Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Գերմանիայի 15 քաղաքի հեղինակավոր համերգասրահներում

  • 15.11.2025
  • 0
  • 262 Views

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։

Նվագախումբը Գերմանիա է մեկնում 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։ Ելույթները տեղի կունենան Գյոպինգենի, Քեմփթենի, Ֆիլինգեն-Շվենինգենի, Մանհայմի, Նյուրնբերգի, Ինգոլշտադտի, Դորտմունդի, Մյուլհայմ ան դեր Ռուրի, Աշաֆենբուրգի, Քյոլնի, Վիսբադենի, Էսսենի, Ֆիբելի, էրկելենցի, Էմդենի համերգասրահներում։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ նվագախումբը մեկնում է իր 20-րդ համերգաշրջանի ամենաերկար ճամփորդություններից մեկին։ «Մեզ համար շատ կարևոր ու պատվաբեր հյուրախաղեր են՝ ներկայացնելու Հայաստանը և մեր նվագախմբի կատարողական արվեստը Գերմանիայի խստապահանջ ունկնդրին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաքելություններից մեկը հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է աշխարհում, և այս հյուրախաղերը կարևոր խթան են այդ ճանապարհին։ Համերգային ծրագրերում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները»,- նշում է Սարգիս Բալբաբյանը։

Տեղեկացնենք, որ առաջիկա համերգները լուսաբանվում են գերմանական մամուլում ու այն քաղաքներում, որտեղ կայանալու են ելույթները, ինչը խոսում է նվագախմբի հեղինակության մասին։

Հյուրախաղերը Գերմանիայում կկայանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։  

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում