Բաքվում պահվող գերիների առումով լավ նորություններ կունենանք.ասել է Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսում

  • 19.10.2025
  • 0
  • 231 Views

Հոկտեմբեր 14. Երեւան. ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

💬 «Նախ ուզում եմ միանգամից ասել, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում միանգամայն նոր հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Նախ և առաջ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովը և ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները։

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, և այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է, մենք, ի թիվս այլ պայմանավորվածությունների, նաև ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի, Մինսկի կառույցների լուծարմանը։ Այս նոր իրողությունները նոր են նաև Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից ևս, և այստեղ մենք պետք է, որպես նոր իրողություններում գտնվող պետություն, մեզ համար բացահայտենք համագործակցության և մասնակցության նոր հորիզոններ, նոր հարթություններ, նոր շրջանակ:

Մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական և շրջակա միջավայրին առնչվող հարցերում համագործակցության հնարավորություններով։

Երկրորդ, մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակն այս և հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը, և սա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև ԵԱՀԿ ամբողջ գոտուն։

Մենք շատ բարձր ենք գնահատում այն ինստիտուցիոնալ աջակցությունը, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայունության ավելացմանը։ Սրա դրսևորումն է, իհարկե, Ֆինլանդիայի մասնակցությունը «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությանը»։

Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է.

💬 «Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած այդ Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։

Երրորդ երկրների մասնակցությունը, հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում, իհարկե, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։ Գիտեք, որ մեր աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, և այժմ այդ հարցը ևս շատ արդիական է, և այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել»։

Արարատ Միրզոյան. «Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում. և՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության, և՛ նոր Սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար, այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել։ Բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն` փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Կրկին, դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է, և մեր ներքին, ներքաղաքական, ներհանրային օրակարգի մաս»։

mfa.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում