
Հարավային Կովկասը (ՀԿ) խաչաձև ազդեցությունների տարածք է, որտեղ հատվում են համաշխարհային և տարածաշրջանային, հին ու նոր տերությունների շահերը։ ՀԿ-ի վրա ավանդաբար զգալի ազդեցություն են ունեցել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց Խորհրդային Միության փլուզումից հետո ավելացել են ոչ տարածաշրջանային դերակատարներ Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) և Եվրամիությունը (ԵՄ): Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մինչև վերջերս Պեկինի շահերը ՀԿ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պես համաշխարհային դերակատարների համեմատությամբ դժվարությամբ կարելի էր ռազմավարական համարել։ Պեկինի ավանդական ազդեցության գոտուց հեռու, ոչ-սահմանակից և արտաքին քաղաքական առաջնահերթություն չհանդիսացող տարածաշրջանում Չինաստանի սահմանափակ շահերը պայմանավորված էին բացառապես հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելու արտաքին քաղաքական նպատակներով։
Այնուամենայնիվ, 2010-ականներից ի վեր միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներն ընդգծեցին ՀԿ-ի աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական արդիականությունն ու կարևորությունը Կասպից ծովի նավթի և գազի պաշարների, Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անվտանգության գոտիների, առևտրային խաչմերուկների և տրանսպորտային միջանցքների վերահսկման առումով: Ելնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններից, հատկապես նրա փոխկապակցման և տարանցման հնարավորություններից, Պեկինը սկսեց դանդաղ, բայց հաստատապես ամրապնդել իր քաղաքական ազդեցությունը և տնտեսական աճող դերակատարությունը Հարավային Կովկասում:
Մերձավոր Արևելքին հարող ՀԿ-ը Պեկինի համար կարեվորվում է նաև պանթուրքիստական գաղափարախոսության ու իսլամական ֆունդամենտալիզմի հետ առնչվող սպառնալիքներին դիմակայելու և հակազդելու առումով՝ կապված տարածաշրջանում ապրող մուսուլմանների շրջանում Սինցզյանի անջատողական գաղափարախոսության կողմնակիցների առկայության հետ։
ՀԿ-ի երկրների հետ հարաբերությունների մերձեցմանը նպաստեցին նաև պատմական կնճիռների բացակայությունը, տարածաշրջանային կայունության պահպանման Պեկինի ջատագովությունը, քաղաքական հակամարտություններին ու խնդիրներին, ինչպես նաև մարդու իրավունքներին, եվրասիական ինտեգրման հարցերին չմիջամտելու սկզբունքի հետամուտ լինելը, առանց քաղաքական նախապայմանների առեւտրաներդրումային գործունեության ծավալումը և այլն։ Գործնականում Պեկինը, ի տարբերություն Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), չի ձգտել ՀԿ-ի երկրներին ինտեգրել ռազմաքաղաքական կամ տնտեսական նախագծերի մեջ, կամ, ի տարբերություն Եվրոպական Արևելյան գործընկերության, չի փորձել ներգրավել նրանց ժողովրդավարական գործընթացներում։ Չինական ներկայության ընդլայնմանը եվ աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի առաջխաղացմանը ՀԿ-ում նպաստել է նաև չինական կրթական և մշակութային ծրագրերի միջոցով «փափուկ ուժի» գործիքակազմի կիրառումը:
Չինաստանի ներկայությունը ՀԿ-ում ավելի շոշափելի դարձավ, երբ այստեղ ավանդաբար ակտիվ խաղացողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուշադրությունը շեղվեց դեպի ուկրաինական ճգնաժամը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ISIS), Իրանի միջուկային հիմնահարցը, և երբ ՀԿ-ի երկրները սկսեցին տնտեսական նոր գործընկերներ փնտրել տարածաշրջանում ռուսական հզորության համեմատական անկման եվ Իրանի ու Թուրքիայի ավելի նշանակալի դեր ստանձնելու անկարողության ֆոնին։ ՀԿ-ի երկրների համար Չինաստանը Ռուսաստանին եվ Արևմուտքին հակակշռող այլընտրանքային ուժ ընկալվեց։
Տարածաշրջանում չինական շահերի հզոր խթան դարձավ 2013թ. Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հայտարարած «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, որը ներառում է չորս ցամաքային և երկու ծովային միջանցք՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին (ՄՃՏԳ) և 21-րդ դարի Ծովային մետաքսի ճանապարհը (ԾՄՃ): ՄՃՏԳ-ի երեք միջանցքից միջինը (Չինաստան – Կենտրոնական և Արևմտյան Ասիա – Պարսից ծոց և Միջերկրական ծով) նախատեսվում է անցնել ՀԿ-ի տարածքով։
ՀԿ-ի երկրներն ակտիվորեն աջակցում են “Գոտի և ճանապարհ” նախաձեռնությանը, քանի որ այն համապատասխանում է տարածաշրջանը որպես Եվրոպան Ասիային կապող միջանցք ծառայեցնելու նպատակով իրենց արտաքին քաղաքական տեսլականներին: Ի լրումն “Գոտի և ճանապարհ” նախաձեռնությամբ նախատեսվող տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների արդիականացմանը, ՀԿ-ի երկրներն ակնկալում են Չինաստանի աջակցությունն արտահանման նոր շուկաներ, ինչպես նաեվ ներդրումների ու ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրներ ձեռք բերելու ուղղությամբ: Չինաստանն արդեն դարձել է այս երկրների հիմնական առևտրային գործընկերներից մեկը. Ադրբեջանի` 4-րդ, Վրաստանի` 3-րդ և Հայաստանի` 3-րդ առևտրային գործընկերը 2015թ. դրությամբ:
2017թ. “Գոտի և ճանապարհ” նախաձեռնության շրջանակներում Պեկինը և Թբիլիսին, չնայած ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու Վրաստանի հայտարարած ուղեգծին, ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր, որն իր ձևաչափով առաջինն էր ողջ հետխորհրդային տարածքում։ “Գոտի և ճանապարհ”-ի շրջանակներում Պեկինի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Կասպից ծովի ափից դեպի Սև ծովի ափ ձգվող Բաքու-Ախալքալաք-Թբիլիսի-Կարս երկաթուղին` որպես Ասիայից դեպի Եվրոպա պատուհաններից մեկը։ Չնայած տարածաշրջանային բազմաթիվ լոգիստիկ և էներգետիկ նախագծերին մասնակցելու առումով Հայաստանի դիրքերի խոցելիությանը (կապված չորս հարևան երկրից միայն երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ բաց սահման ունենալու հանգամանքով), Պեկինը հայկական ուղղությունը ևս կապող օղակ է դիտարկում ԵԱՏՄ և Թեհրանի միջև:
2015թ. Չինաստանը Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրեց ՄՃՏԳ-ն վերջիններիս մասնակցության վերաբերյալ փաստաթղթեր (արձանագրություն, հռչակագիր, հուշագիր)։ 2015թ. ապրիլին Վրաստանն ու Ադրբեջանը դարձան Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (ԱԵՆԲ) հիմնադիր-անդամներ։ 2017թ. մարտին ԱԵՆԲ-ը հաստատեց ֆինանսական հաստատությանն անդամակցելու Հայաստանի հայտը։
2019թ. մայիսին Չինաստանի արտգործնախարար Վան Իի պատմական այցն ՀԿ-ի երեք հանրապետություն և ՄԳՄՃ-ի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը վկայեցին այն մասին, որ ՀԿ-ը կարող է մաս կազմել մայրցամաքային մասշտաբների հասնող չինական աշխարհաքաղաքական մեգանախագծին։
Հարկ է նկատել, որ Պեկինի “Գոտի և ճանապարհ”-ին վերագրվում է Եվրասիան իր հովանու տակ վերակազմավորելու հավակնություններ՝ ամերիկյան ազդեցությանը դիմակայելու նպատակով: Սակայն Պեկինի շահերը բախվում են նաև Մոսկվայի հետ, որը հետխորհրդային տարածքները համարում է իր ազդեցության գոտի և որի ԵԱՏՄ-ը և Մեծ Եվրասիական գործընկերության ռազմավարությունը մրցակցում են “Գոտի և ճանապարհ”-ի հետ։ Նման հեռանկարից խուսափելու նպատակով 2015թ. Մոսկվան ու Պեկինը ստորագրեցին “Գոտի և ճանապարհ”-ի և ԵԱՏՄ-ի կոնվերգենցիայի վերաբերյալ համաձայնագիրը։ Կողմերի միջև ազդեցության ոլորտների չհայտարարված բաժանումն արտահայտվեց նաև երկու երկրների աշխարհաքաղաքական հաշվարկներում, ըստ որի Չինաստանը ՀԿ-ում Ռուսաստանի շահերին չխոչընդոտող ֆինանսատնտեսական ոլորտներում գործելու ազատություն ստանալու դիմաց վերջինիս պատրաստակամորեն զիջում է պաշտպանության ու անվտանգության ոլորտները: Այսպիսով, Պեկինի գործողությունները կարելի է գնահատել որպես «նախապատրաստական աշխատանք» կամ «դիվանագիտական հետախուզություն» ՀԿ-ում, որոնք կարող են ճիշտ ժամանակին ծառայել Չինաստանի շահերին գործունեության տարբեր ոլորտներում։
Աղավնի Ա Հարությունյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի
Միջազգային հարաբերությունների բաժին
պ.գ.թ., առաջատար գիտաշխատող
aghavni.harutyunyan1@gmail.com