Ջրահարսը դարձավ իմ հաղթանակների հավատարիմ ուղեկիցը. Ջուլիանա Գրիգորյան

  • 26.02.2025
  • 0
  • 228 Views

2025 թվականի փետրվարի 28-ին ժամը 19.30 Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա չեխ հանդիսատեսին արդեն քաջածանոթ հրաշալի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Այս անգամ նրա հետ ելույթ կունենա նաեւ հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը ( Jordi Bernàcer )։

Մանրամասները՝ Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում՝ այս անգամ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ – Orer

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագրի հարցազրույցը սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի հետ, որը տպարգվել է ամսագրում 2022 թվականին։

2022 թվականը ճակատագրական դարձավ երիտասարդ ու շնորհալի երգչուհի Ջուլիանա Գրիգորյանի համար։ Նախ 2022-ի հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում Ջուլիանան նվաճեց գլխավորª Գրան Պրի մրցանակը, որը անցած 30 տարիների ընթաքում տրվեց ընդամենը երրորդ անգամ։ Իսկ արդեն հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում  Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճեց ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։ Ի դեպ, 1993 թվականից գործող մրցույթում, Ջուլիանան առաջին հայն էր  Հայաստանից, որն արժանացավ Առաջին տեղի մրցանակին։

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ 2000-ին Առաջին մրցանակի է արժանացել միայն կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, որին տրվել է նաեւ ZARZUELA PRIZE PEPITA EMBIL DE DOMINGO մրցանակը։ Տարբեր տարիներին այս մրցույթում այլ մրցանակների են արժանացել մի քանի հայազգի երգիչներ՝ 2021-ին Հայաստանից սոպրանո Մանե Գալոյանն արժանցել է երեք մրցանակի։ Երկրորդ տեղի, ZARZUELA PRIZE PEPITA EMBIL DE DOMINGO մրցանակի եւ Ռոլեքսի Հանդիսատեսի մրցանակներին, Ռուսաստանից սոպրանո Քրիստինե Մխիթարյանը 2017-ին՝ Երկրորդ տեղի մրցանակին։ 2018-ին տենոր Միհրան Աղաջանյանը, որը ներկայացրել է Ռուսաստանը, նույնպես արժանացել է Երկրորդ մրցանակին։ 2000 թվականին Հայաստանից բարիտոն Առնոլդ Քոչարյանը գրավել է Երրորդ տեղը։ 2001 թվականին Վրաստանից Ելիզավետա Մարտիրոսյանն էլ արժանացել է Հանդիսատեսի մրցանակին։

Այս հաջողություններից հետո կարեւոր առաջարկներն իրենց սպասեցնել չտվեցին։ Ջուլիանային Միլանի Լա Սկալայում երգելու պայմանագիր առաջարկեցին, ինչպես նաեւ 2024 թվականին հրավիրեցին Մետրոպոլիտեն օպերա։ Մեր զրույցը այս կարճատեւ ընթացքում նրա գրանցած հաջողությունների ու ապագա ծրագրերի մասին է։

– Ջուլիանա, ո՞ր տարիքից եք սկսել երգել եւ ո՞վքեր են եղել երաժշտական դպրոցի կամ  կոնսերվատորիայի ուսուցիչները, որքանո՞վ են նրանց տված հմտություններն այսօր օգնում Ձեզ միջազգային բեմերում ելույթների ժամանակ։

-Երգել սկսել եմ վաղ հասակից՝ 6 տարեկանից, երբ մայրիկս որոշեց, որ ես ունեմ օպերային արտիստի լուրջ պոտենցիալ, եւ նա անմիջապես ձեռնամուխ եղավ ուսուցչի փնտրտուքին: 7-11 տարեկան հասակում առաջին ուսուցիչս մեցցո սոպրանո Անահիտ Գեւորգի Կիրակոսյանն էր։  Ջերմ հուշեր ունեմ նրա հետ կապված, չնայած, որ ինձ խստիվ արգելվեց բեմ ելնել, քանզի դպրոցում հաճախ էին կանչում տարբեր ցերեկույթների ու ելույթների։ Հիմա եմ հասկանում, որ դա լավագույն որոշումն էր ձայնս չսպառելու, չվնասելու, նաեւ բնավորությունս պահպանելու առումով։ Կարծում եմ, պատկերացնում եք, թե ինչի մասին է խոսքը։

Երկրորդ ուսուցիչս, 10-22 տարեկան հասակում, որը հետագայում նաեւ կոնսերվատորիայում դասավանդեց, ակադեմիական երգեցողության ամբիոնի նախկին դասախոս, ԵՊԿ դոցենտ Վիոլետտա Սահակյանն էր, ով օժտված լինելով Ուսուցչի բացառիկ տաղանդով, երկար տարիներ, իր մշակած սեփական մեթոդներով պահպանեց եւ կատարելագործեց ձայնս։

Այնպես ստացվեց, որ ինձ հրավիրեցին կոնսերվատորիային առընթեր երիտասարդական օպերային ծրագիր՝ YAOP, եւ ճակատագիրը արդեն երրորդ անգամ ինձ նվիրեց լավագույն Ուսուցչին՝ մաեստրո Լեւոն Ջավադյանին։ Նա իմ անցած երկար տարիների վոկալ մարաթոնը «մեկ զարկով» հասցրեց եզրափակչին։ Մի քանի հույժ կարեւոր մրցույթներում հաղթանակելով, ես դուրս եկա դեպի պրոֆեսիոնալ կարիերա տանող լայն ճանապարհ։ Շատ երկար կարող եմ խոսել ուսուցիչներիս մասին, սիրտս լցված է խորը շնորհակալությամբ… Նրանք շատ կարեւոր են ինձ համար։

-Ընդհանրապես օպերային արվեստում հանդիսականների համար երեւում են միայն բեմի փայլն ու հաջողությունները։ Իրականում ինչպիսի՞ն է այդ ճանապարհը՝ փորձասենյակից մինչեւ բեմ։

-Այդ ճանապարհն իմ դեպքում 17 տարվա  ուղի է, որը լի էր դժվարություններով, հիասթափություններով, սակայն քրտնաջան աշխատանքն ու նվիրումը գործին, ինչպես նաեւ ընտանիքս եւ ուսուցչիս անգնահատելի ջանքերով նպաստավոր պայմաններ ստեղծեցին, որպեսզի այսօր ես անեմ այն ամենը, ինչ որ  ծրագրավորել էինք տարիներ առաջ։

-Երբ գրեթե երկու տարի առաջ՝ 2021-ին առաջին անգամ լսեցի ձեր ելույթը չեխական Բռնոյում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ Հայ մշակույթի օրերի շրջանակներում, հասկացա, որ մեր օպերային աշխարհի ծագող աստղերից մեկն եք։ «Ռուսալկայի» մեներգի կատարումը կարծես հաջողությունների ճանապարհ բացեց Ձեզ համար։ Ինչպիսի՞ հիշողություններ ունեք այդ ելույթի հետ կապված, եւ որքանո՞վ է Ձեզ համար հոգեհարազատ Ջրահարսի կերպարը։

-Օ, շնորհակալություն։ Ես ուրախ եմ, որ Դուք այնտեղ էիք եւ ուրեմն վկան եք  նաեւ «Մորավյան աշուն» փառատոնին ներկա չեխ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Ելույթս նրանց կողմից հոտնկայս ծափահարությունների արժանացավ։ Ինչ խոսք, հուզիչ էր։

Դվորժակի «Ջրահարսի» արիան անիրական գեղեցիկ է, այն ինձ բերեց բացարձակ հաղթանակ 2022 թվականին Լատվիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ակադեմիական վոկալի միջազգային ամենակարեւոր մրցույթում՝ մաեստրո Պլասիդո Դոմինգոյի Օպերալիայում։ Դե, պատկերացրեք, թե որքան գերադասելի է այն ինձ համար։

-Վերջին տարիները նշանավորվեցին բազմաթիվ հաջողություններով օպերային արվեստի միջազգային հեղինակավոր մրցույթներում, ինչն ակնհայտորեն օգնեց հաստատվելու եվրոպական լավագույն օպերաներից մեկում՝ Միլանի Լա Սկալայում։ Այս առիթով երկու հարց ունեմ։ Նախ ինչպիսի՞ն էր վերջին մրցույթի ընթացքը, ի՞նչ բարդություններ կային, եւ ի՞նչ տպավորություններ ստացաք աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի ղեկավարությամբ ելույթից։

-Եթե լինենք ավելի ստույգ ապա՝ 2022 թվականը։ Հաղթարշավս սկսվեց հունիսին Վարշավայից՝ Ստանիսլավ Մոնյուժկոյի անվան միջազգային վոկալ մրցույթի Գրան Պրի ամենաբարձր մրցանակով, որն, ի դեպ, այդ մրցույթի 30 տարվա պատմության ընթացքում մինչ ինձ ընդամենը երկու անգամ էր շնորհվել եւ այս մրցույթի գլխավոր մրցանակն է համարվում, եւ այն շատ եմ կարեւորում։

Վարշավայում նաեւ արժանացա Սեմբրիչի ոչ պակաս կարեւոր մրցանակին՝ որպես ամենաերիտասարդ տաղանդավոր վոկալիստ (23տ)։ Դա նույնպես հազվագյուտ մրցանակ է, որն առհասարակ ստանալու համար հարկավոր է շտապել եւ կատարելագործվել մասնագիտության մեջ մինչեւ որոշակի տարիք։ Այնտեղ նաեւ արժանացա Կատովիցեի գեղեցիկ մրցանակին։ Ստացա մի շարք հետաքրքիր առաջարկներ։

Ինչ խոսք, խենթանալու չափ ուրախալի ու անհավատալի էր Միլանի Լա Սկալա հանրահայտ թատրոնից հրավեր ստանալը Օպերալիայի մրցույթի անմիջապես երկրորդ փուլից հետո։ Հիմա այստեղ եմ՝ Միլանում, եւ այդ ամենը արդեն շոշափելի է, իրական եւ այնքան գեղեցիկ։

Առհասարակ «Օպերալիան» ավելի հուզումնառատ անցավ ինձ համար, քանի որ բացի մրցույթին պատրաստվելը նաեւ շատ հուզիչ էր մաեստրո Պլասիդո Դոմինգո Լեգենդի հետ հանդիպումը, իրական շփումը, նրա կողմից խորհուրդներ լսելը եւ գիտակցելը, նաեւ որ բախտ վիճակվեց Լեգենդի կողքին կանգնել։ Այնքան գեղեցիկ անակնկալներով էր հարուստ այդ մրցույթը։ Նշեմ, որ եզրափակչին ինձ համար շատ հուզիչ, բացառիկ նվեր էր նաեւ այն, որ Մաեստրո Դոմինգոն իմ երկու ելույթների ժամանակ իբրեւ դիրիժոր ղեկավարեց նվագախումբը։ Ես կատարյալ երջանիկ էի ինձ զգում։

Մրցույթն ուղղակի փայլուն էր կազմակերպված՝ գլխավոր հովանավոր Rolex-ն անվերջ «փոքրիկ» անակնկալ նվերներ էր մատուցում մեզ՝  ֆինալիստներիս։

Ի դեպ, ինչպես գիտեք, Rolex-ի Prize of the Audience  գլխավոր մրցանակը նույնպես ինձ հասավ։

Հետին հայացք ձգելով դեպի մրցութային օրերը, հասկանում եմ, որ շատ հուզիչ է նույնիսկ այժմ, երբ արդեն  առանձին համերգով հանդես եմ եկել Մաեստրո Դոմինգոի հետ…  Տարերք է, Մաեստրոն անսահման բարի է, ազնվաբարո, պատկառելի, առաքինի։ Նա յուրաքանչյուրիս հանդեպ այնքան հոգատար էր եւ համբերատար։ Կարող եմ անվերջ խոսել այդ մասին։ Օպերալիան անիրական էր… Շնորհակալ եմ Աստծուն։

-Դոմինգոն ինչ որ հատուկ գնահատական տվե՞ց Ձեզ, կամ որեւէ խորհուրդ։

-Այո,իհարկե։ Տված գնահատականը հաղթանակս է, իսկ բազում շատ կարեւոր խորհուրդները միայն իմն են՝ դա գաղտնիք է։

– Մեր օպերային երգիչներին հաճախ եմ հարցնում, թե մրցույթներն ի՞նչ նշանակություն ունեն իրենց առաջխաղացման մեջ, բայց ձեր պարագայում առավել քան ակնհայտ է այդ ազդեցությունը, ուստի այդ հարցս այլ կերպ կձեւակերպեմ՝ շարունակելո՞ւ եք արդյոք մասնակցել նման մրցույթների, եւ ո՞րն է դրանցից ստացած ամենամեծ փորձառությունը։

-Քանի որ, ես արդեն իսկ հաղթանակել եմ  ակադեմիական վոկալ երգեցողության ասպարեզի  ամենագլխավոր  մրցույթում՝ Placido Domingo Operalia-ում,  ապա այդ հզոր հաղթանակից հետո  մասնակցել մեկ այլ մրցույթի, ընդամենը զարմանալի եւ անհեթեթ կլիներ։ Ի հարգանք Մաեստրոյի եւ Օպերալիայի, ես մերժել եմ որոշ հայտնի մրցույթների կազմակերպիչների թախանձագին հրավերները, չնայած որ մրցույթները խիստ շահավետ են եւ ավելի թեթեւ՝ ընդամենը 5-7 օր, քան մեկ-երկու ամիս որեւէ ներկայացման պատրաստվելը։

Նաեւ պետք է նշեմ, որ իմ ժամանակն առանց այն էլ սուղ է, քանի որ  ընդհուպ մինչեւ 2027 թվականն արդեն  ազատ ժամանակ չունեմ։

Մրցույթներից ստացած ամենամեծ փորձառություններից ցանկանում եմ նշել Մոնյուժկոյի մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերը, որոնք ես երգել եմ վոկալիստի համար «հատուկ» ժամի՝ առավոտյան ժամը 10:05 եւ հաջորդ փուլը կրկին առավոտյան՝ 10:30։

Դա աննկարագրելի էր, նախ հարկավոր էր ձայնն արթնացնել, հետո չհուզվել, երբ հասկանում ես, որ առաջին կատարողներից մեկն ես… Դաժան էր… բայց ստացվեց, եւ ես 2022 թվականին հայրենիք բերեցի երեք կարեւորագույն հաղթանակ, որոնք երբեւէ Հայաստան չէին մտել՝ առաջինը, ինչպես արդեն նշեցի,  դա համաշխարհային համբավ վայելող Ստանիսլավ Մոնյուժկոի անվան վոկալ մրցույթի գլխավոր մրցանակ Գրան Պրին էր։  Իհարկե,  ամենակարեւոր հաղթանակս՝  օպերային աշխարհի մունդիալը՝ մաեստրո Պլասիդո Դոմինգոյի Օպերալիան է, որի  «Առաջին տեղ» մրցանակը նույնպես երբեւէ Հայաստան չէր մտել։

Նշեմ, որ այդ ամենից առաջ նաեւ հաղթանակ էի տարել միջազգային ամեմամեծ առցանց՝ Ֆիորենցա Չեդոլինսի վոկալ մրցույթում, որտեղ նույնպես գլխավոր մրցանակը գրաված առաջին հայն էի։

-Արդեն իսկ ելույթներ եք ունեցել եվրոպական տարբեր օպերային բեմերում։ Որքանո՞վ է կուլիսային աշխատանքը տարբերվում հայաստանյան օպերայի փորձառությունից։ Արդյո՞ք դյուրին էր ինտեգրումը նոր պայմաններում, լեզվական խոչընդոտներ  կա՞յին, թե՞ ոչ։

-Լեզվական խոչընդոտներ չկան, քանի որ տիրապետում եմ օտար լեզուների, որոնք ինձ շատ օգնեցին արագ ինտեգրմանը նոր միջավայրում։ Իսկ կուլիսային աշխատանքը Երեւանի մայր թատրոնից գրեթե չի տարբերվում՝ աշխատանքային պրոցեսը նույնքան պատասխանատու եւ արդյունավետ է։ Տարբերությունը, կարծում եմ, միայն դրսի թատրոնների ֆինանսական լուրջ հնարավորություններն են, որն, իհարկե, ազդում է վերջնական արդյունքի վրա։

-2023 թվականին սպասվում է նաեւ Ձեր առաջին ելույթը Պրահայում՝  առանձին համերգային ծրագրով չեխ տենոր Պետր Նեկորանեցի հետ։ Ի՞նչ սպասումներով եք մոտենում այդ համերգին, քանի որ կրկին չեխերենով պետք է երգեք նաեւ Դվորժակի «Ռուսալկան»։

-Այդ ելույթի առաջարկը ստացա Տիկին Կուներտովայից Վարշավայի մրցույթից անմիջապես հետո։ Նա առաջինն էր մրցույթից հետո ստացված հրավերների երկար շարքում, դրա համար համաձայնեցի։

-Ընդհանրապես սիրելի դերեր ունե՞ք, որոնք  ցանկանում եք երգել, եւ ընտրության հարցում ի՞նչ դեր ունի լեզուն։

-Փառք Աստծո, որեւէ դերերգի հետ կապված ես լեզվական խնդիրներ կարելի է ասել չունեմ եւ ըստ այդմ նախընտրածս կերպարները շատ տարբեր լեզուներով են երգում։ Առհասարակ, ես սիրում եմ գրեթե բոլոր դերերգերը։ Իհարկե, Պուչինին որպես կոմպոզիտոր ինձ այս պահին առավել շատ է  հուզում։ Չգիտեմ ինչ կերգեմ 5 տարի անց։ Սակայն այսօր իմ սիրտը լիովին նրան է պատկանում՝ Միմին, Լիուն, Լաուրետան…

-Վերջերս հայտնի դարձավ, որ հաջորդ տարի մարտին պետք է երգեք Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Տուրանդոտում։ Արդեն երբեւէ կատարել եք Լիուի դերերգը եւ ի՞նչ սպասելիքներ ունեք այդ ելույթից, ինչպե՞ս անցաք ընտրական փուլը։

-Լիուն կատարեցի անմիջապես Օպերալիայից հետո՝ Ամստերդամի օպերային թատրոնում։ Այդ ընթացքում, ի դեպ, երկու անգամ մեկնել եմ Իտալիա մեծանուն Մաեստրո Ռիկարդո Մուտիի հրավերով՝ Վերդիի «Ռեքվիեմը» կատարելու համար։

Ի դեպ, մինչ Լա Սկալան, կրկին հրավեր ստացա Մուտիներից՝ այս անգամ 2023 ի մարտին Քրիստինա Մուտին ինձ հրավիրեց Պուչինիի «Բոհեմ»-ում Միմիի դերերգով հանդես գալու։ Ի դեպ ներկայացումներից մեկը հեռարձակվեց նաեւ առցանց՝ Operastreaming-ի յութուբյան ալիքով։ Շշմեցուցիչ ջերմ արձագանքեց իտալացի հանդիսատեսը, նաեւ պարբերականներն անդադար այդ մասին էին գրում։ Դա շատ մեծ փորձառություն էր ինձ համար։

