Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները.Միաբանական համագումարի հայտարարությունը

  • 23.06.2025
  • 0
  • 321 Views

Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով ի մի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելով Միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր սուրբ ուխտին որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք հավաստում առ Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգիս Վեհափառ Հայրապետին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով։ Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի Մայր Հայաստան և ի Սփյուռս.

• Անսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ և հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը և պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի և Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական և խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության և անդորրի։

• Հավատարիմ քրիստոնեական արժեքներին՝ ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգևոր դիմագիծը և միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները՝ համաձայն սուրբ առաքյալի կոչի. «…Միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13։11)։

Կոչ ենք անում Հայրենի երկրի իշխանություններին.

• Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլ նաև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության և պետականության անվտանգությանը։

• Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության և ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։

• Հետևողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։

Հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայր Աթոռի միաբաններս՝ մեզ զորակից ունենալով Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ Ամենակալ Աստծո և հոգևոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ, միակամ ու միաբան, շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել Հայ Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայաստան աշխարհի»։

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Հիշեցնենք, որ Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի արքայության»։

Հունիսի 17-ին՝ միաբանական հավաքի բացմանը, մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը և հանձնախմբի անդամ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։

Համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը ողջունեց Սուրբ Էջմիածնում համագումարի առիթով համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը՝ ընդգծելով, որ ավանդություն դարձած նման հավաքները բարեպատեհ առիթ են զորանալու աղոթական ոգու մեջ, նաև հնարավորություն անդրադարձ կատարելու Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներին, համատեղ փնտրելու դրանց հաղթահարման ուղիները։

Նորին Սրբությունը, անդրադառնալով Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի բացառիկ առաքելությանը, ի մասնավորի նշեց․ «Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր կենտրոնով, բոլոր ժամանակներում Տիրոջ լուսեղեն պատգամներն է փոխանցել հայորդյաց, հոգևոր, ազգապահպան իր առաքելությանը զուգընթաց օրհասական պահերին՝ պետականության բացակայության պայմաններում, ստանձնել քաղաքական առաջնորդությունը մեր ժողովրդի և միշտ եղել տերն ու պաշտպանը ազգային իրավունքների և քրիստոնեական մեր սրբազան արժեքների»։

Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամեց հայրենիքի և Հայոց Եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ և ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։

«Այսպես, սիրելի միաբաններ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարօր կյանքը հայկազյան մեր ազգի և միշտ պայծառ պահել մեր Սուրբ Եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո, հայրենիքի և գալիք սերունդների առջև», – ընդգծեց Նորին Սրբությունը։

Վերջում Հայոց Հովվապետն իր բարձր գնահատանքը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ և նախանձախնդիր սպասավորության համար՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին՝ համատեղ ջանքերով հասնելու խաղաղ և լուսավոր հանգրվաններին։

Համագումարի մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:

Հնգօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները քննարկեցին Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, լսվեցին ադրի հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ և բանախոսություններ:

Միաբան հայրերը մասնակցեցին Արարատյան շաբաթվա Սուրբ Պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Հունիսի 21-22-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կազմակերպիչ հանձնախմբի անդամները մի խումբ միաբանների հետ հովվական առաքելությամբ մեկնեցին նաև Սյունյաց թեմի համայնքներ։ Մայր Աթոռի միաբաններն այցելություններ կատարեցին Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայերի, բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում