Աստանայում ստորագրվել են հայ-ղազախական համաձայնագրեր

  • 22.11.2025
  • 0
  • 185 Views

Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկը փոխանակել են գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Կողմերը, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնել աջակցել բուհերի միջև ուղղակի համագործակցային հարաբերությունների զարգացմանը, խրախուսել և խթանել երկու պետությունների դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը: Կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր հայ-ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության նպատակով:

Փոխանակվել են նաև Հայաստանի և Ղազախստանի ազգային գրադարանների, Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ղազախսինեմա» ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի համապատասխան գործընկերների կողմից ստորագրվել են փաստաթղթեր քաղաքական երկխոսության ու երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, տնտեսական համագործակցության խթանման, արհեստական բանականության, ինչպես նաև այլ ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության ընդլայնման ուղղություններով:

✍🏻 Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների համար» գործողությունների ծրագիրը:

ԱԳ նախարարները ստորագրել են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագրեր:

Հաշվի առնելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցում առկա մեծ շահագրգռվածությունն ու այդ ուղղությամբ մինչ այս իրականացված կարևոր քայլերը՝ նախարար Միրզոյանի կողմից ստորագրված փաստաթղթերի շարքում է նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության՝ 2026-2030 թվականների համար ճանապարհային քարտեզը:

🔷 Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից են արհեստական բանականության և առողջապահության ուղղությունները, համապատասխանաբար ստորագրվել են նաև.

🔹 «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության թվային զարգացման նախարարության միջև արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

🔹 «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև 2026-2027թվականների համար համագործակցության զարգացմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիր»:

✍🏼 Ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի միջև: Գործարար կապերի խթանման նպատակով ստորագրվել է «Հայ-ղազախական գործարար խորհրդի ստեղծման մասին» համաձայնագիրը: Տվյալ փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում