռումինիայի ազգային-պետական ժառանգության անբաժանելի մաս։ Երախտապարտ ենք ձեզ մեր Առաքելական Ուղղափառ հավատքի, հայկական ինքնության և ռումինական հյուրընկալ հողի վրա դրա շարունակականության նկատմամբ ցուցաբերված գնահատանքի և արժեվորման համար։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված այս տաճարը կառուցողների, բարերարների ու նվիրատուների, թեմակալ առաջնորդների ու հոգևոր հովիվների, թեմական ու ծխական խորհուրդների անդամների համար, որոնք կառուցել, պահել ու մեզ են փոխանցել հավատքի այս կոթողը։ Աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար ու խաղաղության համար,,։

Վերջում տեղի ունեցավ եկեղեցու պատին զետեղված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը և օրհնվեց մատաղը։

Նույն օրը ժամը 14-ին Ռումին Պատրիարքական պալատում տրվեց պաշտոնական ճաշ։

Վերոնշյալ բոլոր միջոցառումները լուսաբանվել են Ռումինիայի Հանրային հեռուստաընկերությամբ, Ռումին Պատրիարքարանի ,,Տրինիտաս,, հեռուստաընկերությամբ և ,,Բազիլիկա,, լրատվական կայքով, ռումին պետական ,,Աջերպրես,, լրատվականով և մի շարք այլ լրատվամիջոցների կողմից։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք աջակցել են մեզ, մասնավորապես Ռումինիայի Հայոց միությանը, միության ,,Արարատ,, տպարանին՝ ողջ անձնակազմի հետ։ Կազմակերպչական և ադմինիստրատիվ հարցերում մեծապես աջակցության համար մասնավոր շնորհակալություն թեմի քահանայից դասին՝ փոխառաջնորդ արժ․ Տ․ Գրիգոր քհն․ Հոլկային, Բուխարեստի հոգևոր հովիվ արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանին, արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Մանդալյանին, արժ․ Տ․ Եզնիկ քհն․ Թորգոմյանին, արժ․ Տ․ Վաչագան քհն․ Գյուրջյանին, Վահե Հովակիմյանին, Հրանտ Ջաղինյանին, առաջնորդարանի և Բուխարեստի հայոց ծուխի ողջ աշխատակազմին, ՀԵՀԵՄ Ռումանիոյ երիտասարդներին (Ինեսա Թումասյանց, Հենրիկ Թումասյանց, Արտակ Հովակիմյան, Սիրանուշ Հովակիմյան, Հարութ Կափլանյան, Նարե Կարապետյան, Սամվել Կարապետյան, Մարինե Պերիխանյան), Տիկնանց միության անդամներին և բոլոր կամավորներին, Լուանա Մագանյանին, Սիրան Նավրուզյանին, Նիկուլայե Իվընուշին, Ադրիան Էմանուելին։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում