Մեծ թվով զբոսաշրջիկներ՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգներին

  • 25.09.2025
  • 0
  • 231 Views

Մեծ թվով զբոսաշրջիկներ՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգներին

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին կայացած հերթական համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և «Կրակի բովով»՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից։ Սեպտեմբերի 23-ին նշվում էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 105-ամյակը։ Եվ այդ առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել է նրա Տոնական նախերգանքը։ Ձայնագրությունն այժմ հասանելի է առաջատար երաժշտական հարթակներում։

Համերգի ընթացքում նվագախումբը և վիրտուոզ դաշնակահար Օլգա Շեպսը կատարել են Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Օլգա Շեպսը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, մեր ժամանակների ամենավառ դաշնակահարներից մեկը։ Նա ելույթ է ունենում հեղինակավար նվագախմբերի հետ, նրա երկացանկում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Այն արդեն 9-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին և նվիրում երաժշտական տոն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Ուշագրավ է, որ համերգասրահում մեծ թիվ են կազմում նաև մայրաքաղաքի հյուրերը, որոնք ծանոթանում են հայ կատարողական արվեստին, վայելում հայտնի արտիստների կատարումները։

Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» հայտնի ստեղծագործությունը և Շումանի Դաշնամուրի կոնցերտը՝ դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի կատարմամբ։ Կհնչի նաև Ալեքսանդր Սպենդիարյանի Օրորոցայինը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում