Կոմիտասի անմահ երաժշտությունը հնչեց Բելգիայում և Նիդերլանդներում

  • 08.05.2025
  • 0
  • 347 Views

Կոմիտասի անմահ երաժշտությունը հնչեց Բելգիայում և Նիդերլանդներում՝ Հայրապետական պատվիրակության հովանու ներքո՝ դառնալով հիշողության և ոգեկոչման ձայն։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Նիդերլանդներում և Բելգիայում բնակվող հայ համայնքը համախմբվեց խորապես ազդեցիկ համերգաշարի շուրջ՝ «Հայոց ցեղասպանության հիշատակումը՝ Կոմիտաս վարդապետի սրբազան երաժշտության միջոցով» խորագրով։

Հայրապետական պատվիրակ Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ կազմակերպված այս համերգաշարը կայացավ Ալմելոյում, Բրյուսելում, Ամստերդամում և Անտվերպենում՝ ընդգրկելով ավելի քան 850 մասնակից։

Այս երեկոների կենտրոնում ոչ միայն ցեղասպանության նահատակների հիշատակումն էր, այլև ազգագրագետ, երաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի մեծարումը։

Համերգաշարի ընթացքուվ Կոմիտասի երաժշտությունը՝ հյուսված եկեղեցական շարականներից և ժողովրդական մեղեդիներից, վերածվեց դարավոր վշտի ոգեկոչման աղոթքի, սակայն նաև հայի տոկունության վկայության։

Համերգաշարի բացումը տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ Ալմելոյում, Ս. Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում։ «Կոմիտաս» քառյակը և ճանաչված սոպրանո Ռուզաննա Նահապետյանը հանդես եկան շուրջ 250 հանդիսատեսի առջև։

Համերգից առաջ Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, հիշեցրեց Հովհաննեսի Ավետարանի 12:24 հատվածը․ «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա»։ Այս խոսքերը դարձան երեկոյի հոգևոր առանցքը՝ վկայելով, որ նահատակության խորհուրդը վերածվեց երկարատև «արդյունքի»՝ հավատի, տոկունության և մեր մշակույթի մեջ դաճված հիշողության։ «Ցեղասպանության ողբերգությունը չկարողացավ լռեցնել մեզ», — ասաց նա։ «Այն սկիզբ դրեց նոր ձայների, որոնցից մեկն էլ Կոմիտասն է։

Ապրիլի 23-ին Բրյուսելում համերգային ծրագիրը հարստացավ նաև սոպրանո Թալար Տեքրմանջյանի, դաշնակահար Միլոշ Պոպովիչը և ջութակահար Գայանե Միրզոյանի կատարումներով՝ 200 հոգանոց լսարանի առջև։ Արևմտյան դասական ոճը ներդաշնակ ներհյուսվեց հայկական ազգային հոգեթով մեղեդիներին։ Յուրաքանչյուր կատարում ամբողջությամբ ներթափանցված էր Կոմիտասի հոգևոր ներկայությամբ․ անցյալում ոչնչացման եզրին հայտնված երաժշտությունը փառահեղ հնչեց Եվրոպայի մայրաքաղաքում։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ցեղասպանության տարելիցի առիթով, Ամստերդամի Սուրբ Պետրոս Բանդեն եկեղեցում ներկաները լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, իսկ երաժշտությունը դարձավ սուրբ հաղորդակցություն անցյալի և ներկայի միջև։ Սոպրանո Նահապետյանի ձայնը վեր խոյացավ դեպի եկեղեցու կամարները, մինչդեռ Կոմիտասի հնչյունները՝ քառյակի կատարմամբ, տարածվեցին սրբավայրի բոլոր անկյուններում։ Այդ երեկո Սրբազան Հայրը դիմեց նաև երիտասարդներին՝ նշելով. «Կոմիտասն միայն երաժշտություն չէր ստեղծում։ Նա փրկեց մեր հնչյունները։ Նա մեզ թողեց հիշողություն, որը կարելի էր արտահայտել երգով՝ անգամ այն ժամանակ, երբ խոսելն այլևս անհնար էր։

Համերգաշարը եզրափակվեց ապրիլի 25-ին՝ Անտվերպենում, նույն երաժիշտների մասնակցությամբ, ինչ Բրյուսելում։ Եվս շուրջ 200 մասնակիցների համար այդ երեկոն դարձավ հոգևորության վերգտնում։ Կոմիտասի ստեղծագործությունները, ծնված աղոթքից ու ժողովրդական բանահյուսությունից, դարձան համահայկական խորան, որի վրա ամփոփվեց մեր հավաքական հիշողությունը։

Բոլոր համերգների ընթացքում Խաժակ Սրբազանը շեշտեց Հայոց ցեղասպանության նահատակների և Կոմիտասի թողած կենսատու պատգամի կարևորությունը, որը մեզ կոչ է անում ստանձնելու պատասխանատվություն։ «Նահատակները իրենց կյանքը տվեցին հավատի ու ինքնության համար», — ասաց նա։ «Կոմիտասից ժառանգեցինք երգով նրանց հիշատակելու միջոցը՝ իր երաժշտության հնչյունները։ Այսօր մեր պարտականությունն է՝ նվիրվել արդարությանը, ճշմարտությանը և մեր ինքնության պահպանմանը»։

Համերգները տոգորված էին նաև նորոգման ոգով։ Յուրաքանչյուր համերգ եզրափակվեց ապագայի հանդեպ խորհմամբ՝ ընդգծելով ինքնության, համայնքային առաջնորդության և սերունդների միջև արժեքների փոխանցման կարևորությունը։

Ինչպես ոգեշնչված եզրափակեց Գերաշնորհ Խաժակ Արք. Պարսամյանը․

«Նահատակներին պատվել՝ նշանակում է ապրել նպատակասլաց։ Կոմիտասին մեծարել՝ նշանակում է պահել մեր ինքնությունը ներդաշնակության մեջ։ Նրանք միասին մեզ հրավիրում են՝ ոչ միայն հիշելու, այլ նաև կայանալու։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում