Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պատրաստվում է իր կայքէջում հրապարակել Հնդկաստանի հայկական արձանագրությունները

  • 30.10.2025
  • 0
  • 455 Views

Լուսանկարում՝ Շնորհանդեսին Րաֆֆի Քորթոշյանը գիրքը նվիրում է Հայաստանում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պատրաստվում է իր կայքէջում հրապարակել Հնդկաստանի հայկական արձանագրությունները:

ՀՃՈՒ արշավախումբը Հնդկաստանում գործունեություն է ծավալել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ 2011 թ.:

Խումբը 21 օրերի ընթացքում Հնդկաստանի 9 (Ագրա, Բոմբեյ, Գվալիոր, Կալկաթա, Հայդարաբադ, Մադրաս, Չինսուրա, Սեյդաբադ, Սուրաթ) հայահոծ բնակավայրերում լուսանկարել և չափագրել է հայկական վիմագրերը՝ անկախ ծավալից, բովանդակությունից, պահպանվածության աստիճանից կամ լեզվից (հայերեն, պարսկերեն, անգլերեն, լատիներեն, վրացերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն)։

Արշավախումբը Տանգրայի գերեզմանոցում

Դրանք շուրջ 13 տարի տևած համակողմանի ուսումնասիրության շնորհիվ հրատարակվել են «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» խորագրով գրքում ՀՃՈՒ հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հեղինակությամբ: Աշխատությունը ներառում է ընդհանուր 2291 արձանագրություն, որի մոտ ութսուն տոկոսը հրատարակվում է առաջին անգամ։

Հեղինակի փոխանցմամբ` վերջին տարիներին հայտնաբերվում, ուսումնասիրվում և հրապարակվում են Հնդկաստանի հայության պատմությանը, մշակույթին, կենցաղին և այլ ոլորտների վերաբերող արխիվային նոր փաստաթղթեր։

Հավաքագրված նյութերն ուսումնասիրողներին, հետազոտողներին, հայագետներին և այլ մասնագետների հասանելի դարձնելու համար ՀՃՈՒ հիմնադրամն այժմ պատրաստվում է բոլոր վիմագրերը, լուսանկարներով և գրչանկարներով հանդերձ, հրապարակել իր կայքէջում: https://armenianarchitecture.org/

ՀՃՈՒ հիմնադրամի արշավախումը Ագրայի գերեզմանոցում:

Ներքեւի լուսանկարներում՝

Ջուղայեցի Բաբա-Փանոսենց Գրիգորի որդի Հարությունի տապանաքարը, 1717 թ., Մադրաս:

Կալկաթայի անվանի վաճառական Ջնթլումենց Խաչիկ Առաքելի տապանաքարը, 1790 թ., Կալկաթա:

Չինսուրայի ամենահայտնի վաճառական խոջա Հովհաննես Մարգարի տապանաքարը, 1697 թ., Չինսուրա:

orer.eu

Հ.Գ.- Այս հրապարակումից հետո պարզվեց, որ այժմ նույն աշխատանքը Հնդկաստանում կատարում է մեկ այլ խումբ՝ հայկական ծագումով Մայլք Ստեփանի ղեկավարությամբ եւ Բրիտանական գրադարանի օժանդակությամբ ։ Նրանք ուղարկեցին մեզ իրենց աշխատանքի մասին հետեւյալ հղումը՝ Saving forgotten voices in stone: Armenian epigraphic heritage across India

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում