Իսպանական 43-րդ քաղաքը՝ Ալբորայան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  • 31.07.2025
  • 0
  • 1674 Views

Ալբորայան համալրեց Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը

Եվ այսպես Ալբորայան դարձավ Իսպանիայի 43-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի 6 կուսակցությունները` իշխանություն կազմող Սոցիալիստական կուսակցությունը (PSOE) և “Կոմպրոմիսը” (Compromís), Ժողովրդական կուսակցությունը (PP ), ՎՈՔՍ-ը (VOX), “Ալբորայա ակտուա”-ն (Alboraya actúa) և Ձախ միությունը (Esquerra Unida-Unides Podem per Alboraya) միաձայն կողմ են քվեարկել Իսպանիայի “Արարատ” հայկական միության միջնորդագրի հիման վրա “Կոմպրոմիսի” ներկայացրած հայտարարությունը, որը ներկայացրեց կուսակցության խոսնակ Կոնչա Վիյենա Սիեռան (Conxa Villena Sierra):

Վերջինս հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունը, կարևորեց քաղաքի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունն իր անունով կոչելու և այն պաշտոնապես ճանաչելու փաստը։

Վիյենայի խոսքին հետևեցին բոլոր կուսակցությունների խոսնակների ելույթները, որոնցում նրանք դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը, կարևորեցին աշխարհի բոլոր երկրների կողմից այն ճանաչելու անհրաժեշտությունը և ներկայիս Թուրքիայի կողմից վնասների փոխհատուցումը։

Նիստին ներկա էր “Արարատ” հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց քաղխորհրդի բոլոր անդամներին, նշելով, որ “կարևոր է այն փաստը, որ մարդկության դեմ հանցանքի հարցերին ի պատասխան` կուսակցությունների տարաձայնություններն ու գույները միավորվում են` դատապարտելու համար այն։ Ալբորայայի քաղխորհրդի անդամները պատրաստակամություն հայտնեցին` օգնելու Իսպանիայի հայ համայնքին` հարցը հասցնելու այլ կառավարություններ, այդ թվում նաև` Իսպանիայի խորհրդարան։

orer.eu

(3) Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում