Հայ գեղանկարիչների ջրաներկ աշխատանքները ցուցադրվեցին Բեռլինում

  • 09.06.2025
  • 0
  • 527 Views

Օրերս Բեռլինի «Ինտերիոր դա զայն» (InteriorDAsein) պատկերասրահում կայացած խմբակային ցուցահանդեսն ավարտվեց։ Այն անցկացվեց ամենամյա գերմանահայկական մշակութային օրերին և Մաքսիմ Գորկի թատրոնում տեղի ունեցած «Հայկական այլաբանություններ» փառատոնին զուգահեռ՝ ապրիլի 25–ից մինչև մայիսի 31–ը։ Ցուցահանդեսը կրում էր «Հայերի թղթային աշխատանքներ՝ ջրաներկից տեմպերա, ուրվանկարից մինչև գլուխգործոց» խորագիրը և ներկայացնում մի գունեղ պատկերաշար։

«Այս ցուցահանդեսի համար առիթ հանդիսացան գյումրեցի  երետասարդ նկարիչ Հոբ Ղազարյանի ջրաներկ աշխատանքները, որ այստեղ էին՝ Բեռլինում, գերմանահայկական օրերի ցուցահանդեսին մասնակցելու։ Նա շատ էր ցանկանում գերմանացի արվեստասեր հասարակությանը ներկայանալ, ես էլ  սիրով աջակցեցի»,– մեզ հետ զրույցում նշեց բեռլինաբնակ արվեստագետ, գեղանկարիչ Արչի Գալենցը։

Քանի որ այստեղ բերված Հոբի աշխատանքները թղթի վրա ջրաներկով ստեղծված պատկերներ են եղել, նա որոշել է ցուցադրության ողջ շարքը  նման գործերով  ներկայացնել։ Հին և նոր սերնդի արվեստագետներին կողք կողքի է ցուցադրել, որ ժամանակների տարբերությունն ու զարգացումները երևան։

«Մեր գեղանկարչական դպրոցն ուրիշ էր, այս ժամանակներն ուրիշ են։ Իհարկե, այդ ավանդույթները շարունակողներ էլ կան։ Բայց օրինակ՝ Հոբի գործերն առաջին հայացքից լուսանկարների են նման, շատ են իրականությանը մոտ։ Ժամանակակից մարդու աչքն արդեն այնքա¯ն է լուսանկարից ազդված, իսկ դրա վառ արտահայտությունն Հոբի այս գործերում են, իհարկե տաղանդավոր է արված»,– նշեց պարոն Գալենցը։  

Կալենցի «Ինտերիոր դա զայն» պատկերասրահում  հանդիպեցինք նաև արցախցի նկարիչ Ռուբեն Գաբեյանի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Հակոբյանի, Ավագ Ավագյանի, Սլավիկ Խաչատրյանի, Մարտին Պետրոսյանի, Փիրուզա Գոզեյանի, Գայանե Խաչատրյանի, Մարտին Խաչատրյանի, Բորիս Հակոբյանի, Սարո Կալենցի և իր՝ Արչի Գալենցի անցյալ դարի 50-60–ականներից մինչև մեր օրերն արված շուրջ չորս տասնյակ գործերի։ Ջրաներկ այդ պատկերները զանազան թեմաներով ու ժանրերով ոգեշունչ աշխատանքներ են, որ արտահայտում են ներկա և նախորդ սերնդի հայ մարդու ներաշխարհն ու հայացքները, մտահոգության և ոգեշնչման թեմաները։ Կային մեծաթիվ բնապատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ գործեր և գրքային նկարազարդումներ։

Զրուցակցիս համոզմամբ հայկական վիզուալ արվեստն ավելի հայտնի է իր մոնումենտալ քանդակներով և արտահայտիչ, գունեղ նկարներով՝ հիմնականում յուղաներկով։ Իսկ թղթի վրա արված գործերը համեմատաբար պակաս հայտնի են, որոնք ստեղծվել են ջրաներկով, տեմպերայով կամ գուաշով։

«2008 թվականից ի վեր հայ նկարիչների բազմաթիվ աշխատանքներ են ներկայացվել մեր տարածքում։ Այս մեկն ավելի շատ ուսումնասիրելու համար նախատեսված ցուցահադես է, ոչ թե զարմացնելու, բնականաբար, ըստ մեր հնարավորությունների։ Ցավոք, դեռևս չկան ծրագրավորված մեխանիզմներ, որով առաջ շարժվենք։ Հատկապես պարբերական մամուլի կարիքը կա, որ լուսաբանվի ամեն բան ու քննարկվի։ Առայժմ ինչ հնարավոր է, անում ենք, որ զարգացում ապահովենք»,– նշեց պարոն Գալենցը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում