Հայկական մշակույթը Դրեզդենում՝ համերգ, ցուցահանդես եւ բանախոսություն

  • 23.06.2025
  • 0
  • 2559 Views

Հունիսի 21-ին Դրեզդենի «Հայ տուն» մշակութային միության կազմակերպած ձեռնարկը մի դահլիճում էր հավաքել արվեստասեր հայերին ու գերմանացիներին։ Միության ատենապետ Արամ Հայդեյանն ու նրա եղբայրը՝ փոխատենապետ Արմեն Հայդեյանն ամեն ինչ արել էին միավորելու փոքրիկ համայնքի ուժերը եւ ներկայացնելու բարձրաճաշակ մշակութային ծրագիր։

Երեկոն վարում էր Արմեն Հայդեյանը, որը գերմաներենով ու հայերենով ներկայացնում էր ոչ միայն ելույթ ունեցողներին, այլեւ  հակիրճ տեղեկատվություն էր տալիս  հայ մշակույթի մասին։ Արմենը նաեւ անդրադարձավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարին՝ նվիրված գերմանահայ համայնքին ու ճանաչված գործիչներին։

Օրվա բացումը կատարեց երիտասարդ երգչուհի Աննա Առաքելյանը՝ կատարելով Կոմիտասի «Երկինքն ամպելա»ն։ Սովորելով Քյոլնի կոնսերվատորիայում եւ հիմնականում երգելով ջազային, ռոք եւ պոպ ստեղծագործություններ, նա  հրաշալի կատարեց Կոմիտաս, իր մայրիկի՝  դաշնակահարուհի Նարինե Մարդոյանի նվագակցությամբ։ Վերջինս ողջ երեկոյի ընթացքում ոչ միայն նվագակցեց բարիտոն Գոռ Հարությունյանի ոգեշունչ կատարումներին, այլեւ ներկայացրեց Կոմիտասի «Գարուն ա»ն։

Հատուկ այս երեկոյին մասնակցելու համար Նյուրենբերգից Դրեզդեն ժամանած  բարիտոն Գոռ Հարությունյանի հուզիչ ու ազդեցիկ կատարումներն արժանացան դահլիճի ջերմ ընդունելությանը։ Նշենք, որ Գոռը ոչ միայն 2009 թվականից երգում է Նյուրենբերգի օպերային թատրոնի երգչախմբում, այլեւ ղեկավարում է տեղի հայ համայնքի եկեղեցական երգչախումբը, համերգային ծրագրերով հանդես է գալիս իր կնոջ՝ հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցի հետ։ Այս անգամ նրա կատարմամբ հնչեցին  Կոմիտասի «Ախ Մարալ ջան… Էրվում եմ» , «Հայաստան» երգերը, ինչպես նաեւ «Հավուն հավունը», «Ահեղ ձայնս», «Իմ Արարատ»ը։

Նարինե Մարդոյանը կատարեց նաեւ   գերմանաբնակ Արմինե Ղուլոյանի «Արփա-Սեւան» ստեղծագործությունը։ Նարինեն իր երաժշտական կրթությունը ստացել է ոչ միայն Երեւանի կոնսերվատորիայում, այլեւ Կանադայում, իսկ Գերմանիա տեղափոխվելուց հետո դասավանդում է  երաժշտական դպրոցում։

 Համերգային ծրագիրը ընդմիջվեց արվեստաբան Հայարփի Հակոբյանի «Ճամփորդություն անցյալով. Հայկական գրքարվեստը միջնադարում» հետաքրքիր բանախոսությամբ, տեսապատկերների միջոցով ցույց տալով հայ մանրանկարչության ու հոգեւոր ժառանգության, ինչպես նաեւ ձեռագրարվեստի բացառիկ նմուշներ։ Արդեն չորս տարի է Հայարփին ատենախոսություն է գրում Հալլեի համալսարանում Վանա լճի առակների թեմայով։

Այնուհետեւ Արմենը բեմ հրավիրեց այն երեք նկարիչներին, որոնց աշխատանքները ցուցադրվում էին միջոցառման սրահում՝ անվանի գեղանկարիչ եւ քանդակագործ Արարատ Հայդեյանին, երիտասարդ գեղանկարիչներ Արեն Շահնազարյանին եւ Նարեկ Արզումանյանին։ Նրանք կիսվեցին անցյալի ու ներկայի մասին իրենց մտածումներով։ Արենը պատմեց, որ ինքը թեեւ երաժշտական ընտանիքից է, բայց իրեն գրավել է նկարչությունը։ Եվ հատկապես հայ մանրանկարչությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա։ «Հայկական մանրանկարչության գույներն այնքան ազդեցիկ են, որ մարդկանց շշմելու չափ զարմացնում են»,- ասաց նա։ Արարատ Հայդեյանը նշեց, որ հայ-գերմանական կապերի շրջանակներում վերջին 30 տարիներին բազմաթիվ նախագածեր են իրականացվել, ինչը նպաստել է շփումների ակտիվացմանը։ «Հայ տան» կազմակերպած այս նախագիծն էլ  լրացնում է այդ շարքը, որն իրականություն է դարձել հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ։

Ձեռնարկը եզրափակվեց երիտասարդ, շնորհալի սաքսոֆոնահար Արա Առաքելյանի հիանալի ելույթով, որը ներկայացրեց համաշխարհային հայտնի ստեղծագործություններ։ Արան տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների, եւ այժմ ղեկավարում է  Բրանդենբուրգի Սենֆտենբերգ քաղաքի երաժշտական դպրոցի կլարնետի եւ սաքսոֆոնի բաժինը։

Ձեռնարկի ավարտին ներկաները համտեսեցին նաեւ հայ համայնքի կանանց պատրաստած անուշեղենը։

Հ.Ա.

Դրեզդեն-Պրահա

օrer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում