
Բեռլինի «Միջազգային տուրիստական բորսա» (ITB) կոչվող ամենամյա ցուցահանդեսն այս տարի տեղի ունեցավ մարտի 4-ից 6-ը, որին Հայաստանը նույնպես մասնակցեց միասնական մեծ տաղավարով։ 1966 թվականից այն ամեն տարի իր շուրջն է հավաքում աշխարհի խոշոր տուրիստական ընկերություններին։ Այս անգամ մասնակցում էին թվով մոտ 5.800 կազմակերպություններ շուրջ 170 երկրներից։
Հայաստանի տաղավարը՝ Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հարևանությամբ, ներկայացնում էին 15 ընկերություններ, որոնց զգալի մասն արդեն մշտապես գալիս են՝ այստեղ նոր գործընկերներ և նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով։

Երեք օրվա ընթացքում ցուցասրահներում շարունակաբար տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ՝ քննարկումներ, համերգներ, ասուլիսներ, ճեպազրույցներ և այլազան մշակութային միջոցառումներ՝ կազմակերպված թե՛ հյուրընկալող երկրի, և թե՛ հյուրընկալվող երկրների կողմից։ Մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հնչեց նաև մեր երկրի անունը։ Հայաստանը ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին հաղթող ճանաչվեց եւ արժանացավ PATWA մրցանակի՝ որպես արկածային զբոսաշրջության լավագույն ուղղություն։
Ինչպես մեզ հավաստիացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային մարկետինգի և խթանման վարչության ղեկավար տիկին Անուշիկ Սահակյանը, սա մեծ պատիվ է Հայաստանի համար և վստահ իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջիկների հոսքի աճի վրա։
Զրուցակիցս պատմեց, որ ամեն բան պարզ ընթացակարգով է տեղի ունենում, ինչպես ամեն տարի։ Կոմիտեն հանդես է գալիս բաց հայտարարությամբ, որից հետո ընկերությունները դիմում են, գրանցվում, հանդիպում են, բացատրում պայմանները․ «Ընդհանուր ծախսերի մի մասը ընկերություններն են հոգում, մի մասը՝ պետությունը։ Այստեղ հիմնականում մեր այն գործընկերներն են, որոնց թիրախային շուկան Եվրոպան է։ Թեև ոչ մի սահմանափակում չկա»։
Կազմակերպություններից 14–ը տուրիստական ընկերություններ էին, իսկ մեկը՝ նորաբաց հյուրանոց։ «Մենք էլ ենք միացել այս միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին, որովհետև բոլոր առումներով մեր մեծ և նորակառույց հյուրանոցը համապատասխանում է եվրոպացի՝ անգամ խստապահանջ զբոսաշրջիկի պահանջներին։ Հուսով ենք, որ այստեղ նոր գործընկերներ ձեռք կբերենք»,– նշեց «Կարմիր կամուրջ Երևան» (Red Bridge hotel Yerevan) հյուրանոցի աշխատակից Գոհար Բալայանը։ «Ռուբեն տուր» (Rubentours) ընկերությունից Նվեր Ավետիսյանը նույնպես նշեց, որ առաջին անգամ են այստեղ և լիահույս, որ սպասելիքները կարդարանան՝ իրենց ընտանեկան փոքր բիզնեսը զարգացնելու հետ կապված։
«Անրիվա» ընկերության (Anriva) ներգնա բաժնի տուրմենեջեր Արմենուհի Դանիելյանը նշեց, որ իրենց պարագայում հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Եգիպտոսի վրա և այժմ նոր ուղղություն ունեն՝ դեպի Մասկատ՝ ուղիղ, կանոնավոր չվերթով․ «Ուրախ ենք այս նոր ձեռքբերումով և լիահույս, որ այստեղ նոր համագործակցություններ կունենաք, կկարողանանք նոր պոտենցյալ գործընկերներ ձեռք բերել»։
«Արևորդի» էկոտուրն (SunCHiLD Eco Tours Armenia) էլ զբաղվում է գլխավորապես բնապահպանական տուրիզմով։ Կազմակերպությունը հիմնադրվել է վայրի բնության և մշակութային արժեքների պահմանման հիմնադրամի կողմից։ Ինչպես ընկերության տնօրեն Ազնիվ Գրիգորյանը ներկայացրեց, եկամուտը, որ գոյանում է իրենց մոտ, ամբողջովին ծախսվում է անտառտնկման ծրագրեր կյանքի կոչելու համար․ «Մենք մեր գործունեությամբ ավելի շատ նպաստում ենք բնության պահպանությանը՝ վայրի ծառերի աճեցում, տնկում, կենդանիների պահպանություն, խնամք, ունենք թռչնադիտումներ, հայքինք, ձիարշավներ, հեծանվային տուրեր և այլն»։
Հայաստանի տուրիստական որոշ խոշոր ընկերություններ, որ մշտապես միացել են բեռլինյան այս ցուցահանդեսին, նշեցին, որ քովիդ համավարակի պատճառով մի քանի տարի ընդհատել էին մասնակցությունը․ «Տուրիզմը հենց առաջին ամենատուժած ոլորտն էր ու երկար ժամանակ պահանջվեց նորից հունի մեջ ընկնելու համար»։ «Մենք գերադասում ենք արևմուտքի հետ աշխատել։ Իսկ եվրոպական շուկայի համար Լոնդոնն ու Բեռլինը մեծ կենտրոններ են։ Այս առիթով կարևոր է այստեղ գալը»,– նշում է «Արմեն տուր» (Armentour) կազմակերպությունից Էլենն Մարգարյանը։ «Նուեվա վիստա» (Nueva Vista Armenia) ընկերությունը ևս համավարակից հետո ընդհատել էր իր մասնակցությունը։
«Նորից եկել ենք, որովհետև տարբեր երկրներից մեր գործընկերներին այստեղ կարողանում ենք հանդիպել, աշխատել, քննարկել աշխատանքային նրբությունները։ Դեմ առ դեմ հանդիպումն այլ է, արդյունքը՝ նույնպես»,– հավաստաիցնում է տիկին Աստղիկ Հակոբյանը։

Զրուցակիցներիցս շատերը, որ հնաբնակներ են զբոսաշրջության մեջ ու նաև ITB–ում նշեցին, որ այստեղ գալը և երկրի համար չընդհատվող գովազդը շատ կարևոր է ոլորտի զարգացման համար։ Նրանցից օրինակ Անի Ղարիբյանը («Արմինտուր», ARMINTOUR), Մարիաննա Քոսակյանը («Հյուր սերվիս», Hyur service), Էլինա Կիրակոսյանը(«Լևոն թրավլ», Levon travel), Նունե Քոչարյանը («Սաբերատուր Սևան») և Արևիկ Թադևոսյանը («Արմենիա թրավել») պատմեցին, որ արդեն տասնամյակներ մեծաթիվ երկրների հետ են աշխատում և փաստեցին, որ վերջին ժամանակներում զբոսաշրջությունը մեծապես տուժել է և, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է։ Իրավիճակը ներկայացնելով՝ նրանք խոսեցին նաև անհրաժեշտ անելիքների մասին, որպեսզի աճ ապահովեն․ «Երկրի գովազդը և զբոսաշրջությունը զարգացնելը նախևառաջ պետության գործառույթը պետք է լինի։ Հնագիտությունն ու պատմություն ուսումնասիրողներն ու գնահատողները մեզ պիտի ճանաչեն՝ այցելելով Հայաստան»,– շեշտեցին զրուցակիցներս։
Հայկական տաղավարում հանդիպեցինք նաև երկարամյա փորձառությամբ այս ոլորտում գործող «Արմենիա հոլիդեյս» (Armenia holidays), «Կովկաս հոլիդեյս» (Caucasus holidays), «Գեոգրաֆիկ թրավել կլուբ» (Geographic travel club) և «Թրավել Արմենիա» (Travel Armenia) ընկերությունների ներկայացուցչություններին։
Գայանե Առաքելյան
Բեռլին