Սպասելիքնե՞րս, դրանք արդեն իսկ իրականություն են՝ երբեւէ երազածս ամենակարեւոր իրադարձություններից մեկն էլ Օպերալիայից եւ Մաեստրո Դոմինգոյի հետ երգելուց հետո, դարձավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից հրավերը, որը ստացա Վարշավայի Ստանիսլավ Մոնյուժկոյի մրցույթից հետո։

Այնքան հուզիչ եւ գեղեցիկ նամակ հրավեր է դա, որ մայրս վերցրել է շրջանակի մեջ, որպես իմ ամենակարեւոր ձեռքբերում։

Այնպես որ, ես Նյու Յորք չեմ մեկնել որպես ընտրական փուլի շարքային մասնակից, այլ եղել է հրավեր, ծանոթանալու եւ հետագայում երգելու պայմանով։

-Լինելով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար, ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում Ձեզ համար, դեռեւս կմնա՞ք Եվրոպայում, թե՞ կվերադառնաք Երեւան։

– Սրտի տրոփյունով եմ միշտ սպասում հայրենիք վերադարձիս։ Շատ եմ կարոտում մեր Օպերային թատրոնը։ Վերջին անգամ այնտեղ հանդես եմ եկել Մոնյուժկոյի մրցույթից հետո անցած ամռանը՝ համաշխարհային մեծ համբավ վայելող մեր մեծանուն բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ՝ Ռախմանինովի «Ալեկո»-ում մարմնավորեցի Զեմֆիրայի կերպարը։ Երջանիկ եմ, որ դեբյուտս կայացել է հայրենիքում։ Այդ զգացմունքները միշտ կմնան իմ սրտում։

Մեր երիտասարդական ծրագրի հետ կապված մտահոգություններիս մասին ես արդեն շատ եմ խոսել, որը մեր  թատրոնի մի փոքրիկ լսարանում ծվարած, առանց լուրջ ֆինանսավորման եւ պետական աջակցության, համեստորեն շարունակում է կատարել ազգանվեր աշխատանք՝ հանձինս ծրագրի ղեկավար Մաեստրո Լեւոն Ջավադյանի, ով միջազգային բեմերը հարստացնում է հայկական ձայներով եւ հայկական անուններով՝  ավելի հաճախ լսելի դարձնելով մեր հայրենիքի անունը։ Մենք՝ YAOP-ցիներս գրավում ենք լուրջ բեմեր աշխարհի տարբեր թատրոններում։ Կարծում եմ ծրագիրը արժանի է լավագույն պետական աջակցության։ Վերջիվերջո, միայն սպորտի շնորհիվ  չէ, որ կարելի է ծածանել եռագույնը։

– Օպերային արվեստի գաղտնիքը ո՞րն է, ի՞նչն է գրավում Ձեզ։ Քանի որ մի առիթով ասել եք, որ այն բարդ է ու առեղծվածային, բայց փակագծերը չեք բացել։

-Երբ  բացահայտեմ այն՝ կասեմ։ Իսկ մինչ այդ ցանկանում եմ իմ հետագա աշխատանքով սեր ու բարություն սերմանել՝ քարացած ու սառը սրտերը ջերմացնելով, չարությունն ու նախանձը չեղարկել՝ հանուն իմ սիրելի օպերային արվեստի, հանուն մարդկության, հանուն հայ մարդու։ Դա է պատճառը նաեւ, որ օտար բեմերում,  յուրաքանչյուր համերգիս ավարտին ես Կոմիտաս եմ երգում, որ ապրենք, հարատեւենք…

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ 9-12, 2022 թվական, Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում