Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ:


ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:
Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում:
Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024 թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:
Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր:
https://www.mfa.am/…/2025/04/24/Genocide_Statement/13211
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այսպիսով կրկին ժխտելով ցեղասպանության փաստը։
«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 24-ին ՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանություններ արված հայտարարությունները, որոնք արվում են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Անցյալի ցավը քաղաքական նպատակներով օգտագործելուն ակնհայտորեն ուղղված փորձերը բացաձակապես առոչինչ են»,–նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Խեղաթյուրելով պատմությունը՝ ընդգծվում է, թե իբր Թուրքիան մշտապես հանդես է եկել խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման ամրապնդման օգտին: Դրանից ելնելով ՝ Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով ՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։
«Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսել պատմությունից թշնամանք կորզելու արմատական շրջանակների ջանքերը և կրկնում ենք մեր կոչը ՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ https://auroranews.am/



